27.08.2017
Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, ԵՏՄ Մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը.
- ապրանքների հայտարարագիր.
- տարանցման հայտարարագիր.
- ուղևորային հայտարարագիր.
- տրանսպորտային միջոցների հայտարարագիր:
Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է ԵՏՄ հանձնաժողովը:
- Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են ԵՏՄ Մաքսային օրենսգրքով:
- Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրում նշվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է ԵՏՄ հանձնաժողովը։
- Մաքսային հայտարարագրերում նշվող տեղեկությունների ցանկերը սահմանափակվում են միայն մաքսային վճարների հաշվարկման և գանձման, մաքսային վիճակագրության ձևավորման և ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների ապահովման համար անհրաժեշտ տեղեկություններով։
- Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ ԵՏՄ հանձնաժողովի որոշմանը համապատասխան։
- Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով։
- Մաքսային հայտարարագրի՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում է ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ։
- Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին գրավոր ձևով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային օրինակը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԵՏՄ հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:
- Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում են ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ։
Իրազեկման աղբյուրը՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ Օրենք 158-րդ հոդված