Ստուգել հայտի կարգավիճակը

Ե՞րբ են դադարում հարկային պարտավորությունները

19.03.2017

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկային պարտավորությունը դադարում է`

1) երբ այն կատարվում է.

2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.

3) երբ կազմակերպության կամ ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և բացակայում է որևէ անձ, որը, Օրենսգրքի համաձայն, պատասխանատվություն է կրում հարկային պարտավորության կատարման համար.

4) երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չի գանձվում.

5) երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերի.

6) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

Նշված հոդվածի կիրառության իմաստով` չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի, եթե`

1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի` գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի` գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին սնանկ ճանաչելու հիմքերը.

3) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվում են ժառանգությունից.

4) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը ստանում է պետական գրանցում, կամ անհատ ձեռնարկատերը հանվում է պետական հաշվառումից, կամ նոտարն ազատվում է պաշտոնից:

Անհուսալի հարկային պարտավորությունների մասով հարկային մարմինը վարում է առանձնացված հաշվառում:

Օրենքով սահմանված հիմքով դադարած անհուսալի հարկային պարտավորությունները հանվում են հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ այլ հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:

 

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Վերադառնալ ցանկ