19.08.2017
- Մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողությունն իրականացվում է Մաքսային Միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան:
- Մաքսային հսկողության օբյեկտները և դրա իրականացման վայրը սահմանված են Մաքսային Միության մաքսային օրենսգրքով։
- ՀՀ մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության գործակալներ և, ՀՀ արժութային օրենսդրությանը համապատասխան, արժութային հսկողություն են իրականացնում անձանց կողմից ՀՀ սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:
- Արժութային հսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են ՀՀ կենտրոնական բանկի սահմանած կարգով:
- Մաքսային մարմինների կողմից արժութային հսկողության արդյունքում բացահայտված՝ ՀՀ արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:
- Մաքսային հսկողության իրականացման ժամանակ մաքսային մարմինները կիրառում են ընտրողականության սկզբունքը և սահմանափակվում են ՀՀ և Միության մաքսային օրենսդրության դրույթների պահպանման համար բավարար մաքսային հսկողության ձևերով: Մաքսային հսկողության ձևերի և մեթոդների ընտրության ժամանակ մաքսային մարմինները կիրառում են մաքսային հսկողության տեխնիկական միջոցները և նախնական տեղեկատվության վերլուծությունը՝ մաքսային հսկողություն իրականացնելիս հայտարարատուներին, փոխադրողներին և այլ անձանց՝ ապրանքների պահպանման, տրանսպորտային միջոցների պարապուրդի, ապրանքների բաց թողնման ժամկետի երկարաձգման պատճառով վնաս չպատճառելու համար, եթե մաքսային գործի բնագավառում լուրջ խախտումներ արտահայտող նշանների և նշված խախտումների բացահայտման և կանխարգելման առումով սպառիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտություն չի ծագել:
- Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները համագործակցում են հսկողություն իրականացնող այլ պետական մարմինների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
- Մաքսային Միության մաքսային օրենսգրքի և սույն օրենքի համաձայն՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության առանձին ձևերի իրականացման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների, ակտերի և ընթացակարգային այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է վերադաս մաքսային մարմինը` Մաքսային Միության մաքսային օրենսդրությամբ դրանք սահմանված չլինելու դեպքում:
Մաքսային հսկողության իրականցումը կարգավորվում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 120-րդ հոդվածով: