Ստուգել հայտի կարգավիճակը

«ԲիզՊաշտպան»․ տեղի ունեցավ բիզնեսի միջավայրի բարեփոխմանն ուղղված հարթակի շնորհանդեսը

15.11.2017

Խոչընդոտու՞մ են բիզնեսի զարգացմանը, ապա ահազանգեք «ԲիզՊաշտպան» (bizprotect.am) հարթակի միջոցով` նաև անանուն: Տեղեկություն հայտնողի ինքնությունը գաղտնի կմնա, իսկ հայտնած տեղեկության իսկությունը կստուգվի և սեղմ ժամանակում պատասխան կտվի դրան։ Գաղտնիության առավել պաշտպանություն ստանալու նպատակով հայտերը ներկայացվում են TOR ինտերնետային բրաուզերի միջոցով, որը քողարկում է հայտատուի IP հասցեն և կոդավորում է տվյալները:

Այսօր տեղի ունեցավ «ԲիզՊաշտպան» էլեկտրոնային հարթակի շնորհանդեսը։ Գործարար միջավայրի բարեփոխման, կոռուպցիոն ռիսկերի և հանցագործությունների բացահայտմանն ուղղված այս կայքը ստեղծվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի «Մասնավոր հատվածի զարգացման և առևտրի» ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովն իր ողջույնի խոսքում մեծապես կարևորեց մասնավոր հատվածի կողմից հանրային քննարկումներին մասնակցությունը, որի նպատակը բիզնեսի ոլորտի բարելավումն է։ Եվ այս առումով ԵՄ-ն իր աջակցություն է ցուցաբերում այդ կազմակերպություններին։

Բիզնեսի ներկայացուցիչների համախմբվածությունը կարևորեց «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Մարիա Նահերը, և իր խոսքում նշեց, որ bizprotect.am կայքը լավ հնարավորություն է այդ սուբյեկտներին միավորելու համար։

bizprotect.am-ը հնարավորություն է տալիս պետական մարմիններին իրենց գործունեության արդյունքների վերաբերյալ ազդակներ ստանալ բիզնեսի ներկայացուցիչներից, և այդ ազդակները կարևոր են իրենց աշխատանքը բարելավելու համար․ այս մասին ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ դեռևս նախորդ տարի քաղհասարակության կազմակերպությունների և կառավարության համատեղ աշխատանքների արդյունքում հակակոռուպցիոն լուրջ բարեփոխումների շրջանակում ներդրվեց նաև ազդարարաների ինստիտուտը։

«bizprotect.am-ը լավ գործիք է, բայց այն միայն գործիք է, որը արդյունավետ կլինի, եթե բիզնեսի ներկայացուցիչները օգտվեն դրանից»,- ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։

Ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներն ու արդյունքները ներկայացվեցին Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանի կողմից։

Կայքի շնորհանդեսին իր ողջույնի խոսքն ասաց նաև «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ՓՄՁ շրջանակի զարգացման և բիզնես ասոցիացիաների գծով խորհրդատու Մարիամ Բաբայանը և ներկաների ուշադրությանը ներկայացրեց «ԲիզՊաշտպան» էլեկտրոնային հարթակին նվիրված ֆիլմը։

Միջոցառման երկրորդ մասում պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից հարցեր հնչեցին կայքի գործառույթների վերաբերյալ, քննարկվեցին առնչվող մի շարք հարցեր։

«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

 

Վերադառնալ ցանկ