Ստուգել հայտի կարգավիճակը

Կառավարությունը հավանություն տվեց ԻՀԱ-ի առաջարկներին՝ պետգնումների կազմակերպման գործընթացում փոփոխության վերաբերյալ

08.02.2018

Փետրվարի 8-ին կառավարության նիստին գործադիր մարմնի անդամները հավանություն տվեցին որոշման նախագծին, որը վերաբերում էր կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը։ 

Որոշման նախագիծը ներկայացվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից։ Այս որոշմամբ կարգավորվումներ են տրվում պետական գնումների ոլորտի բարձրաձայնված հարցերի։

Հարկ է ընդգծել, որ առաջարկվող երեք խումբ բարեփոխումներից երկուսը բարձրաձայնվել են Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ի դեմս Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի և Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ «առանց փողկապի» ձևաչափով իրականացվող հանդիպումների ընթացքում, որոնք կազմակերպվել էին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ իրականացվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում։

Դրանցից մեկն այն է, որ պետգնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած այն խնդիրը, երբ մինչև 70 միլիոն դրամ գնումներ իրականացնելու դեպքում պահանջվում էր միակողմանի տուժանքի ձևով հայտի ապահովում։ «Այս հարցը նաև բխում է Ձեր հանձնարարականից։ Նախորդ տարի, երբ ներդրեցինք գնումների նոր համակարգ, եղավ հանձնարարություն, որ համակարգը մշտապես պահենք մեր դիտակետում, որպեսզի ընթացքում որևէ խնդիրներ առաջանալու պարագայում արագ լուծումներ տանք, ընդ որում՝ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ։ Պետք է զեկուցեմ, որ մենք շատ ակտիվ աշխատում ենք «Իրավաբանների հայկական ասոցիացա» ՀԿ-ի և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ՀԿ-ի հետ։ Եվ այն կարգավորումները, որոնք նախագծում տրված են, նաև իրենց կողմից բարձրացված խնդիրներին է վերաբերում»,-ասաց նախարարը։

Վարդան Արամյանը նշել է, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մինչև 70 միլիոն դրամ գնումներ իրականացնելու դեպքում պահանջվում էր միակողմանի տուժանքի ձևով հայտի ապահովում, ինչը  ձևական բնույթ է կրում և ոչ էական թերությունների պատճառով մերժվում են մասնակիցների հայտերը, ինչի հետևանքով նվազում է պետական գնումների մասնակցության մակարդակը։

«Նաև ՀԿ-ներն են դա փաստում, որ եթե որևէ մասնակից պատշաճ ձևով չի մասնակցում գնումներին և մենք անմիջապես սև ցուցակ ենք գցում նրան, տուժանքի այս ձևն իր նպատակին չի ծառայում, դրա համար մենք սա հանում ենք»,-ներկայացրեց Արամյանը։

ԻՀԱ-ի կողմից բարձրաձայնված մյուս խնդիրը վերաբերում է գնումների գնահատող հանձնաժողովների գործունեությանը։ Խնդիրը կայանում էր նրանում, որ գնումների գնահատող հանձնաժողովները ողջամիտ ժամկետներում չեն իրականացնում հայտերի գնահատումը, այլ առանց հիմնավոր պատճառների ձգձգում են։ Գնումների գնահատման կարգը սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով և ՀՀ կառավարության մայիսի 4-ի N 526-Ն որոշման 6-րդ բաժնով, որոնցով, սակայն, որևէ ժամկետներ նախատեսված չեն գնումների գնահատման գործընթացը կարգավորելու համար։ Վերոնշյալը հնարավորություն է ընձեռնում չարաշահել իրենց լիազորությունները և իրենց պարտականությունները ժամանակին անհարկի չիրականացնել, ուստի առաջարկվել է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում և սահմանել ողջամիտ ժամկետներ գնումների գնահատող հանձնաժողովի կողմից գնումների գնահատման համար։

Վերոնշյալ առաջարկները ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ զետեղված «Բարենպաստ բիզնես միջավայր․մարտահրավերներ և առաջարկություններ» զեկույցում, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ․https://www.bizprotect.am/am/news/show/128:

 

Վերադառնալ ցանկ