Նոյեմբերի 19-ին կայացել է «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողովը, որին մասնակցել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը: Համաժողովն անց է կացվել Արդարադատության նախարարության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից: Համաժողովի նպատակն է վեր հանել մասնավոր ոլորտին խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերը և մշակել դրանց չեզոքացման պարզ, ինովացիոն և ժամանակակից մեթոդներ:
Համաժողովի ընթացքում Կորպորատիվ կառավարման կենտրոնի նախագահ Նարինե Մելիքյանը հանդես եկավ «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով զեկույցով։
Համաժողովի ընթացքում հնչեցված խնդիրներն ու առաջարկները վերաբերում էին հարկային, մաքսային ոլորտներին, լիցենզիաների, թույլտվությունների խստացման վերաբերյալ կարգավորումներին, գնումների համակարգին և այլն: Ստացված առաջարկները հիմնականում նախատեսում են էլեկտրոնային կայքերի, պլատֆորմների, չատբոտերի և նմանատիպ մեխանիզմների ստեղծում, որոնք առավել արագ և մատչելի կդարձնեն ծառայությունների ստացումը, տեղեկատվության փոխանակումը:
Հարկ է հավելել, որ համաժողովի ընթացքում միջազգային փորձի ուսումնասիրության համատեքստում ներկայացվեցին նաև Հայաստանում ներդրված մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված էլեկտրոնային գործիքները՝ դրանց թվում հիշատակելով նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան (https://www.bizprotect.am) կայքի մասին: Այն ինովացիոն վեբ գործիք է տեղեկությունների հավաքագրման և բիզնեսի զարգացման խոչընդոտող հիմնական իրավական ակտերում վերլուծություններ կատարելու նպատակով:
Լուսանկարը ՀՀ Արդարադատության նախարարության կայքից