Ստուգել հայտի կարգավիճակը

Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը՝ Գործարար շահերի պաշտպանության ցանցի քննարկման առանցքում

14.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) շենքում տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողովը:

Հանդիպման սկզբում Երևան քաղաքի ԱԱՊ նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց օրակարգային հարցերը: Առաջինը քննարկվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Այնուհետև, առաջնահերթ քննարկման դրվեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի կողմից ներկայացված առաջարկն առ այն, որ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը պատրաստ է կազմակերպել աշխատաժողով կարողությունների զարգացման նպատակով, Ցանցի անդամների կողմից ընտրված թեմայով:

Ժողովի ժամանակ քնարկվեց նաև Հայաստանում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման մասին, մասնավորապես՝ կատարված աշխատանքների: Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ արդեն սկսվել է Հակակոռուպցիոն գործողությունների իրականացմանն ուղղված ծրագիր, որը իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ հետ միասին: Նա ներկայացրեց ծրագրով իրականացվելիք հիմնական կարևոր գործողությունները:

Այս ծրագրում սկզբնական քայլ կարևոր է հասկանալ գործարարների ընկալումը և մոտեցումները կոռուպցիայի վերաբերյալ: Ժողովի մասնակիցները նշեցին, որ վերապատրաստում անցած և որակավորման հավաստագիր ստացած դասընթացավարները կկարողանան ներկայացնել գործարարներին կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները, օրենսդրական բազան և այլն: Սա հատկանշական է նաև այն կոնտեքստում, որ այժմյան կառավարությունը բացահայտ բացասական վերաբերմունք է արտահայտում կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ, ինչը թույլ կտա առավել արդյունավետ աշխատել կառավարության հետ:

Վլադիմիր Ամիրյանը նշեց, որ խնդիրն այս պարագայում բիզնես ոլորտի ներկայացուցիչների արձագանքի հետ է կապված, քանի որ գործարարների կողմից արձագանքը շատ ցածր է, օրինակ 1200 էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում ստացվում է 3-4 պատասխան, սակայն այս պահի դրությամբ ծրագրի մեջ ներգրավվել են մի քանի տասնյակ բիզնեսների:

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Մարիամ Զադոյանը նշեց, որ իրենք բիզնեսներին ներգրավելու համար որդեգրել են մել այլ մոտեցում, և ծրագրային իրավաբանները մարզերում և Երևանում անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր ՓՄՁ-ի և արդյունքում արդեն 75 ՓՄՁ ներգրավված է ծրագրում։

Այժմ ծրագրի մասնակիցների խնդիրն է, որ բիզնես դաշտը հետաքրքրվի հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրով, հասկանա դրա կարևորությունները, քանի որ շատ կազմակերպություններ հակված չեն հակակոռուպցիոն գործողություններում ներգրավվել:

Ժողովի ընթացքում նաև որոշվեց համագործակցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում ձևավորված Բիզնես կոալիցիայի հետ:

Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

Վերադառնալ ցանկ