Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը, որի առաջին մասը նվիրված էր 2019-2022 թվականների ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը։
Ողջույնի խոսքում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ սա բացառիկ դեպք է, երբ առաջին անգամ ռազմավարության նախագիծը առաջին հերթին քննարկվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ.
«Այսօրվա միջոցառումն աննախադեպ է նրանով, որ այս ռազմավարությունը առաջին հերթին կարծիքի է ներկայացվում քաղհասարակության հետ: Զուգահեռաբար այսօր այն առաքվել է բոլոր պետական մարմիններին: Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն ոլորտում բարձր է գնահատվում քաղհասարակության դերը և մասնակցային քաղաքականության մշակումը»,- նշեց Սուրեն Քրմոյանը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշեց, որ դիմել են կառավարությանը՝ ռազմավարության ընդունումը մի քանի ամսով հետաձգելու խնդրանքով, որպեսզի ՔՀԿ-ները հնարավորություն ունենան մասնակցել դրա մշակմանը.
«Եթե կառավարությունը որոշի հետաձգել ռազմավարության ընդունումը, ապա հնարավորություն կունենանք նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը շատ ավելի լեգիտիմ և մասնագիտական հենք ունեցող փաստաթուղթ դարձնել: Այն կլինի բեկումնային փաստաթուղթ, որը իրապես փոփոխություններ կբերի մարդկանց կյանքում: Ողջունում եմ կառավարության այն մոտեցումը, որ փաստաթուղթը հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի 3 հիմնասյուներն են՝ հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում և պատժի անխուսափելիություն»,- ասաց նա:
Կարեն Զադոյանը տեղեկացրեց, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի և «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվել են 49 առաջարկություններ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ներառելու նպատակով, որոնք վերաբերում են Հակակոռուպցիոն ունիվերսալ անկախ մարմնի հիմնադրմանը, իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը, գողացված ակտիվների վերականգնմանը, հակակոռուպցիոն կրթությանը, հակակոռուպցիոն դատարանի հիմնադրմանը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը առևտրային ընկերություններում և այլն։ Առաջարկությունների մի մասն արդեն տեղ են գտել ռազմավարության նախագծում, սակայն դեռևս անելու շատ բան կա։
Միջոցառման ժամանակ մի շարք մասնակիցներ հայտնեցին մտահոգություններ առ այն, որ հակակոռուպցիոն կրթությունը ամբողջապես արտացոլված չէ ռազմավարությունում՝ որպես այդպիսին, որդեգրված է հակակոռուպցիոն մարմին ունենալու ապակենտրոնացված մոդելը՝ ի դեմս մեկ իրավապահ և մեկ կանխարգելիչ մարմնի, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն ունի ձևական բնույթ, քանի որ զուգահեռաբար չի նախատեսվում օրենսդրական պարտականություն առևտրային ընկերությունների համար՝ ներկայացնել իրենց իրական սեփականատերերին, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը նախատեսված չէ, որի պատճառով կնվազի առևրային ընկերությունների շահագրգռվածությունը՝ ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր և այլն։
Միջոցառմանը ներկա էին ինչպես պետական կառույցներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից ավելի քան 90 ներկայացուցիչներ։
Այստեղ կարող եք գտնել քննարկման մասնակիցների ցանկը, իսկ այստեղ՝ հրավիրյալների ցանկը:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։