Ստուգել հայտի կարգավիճակը

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին ներկայացվել է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

22.11.2018

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները նոյեմբերի 22-ին հյուրընկալեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանին։

Դասախոսության թեման վերաբերում էր Հայաստանում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրմանը և դրա կիրառելիության նպատակահարմարությանը՝ միջազգային լավագույն փորձի ներքո։

Ս․ Սողոմոնյանի խոսքով՝ մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծ, որի ընդունման պարագայում Հայաստանում առաջին անգամ կներդրվի իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը։ Ըստ օրինագծի 129-րդ հոդվածի` իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառվում է, եթե նրա կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները սույն օրենսգրքի հոդված 128-ի առաջին մասով նախատեսված անձանց կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է: Ս․ Սողոմոնյանը նշեց, որ միջազգային փորձը հիշյալ «անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները» դիտարկում է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը։ Եվ այս տեսանկյունից բիզնեսների համար նույնպես օգտակար է ներդնել նշված ծրագիրը՝ կոռուպցիայի զերծ լինելու և քրեական պատասխանատվությունից ազատվելու համար։

Ունկնդիրներին ներկայացվեց նաև հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի միջազգային հաջողված փորձը, որին հաջորդեց հետաքրքիր և բուռն քննարկում։

Ս․ Սողոմոնյանը նաև հավելեց, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը և ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

 

 

Վերադառնալ ցանկ