Ստուգել հայտի կարգավիճակը

Ընկերությունների առաջխաղացման նախապայմաններից մեկը հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր ունենալն է

01.03.2019

Այսօր՝ մարտի 1-ին, Կորպորատիվ կառավարման կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 2-րդ դասընթացը:

Դասընթացավար, «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ գործընկեր, Կորպորատիվ կառավարման կենտրոնի քույր կազմակերպության՝ Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանի խոսքով, մասնակիցները մեծամասամբ տեղյակ են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրից, հետաքրքրված են ու պատրաստակամ են առաջ գնալու, կազմակերպություններում ծրագիրը ներդնելու համար:

«Մենք դասընթացի ընթացքում քննարկում ենք, թե ինչ վնասներ է տալիս կոռուպցիան բիզնես ընկերություններում, ինչպես կարելի է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր կազմել, ինչպես այն աշխատեցնել, չափել՝ լավ է այն աշխատում, թե ոչ: Ես կարծում եմ, եթե կազմակերպությունը ցանկություն ունենա, ապա լավ աշխատանքի դեպքում ծրագիրը կարող է մշակվել 3 ամսում, իսկ այն ամբողջությամբ ներդնելու համար հարկավոր կլինի մինչև 2 տարի»,-նշեց Ահարոն Չիլինգարյանը:

Նրա խոսքով, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը խոշոր ընկերությունների առաջխաղացման նախապայմաններից մեկն է: «Մեր նախորդ դասընթացի ժամանակ, բանկերից մեկի ներկայացուցիչը նշեց, որ այս պահին մշակում են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր, քանի որ արտասահմանյան գործընկերների համար դա պարտադիր պահանջ է եղել»,-նշեց նա:

Դասընթացի մասնակիցներից «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կառավարման մարմինների աշխատակազմի և համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Անատոլի Տիրոսյանը նշեց, որ ընկերության համար համապատասխանության գործառույթը շատ կարևոր է և դրա կարևորությունն ավելանում է օրեցօր և բանկում ծրագրի ներդրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

«Ծրագրի ներդրման վերաբերյալ կա կոնսենսուս՝ բանկի բաժնետերերի, խորհրդի և ղեկավարների միջև. այդ գործառույթը պետք է զարգանա, պետք է համապատասխանի և՛ հայաստանյան, և՛ համաշխարհային լավագույն ստանդարտներին: Մենք ամեն ինչ անում ենք դրա համար»,- նշեց նա:

Անատոլի Տիրոսյանի խոսքով բանկի աշխատակիցները լավատեղյակ են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին և բանկում գործող կարգերի և արարողակարգի համաձայն, ցանկցած նոր աշխատակից անցնում է հատուկ ծրագիր, որի պարտադիր մասն է կազմում նաև համապատասխանության ապահովման գործառույթը: Նրա խոսքով, համապատասխանության ծրագրի ներդումը ոչ միայն  ընկերության ներքին շրջանակի, այլ նաև արտաքին հարաբերությունների համար է բարենպաստ պայմաններ ստեղծում: «Հայաստանում բանկերը համագործակցում են հասարակության՝ հաճախորդների հետ, բաժնետերերի հետ. հետևաբար, սա ոչ միայն ներքին օգտագործման գործառույթ է, այլ գործիք՝ բանկի միջավայրի վրա ազդելու և բարելավելու համար: Այն բանկերը, որոնք ունեն համապատասխանության գործառույթը, եթե օգտագործեն այն իրենց հաճախորդների հետ համագործակցելիս, ապա ուշ թե շուտ, մենք և հասարակությունը, մենք և պետական հատվածը կսկսենք խոսենք նույն լեզվով»,-ասաց Անատոլի Տիրոսյանը:

Համապատասխանության ծրագիրը վստահություն է տալիս ընկերությանը և ոչ միայն գործընկերների, այլև հաճախորդների համար, այս կարծիքը հայտնեց Մարիետա Մելքոնյանը, ով «ՎԵՈՆ Արմենիա»-ն «Beeline» ապրանքանիշում էթիկայի և համապատասխանության բաժնի աշխատակիցն է: Նա նշեց, որ կազմակերպությունում 2017 թվականից ներդրված է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը: Նրա խոսքով, ընկերության բոլոր աշխատակիցները տեղյակ են ծրագրի մասին. «Մենք տարվա կտրվածքով ունենք հատուկ մշակված պլան, որով աշխատակիցները դասընթացներ են անցում: Ծրագրի ներդրման տենդենցն աշխարհով գնում է, և եթե դուք չեք ուզում կանգնել տեղում և առաջ գնալ որպես կազմակերպություն, ապա պետք է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը մշակել և կարողանալ աշխատել ավելի մեծ կազմակերպությունների հետ և հասնել նրանց»,-նշեց նա:

Մարիետա Մելքոնյանը նշում է, որ կազմակերպությունն ունի շուրջ 2000 աշխատակից և չնայած դրանյ էթիկայի և համապատասխանության բաժնում երկու անձ է աշխատում և հնարավոր է լինում համապատասխանության ծրագիրը գործածել, հետևել ոլորտային քաղաքականություններին, լինել իրազեկ: «Այդ իրազեկվածությունը թույլ է տալիս, որ մեր աշխատակիցներն իմանան՝ ինչ ակնկալել ընկերությունից և ինչ է ակնկալում ընկերությունը՝ աշխատակիցներից»,-ասաց նա:

Նշենք, որ այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

Ալիսա Չիլինգարյան

 

 

Վերադառնալ ցանկ