Ստուգել հայտի կարգավիճակը

Ատամնաբույժը ստոմատոլոգիական կլինիկայից վաճառում է պահեստամաս․ գոյանում է ահռելի ստվեր. ահազանգ Բիզպաշտպանին

12.03.2019

Բիզպաշտպանը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում բիզնես ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունները։

Հերթական ահազանգը վերաբերել է ստվերային տնտեսությանը։ Հաղորդած դեպքը անդրադառնում է նրան, որ ՀՀ-ում գոյություն ունի մարդկանց մի ահռելի խումբ, որը, գրանցված չլինելով հարկային մարմնում, իրականցնում է պահեստամասերի վաճառք ոչ մրցունակ գներով, ընդ որում տանից, ավտոտնակից, նկուղից, բակից, մեքենայի բեռնախցիկից, Facebook սոցիալական և List.am կայքերի միջոցով՝  խոչընդոտելով ԱՁ-ների և ՍՊԸ-ների գործունեությանը:

Նշվում է նաև, որ կան այնպիսի օրինակներ, երբ ատամնաբույժը ստոմատոլոգիական կլինիկայից վաճառում է մեքենայի թափքի մասեր կամ էլէկտրոնիկայի խանութի խորհրդատու վաճառողը զբաղվում է պահեստամասերի վաճառքով խանութի ներսից և այլ նմանատիպ օրինակներ: Նման մարդկանց համար ապրանքների ձեռք բերման աղբյուր են հանդիսանում ՀՀ–ում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ՝ ի դեմս www.emex.ru, www.m-zap.ru , www.logist.amwww.partszone.am, www.garaj.am, www.carfat.net, www.gutap.am, www.carcare.am, www. spparts.ru  և այլ կայքեր, որտեղ գրանցվելով և ստանալով համապատասխան նույնականացման համար, (ID) կարող են ձեռք բերել պահեստամասեր ցանկացած քանակի և որակի, իսկ վաճառքն իրականացնել՝ չհանդիսանալով իրավաբանական անձ և  խուսափելով օրենքով սահմանված կարգով հարկային պարտավորություններից։

Քաղաքացին մասնավորապես նշում էր․ «Ուզում եմ կիսել մտահոգությունս՝ կապված ավտոպահեստամասերի շուկայում տիրող բարձիթողի վիճակի հետ, որտեղ ֆիզիկական անձինք  ծավալում են ակնհայտ առևտրային գործունեություն՝ առանց հարկ վճարելու: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ իր ելույթի մեջ կիսվում էր մտահոգություններով ՀՀ-ում ոչ պաշտոնական տվյալներով 40% ստվերային տնտեսության վերաբերյալ: Այսպես, ուրեմն տեղեկացնեմ, որ պահեստամասերի բիզնեսում ստվերը հասնում է 95%-ի, եթե ոչ ավել: Իսկ պահեստամասերի բիզնեսում շրջանառվում են տասնյակ միլիարդավոր դրամներ, որոնք ոչ մի կերպ համեմատեղելի չեն փողոցային առևտրում շրջանառվող գումարների կամ նույնիսկ շոու բիզնեսում շրջանառվող գումարների հետ»,-նշում է նա:

Անհատ ձեռնարկատիրոջ բարձրաձայնած խնդրի վերաբերյալ Բիզպաշտպանն ուղարկել է գրություն ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահին՝ պարզելու այս ոլրոտում իրականացվող գործողությունները և պետության ստանձնած պարտավորությունների շրջանակը։

 

 

 

Վերադառնալ ցանկ