Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ կործանարար ազդեցություն ունի կոռուպցիան փոքր և միջին ընկերությունների համար. դասընթաց Վանաձորի բիզնես ներկայացուցիչների համար

11.03.2019

Մարտի 11-ին, Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) Վանաձորում գործունեություն իրականցնող փոքր և միջին ձեռնարակտիրության ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը:

Ծրագիրն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

ԻՀԱ-ում «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ մեծ աշխատանք է պետք տանել, որպեսզի նրանց համար հասկանալի լինի կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ ազդարարարումը:

Նրա խոսքով, դասընթացի մասնակիցները պատկերացում չունեին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի մասին: «Դասընթացի ընթացքում առաջին գործնական հանձնարարության ժամանակ մասնակիցները այդքան էլ հետաքրքրություն չէին դրսևորում, ինչը իրենց չիրազեկվածության հետևանքն էր: Դասընթացի երկրորդ մասում, երբ որոշակի պատկերացում կազմեցին ծրագրի մասին, իրենք էին արդեն օրինակներ բերում, խնդիրներ վեր հանում»,-նշեց Մարիամ Զադոյանը:

Ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանի խոսքով, բիզնես ներկայացուցիչներն ի սկզբանե այն կարծիքն էին հայտնում, որ նախ պետք է օրենսդրական մակարդակում իրականացվեն փոփոխություններ: Նրանց խոսքով, այսօր բիզնես միջավայրում մի շարք հարկային և իրավական  կարգավորումների կարիք կա, ուստի պետությունը պետք է ուշադրության արժանացնի նախ այս ոլորտային խնդիրները, այնուհետև նպաստի հակակոռուպցիոն կրթության խորացմանը: «Բիզնես ոլորտի ներկայացուցիչները սկզբում վերապահումով էին մոտենում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին, որ արդյո՞ք գործնականում այն անհրաժեշտ է: Սակայն, երբ ներկայացրեցինք, որ ծրագիրն ուղղված է բիզնես միջավայրի առողջացմանը,  երկարաժամկետ համագործակցությունների և բիզնես կապերի հաստատմանը, կազմակերպության հեղինակության բարձրացմանը և միջազգային գործընկերների ձեռքբերմանը, նրանց հետաքրքրությունն ավելացավ»,- հավելեց Լուսինե Նալբանդյանը:

Դասընթացավարները ներկայացրին, թե ինչ է կոռուպցիան, ինչ դրսևորումներ այն ունի, ինչ է հակակառուպցիոն համապատասխանությունը և ինչ ազդեցություն այն կարող է ունենալ ընկերության գործունեության վրա:

Տաթևիկ Աղազարյան, ով անհատ ձեռնարկատեր «Էմմա Առաքելյանի» ներկայացուցիչն է, նշում է, որ գործունեություն են ծավալում որպես մթերային խանութ: Նրա խոսքով, դեռևս կոռուպցիոն լուրջ խնդիրների չեն բախվել: «Նման ծրագրերը Հայաստանում, ընդհանուր առմամբ շատ լավ են, բայց կոնկրետ մեր բիզնեսի հետ կապված, մեծ արդյունավետություն այժմ դժվար թե ունենա: Հետագայում հնարավոր է անհրաժեշտություն լինի մեր կազմակերպությունում կիրառել այն»,-նշում է Տաթևիկ Աղազարյանը:

«Լյուսիա ֆուդ» կազմակերպության ղեկավար  Լուսինե Բարաթյանը նշում է, որ շուկայի զարգացման հետ կապված մշտապես կոռուպցիոն դրսևորումների խնդրին են բախվում: «Խնդիրն այն է, որ խոշոր ընկերությունները ճնշում են փոքր ընկերություններին թե ֆինանսական, գնային քաղաքականության առումով, թե մրցակցության առումով: Միանշանակ կցականամ, որ իմ կազմակերպությունում ներդրվի հակակոռուոպցիոն համապատասխանության ծրագիրը: Որքան նման ծրագրեր լինեն, այնքան զարգացած կլինի երկիրը: Տվյալ համակարգը ներդնելու դեպքում կազմակերպությունները մեկը մյուսի հանդեպ չեն կիրառի նման գործելաոճ»,-նշում է նա:

Քանի որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում ոչ միայն կիսաֆաբրիկատների արտադրությամբ, ֆուրշետ ծառայություններ է մատուցում, նաև դասընթացներ է կազմակերպմում:  Լուսինե Բարաթյանի խոսքով, դասընթացների ընթացքում այսուհետև կշեշտվի նաև կոռուպցիայի վնասակարության մասին. «Մարդիկ որքան իրազեկված են, այնքան պաշտպանված են: Ամեն անհատ պետք է իրազեկված լինի օրենքներին, որ կարողանա իր իրավունքները պաշտպանել, թեկուզ իր աշխատակիցների հետ պայմանագրեր կնքելիս»,-նշում է նա:

Գայանե Խաչատրյանն էլ, ով «Ապրիկոտ» ընկերության ղեկավարն է, նշում է, որ այն նաև սոցիալական ձեռնարակտիրություն է և 40 աշխատակիցների մի մասը հաշմանդամություն ունեցող անձիք են: Կազմակերպությունում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր ներդրված չէ, աշխատակիցներն էլ իրազեկված չեն թեմայի վերաբերյալ: «Ծրագիրը, եթե իմ բիզնեսին ընդլայնում, զարգացում կտա, ես կցանկանամ ներդնել այն: Ես եկել եմ այժմ դասընթացին, որպեսզի գաղափար կազմեմ ծրագրի վերաբերյալ, հասկանամ, այժմ դա ինձ խետք է, թե ոչ: Այս կազմակերպությունը գործունեություն է ծավալում փայտե հուշանվերների, արծաթյա զարդերի, հայկական թեյի, շոկոլադի արտադրությամբ, որը վաճառվում է մի շարք խանութներում: «Բավականին բարդ ու դժվար պրոցես է խանութների հետ աշխատելը, համագործակցելը: Խնդիր է առաջանում հատկապես հարկատեսկաների հետ կապված, խանութներ կան, որ ինչ-ինչ հարկատեսակով չեն աշխատում, ու դու ստիպված ես լինում փոխել հարկատեսակդ»,-նշում է Գայանե Խաչատրյանը:

Դասընթացի մասնակիցների խոսքով, Վանաձորում գործազրկության առկայությունը ևս բերում է կոռուպցիոն դրսևորումների, քանի որ մարդիկ փորձում են իրենց ծանոթների կամ որևէ ծառայության դիմաց աշխատանքի ընդունվել այս կամ այն կազմակերպությունում: Առևտրային գործունեություն ծավալելիս կոռուպցիայի տարրեր ևս հաճախ են հանդիպում:

Նշենք, որ այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ