Ստուգել հայտի կարգավիճակը

Գյումրիի բիզնես ընկերությունները կոռուպցիոն վտանգներից զերծ կմնան

20.03.2019

Գյումրիում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) այսօր՝ մարտի 20-ին, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը: Ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վիկտորիա Եղոյանը ողջունեց մասնակիցներին՝ նշելով․ "Մեր կազմակերպությունը աջակցություն կտրամադրի Ձեր բիզնեսներում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնելու գործում․ Սա ունիկալ հնարավորություն է։"

Բիզնես ներկայացուցիչները «կոռուպցիա» եզրույթի նկարագրության ու բնորոշման մեջ հիմնականում նշում էին, որ կոռուպցիան պետական մարմիններում է, ու մինչև այդ հարթակում չվերանա, մասնավոր հարթակում վերացնելը դժվար կլինի:

Վեհանուշ Մազմանյանը «Գյումրի Քոմերշլ Սենթր» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման և հանրային կապերի մասնագետն է: Նա նշում է, որ ընկերությունն իր կանոնադրությունում էթիկային վերաբերող կետեր ունի, նույնիսկ հաճախակի տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: «Օրինակ, եթե ծրագրավորման ընկերությունում բոլորը ծրագրավորող են ու միատեսակ մտածողություն ունեն, մեզ մոտ այլ է, ունենք անվտանգություն, սպասարկող ոլորտ, տարբեր բաժնի ղեկավարներ ու մե մոտ աշխատակիցների մտածողության տարբերությունը շատ նկատելի է: Շատ դեպքերում, էթիկայի վերաբերյալ միջոցառումներ ոչ միայն առանձին ստորաբաժանումներով են կազմակերպում, այնպես էլ՝ ընդհանուր, ողջ ընկերության համար:

Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրն այնքանով օգուտ կտա, որ այն, ինչ մենք անում ենք կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր միջոցներով, այժմ կկարողանանք ավելի համակարգված անել, կունենանք ընդհանուր ծրագիր: Հետագայում, եթե այլ կազմակերպությունների հետ համագործակցելիս լինենք ու սա ժամանակի ընթացքում դառնա առավելություն կամ պահանջ, մենք մեր ծրագիրը ցույց կտանք ու կապացուցենք, որ մեզ մոտ այն այն արդդեն գործում է»,-նշեց Վեհանուշ Մազմանյանը:

Նրա խոսքով, Գյումրիում կոռուպցիան նվազագույնի է հասցվում, ու քաղաքացիների մոտ էլ դա ընդունված չէ:

«Մագնոն» բաց բաժնետիրական ընկերությունը, զբաղվում է մանկական խաղահրապարակների կառուցմամբ: Ընկերությունն ունի շուրջ 20 աշխատակից: Կազմակերպությա ներկայացուցիչ Արմեն Ավետիսյանը նշում է, որ աշխատակիցների հետ պարբերաբար անհատական զրույցներ են լինում կոռուպցիայի վնասակարության վերաբերյալ, քանի որ ըներությունը բախվել է տարբեր կոռուպցիոն դրսևորումների, որոնք հիմնականում եղել են գնումների ոլորտում: Նա նշում է, որ գնումների ժամանակ պատկան մարմինները կամ տեխնիկական բնութագրերն այնպես են կառուցել, որ իրենք չեն համապատասխանել և կոնկրետ մի ընկերություն է համապատասխանել, կամ էլ առհասարակ գնման մրցույթի մասին տեղյակ չեն եղել:

«Մենք պատրաստվում ենք ավելի լայն ծավալներով արտադրություն իրականացնել, արտահանում սկսել ու կարծում եմ այս ծրագիրը մեզ որոշակի առավելություն կտա, արտասահմանյան գործընկերների մոտ վստահությունը կբարձրանա, մեքն ինքներս էլ վստահ կլինենք, որ կկարողանանք ավելի լավ կազմակերպել այս ամեն ինչը: Կարելի է ասել, որ մենք օրինակելի ընկերություն ենք, ու եթե մյուս ընկերություններն էլ մեզնից օրինակ վերցնեն ու շատանան նման ընկերությունները, կարծում դրական ազդեցությունը տեսանելի կլինի արդեն»,-ասաց Արմեն Ավետիսյանը:

Դասընթացի մասնակիցները լրացրեցին կոռուպցիայի վերաբերյալ իրենց գիտելիքների և ընկալման վերաբերյալ նախաթեսթ և հետթեսթ։ Նրանք նաև խաղացին "5 ինչու" խաղը, մասնավորապես՝ ինչու իրենք կարիք ունեն ներդնել Հակակոռուպցիոն Համապատասխանության Ծրագրեր իրենց բիզնեսներում։ Վերջին խմբային աշխատանքը միտված էր իրենց սեփական բիզնեսների կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և դրանց կանխարգելման պլանի ներկայացմանը։

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ