Ստուգել հայտի կարգավիճակը

Հայաստանում եկամտահարկը գերազանցում է ԵԱՏՄ երկրներում սահմանված տոկոսադրույքներին

31.03.2017

Նոր հարկային արտոնությունները ոգևորել են բիզնեսի ներկայացուցիչներին. մասնավորապես երեկ կառավարությունը հավանություն տվեց ՊԵԿ-ի կողմից ներկայացված նախագծերին.  նախատեսվում է պարզեցնել արտահանողներին ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման գործընթացը և կտրուկ կրճատել դրանց համար սահմանված ժամկետը, ինչը շատ կարևոր է արտահանումը խթանելու տեսակետից:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր «Հարկային բարեփոխումների իրազեկում և նոր հարկային օրենսգրքի հիմնական խոչընդոտները» թեմայով միջոցառմանը իր ողջույնի խոսքը սկսեց՝ այս բերեփոխումներին անդրադարձով: Նա նշեց, որ այդ նախագծերի ընդունման անհրաժեշտության մասին երկար են խոսել և առաջարկություններ ներկայացրել:

Նշենք, որ կառավարության ընդունած որոշումներով առաջարկվում է սահմանել, որ սահմանված չափանիշներին բավարարող արտահանողների կողմից ներկայացվող մինչև 20 մլն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ գումարները վերադարձվելու են առանց ստուգման: Եվ վերադարձը կատարվելու է  4 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայիս  90 օրվա փոխարեն: Նաև  ԱԱՀ վճարողների կողմից մեքենա-սարքավորումների և հումքի ներմուծման դեպքում  ԱԱՀ հարկումը մաքսային սահմանից կտեղափոխվի երկրի ներքին տարածք և ԱԱՀ-ով կհարկվի ոչ թե ներմուծումը, այլ այդ հումքի և սարքավորումների օգտագործմամբ հետագա արտադրության իրացումը:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Եվա Նահերը իր ողջույնի խոսքում նշեց, որ միջոցառումը կազմակերպվում է ԵՄ-ի ֆինանսավորմամաբ և GIZ-ի համագործակցությամբ՝ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանականերում: Այս ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝  Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանը նշեց, որ ԱԱՀ-ի հարկումը հենց սահմանին ազդում էր ոչ թե այն տնտեսվարողների վրա, ովքեր ներկրում են առօրեական սպառման ապրանքներ, այլ նրանց վրա, ովքեր ներկված ապրանքները ներդնում են այլ արտադրանք ստանալու համար: Եվ այս փոփոխությունը մեծապես կթեթևացնի տնտեսվարողների բեռը: Նրա խոսքով, փորձը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացում ունեցող պետությունները նույնպես ԱՀՀ չեն գանձում հենց սահմանին, այլ թողնում են, որ ընկերությունը կայունություն և աճ ունենա:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան Մարիամ Զադոյանն էլ ներկայացրեց  եկամտային հարկի, շրջանառության հարկի և գերավճարների ոլորտում ռիսկերը: Մասնավորապես նա նշեց, որ  Հայաստանում եկամտահարկի տոկոսադրույքներն իրենց չափերով գերազանցում են ինչպես ԵԱՏՄ անդամակցող պետություններում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում սահմանված տոկոսադրույքներին: Եթե Հայաստանում եկամտահարկի նվազագույն չափը նոր հարկային օրենսգրքով 23 տոկոս է, ապա Ռուսաստանում այն 13 տոկոս է, Ղազախստանում՝ 5 տոկոս է, Ղրղզստանում՝ 10 տոկոս է: Եվրոպական մի շարք երկրներում, որոնք իրենց տնտեսական ցուցանիշներով մոտ են Հայաստանին, օրինակ՝ Բուլղարիա, Մոնտենեգրո, եկամտահարկը կազմում է 9, 10-ը տոկոս:

Միջոցառմանը հարկային ոլորտում օրենսդրական բարեփոխումները ներկայացրեց ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանը: Նա նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը կազմելիս երկու ռեսուրսներից են օգտվել. նախկինում իրենց փորձը, հիմնականում թե ինչ խնդիրներ են վերհանվել հարկատուների հետ հարաբերություններում, և շուրջ 100 պաշտոնական պարզաբանումները, որոնք հրապարակվել են իրենց կողմից: Եվ, իհարկե, թեև օրենսգիրքը իդելական չէ գնահատվում, սակայն այն մեծաթիվ  լուրջ խնդիրների լուծումներ է տվել:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչ Վարդան Մարությանը ներկայացրեց շահաբաժինների հարկման, տեխնիկական սխալների, հարկման հատուկ համակարգերից ընդհանուր համակարգերին անցման և զբոսաշրջության ոլորտում ԱՀՀ-ի կիրառության հիմնախնդիրները: Իսկ «Քեյ-Փի-Էմ-Ջի Հայաստան» ընկերության հարկային գծով ավագ ղեկավար Շողիկ Ղարիբյանը խոսեց հարկային նոր օրենսգրքի և աշխատանքային հարաբերությունների կարգավորման հարցերից:

Միջոցառման ավարտին բուռն քննարկումներ եղան պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների միջև:

 

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Վերադառնալ ցանկ