Ստուգել հայտի կարգավիճակը

2օրյա հակակոռուպցիան համաժողովը տեղի ունեցավ

25.04.2019

Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցում էին երկու հարյուրից ավելի մասնակից պետական և ոչ պետական, միջազգային և մասնավոր կառույցներից և ԶԼՄ-ներից։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիի, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն ԶադոյանըՀամաժողովին զեկույցներով հանդես եկան միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան և ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկի ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագրի (OCCRP-Կովկաս) տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը և ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ ու Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլոք:

Համաժողովը բաղկացած էր վեց թեմատիկ մասի ներկայացումներից, որոնք վերաբերվում էին կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելմանը հանրային և մասնավոր ոլորտներում և հակակոռուպցիոն կրթությանը։ Պանելային քննարկումներին հաջորդեցին երեք միաժամանակյա պանելային ամփոփիչ քննարկումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն մարմնի մոդելի ընտրության և շահակիցների կողմից հավաքական գործողությունների անցկացմանը կոռուպցիայի դեմ պայքարում։

«Մասնավոր ոլորտում ծագող կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում» թեմայով քննարկումը վարում էրԼատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը ներկայացրեց Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ինչպես և դրանում առկա կոռուպցիոն ռիսկերը: «Երբ բիզնեսը պահանջում է արդար մրցակցություն, առաջնահերթ ակնկալում է՝ արդյո՞ք մենք ունենք այն բավականաչափ անկախ մարմինը, որն արդյունավետ պայքար կմղի ազատ մրցակցությունն ապահովելու հարցում: Մեր ուսումնասիրությունները մեր երկրում ցույց տվեցին, որ անհրաժեշտ գործիքակազմ դեռևս չկա: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տնտեսական մրցակցության մարմիններն ունենում են սկրինինգային համակարգ, որը թույլ է տալիս վերլուծել ռիսկերը և ըստ այդ էլ պայքար սկսել: Մյուս փորձը շահերի պաշտպանության միություն ունենալն է, որն իրենք իրենց մեջ կարողանում են ֆիլտրեր ստեղծել ու ապահովել թափանցիկությունը»,-նշեց Արկադի Սահակյանը: Նա, մասնավորապես, ընդգծեց, որ խնդիրները շատ են լինում պետական գնումների հետ կապված:

https://youtu.be/nBPKqcvWmWI

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագրի (OGGRP-Կովկաս) ներկայացուցիչ, տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը ներկայացրեց հետաքննական լրագրության դերը կոռուպցիայի կանխարգելման գործում: «Նույնսիկ ԱՄՆ-ում շատ դժվար է սահմանել կոռուպցիան. ինչը մի երկիր, խումբ համարում է կոռուպցիա, մյուսը համարում է միջազգային բիզնես: Կարծում եմ, կարևոր է հասկանալ, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշելու, թե որն է կոռուպցիան, որը փողերի լվացումը և որն է ընդունելի բիզնեսը:  Մեր՝ այս պատմությունների մասին գրելու պատճառն այն է, որ կառավարությունը, հասարակությունը կայացնի այդ որոշումը, մեր աշխատանքը չէ ասել, թե որն է լավ, որը՝ վատ»,-ասաց  Դեյվիդ Բլոսսը:

https://youtu.be/ai_kTVI6k_k

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց ԱՃԹՆ-ն (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն), որպես Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացման գործիք: «Ինչու՞ ենք մենք այսօր հանքարդյունաբերության ոլորտին մեծ ուշադրություն դարձնում, որովհետև երևի թե այն, ի տարբերություն այլ տնտեսական գործունեությունների, իր մեջ մի առանձնահատկություն ունի. բնական պաշարները, որի հետ գործարար համայնքը գործ ունի՝ հանդիսանում են պետության բացառիկ սեփականությունը: Ինֆորմացիայի ազատության իրավունքը կիրառելու և այլ հիմնավորումներով մեր քաղաքացիները և ինչու չէ հենց պետական աշխատակիցներն առնվազն իրավունք ունեն համապարփակ տեղեկացված լինելու, թե ինչ է կատարվում այս ոլորտում»,-ասաց Լիլիա Շուշանյանը:

https://youtu.be/UYYUb3qDf4U

«Իրական սեփականատերերի ինստիտուտը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերն ու կոռուպցիայի կանխարգելումը հանրային գնումներում» թեման ներկայացրեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանը:

Խոսելով իրական սեփականատերերի ինստիտուտի մասին՝ Մարիամ Զադոյանը նշեց, որ վերջինս ազատ տնտեսական մրցակցությունը խթանող և մենաշնորհների դեմ պայքարի գործիք է։ «Իրական սեփականատերերն այն վերջնական ֆիզիկական անձիք են, որոնք կանգնած են ընկերության հետևում և տիրապետում են իրական շահույթին»,-ասաց նա: Մարիամի համոզմամբ՝ նշված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է հիմնադրել իրական սեփականատերերի ռեգիստր, երբ բոլոր ընկերությունները պարտավոր կլինեն բացահայտել իրենց իրական սեփականատերերին։ Մարիամը նաև ներկայացրեց իրական սեփականատերերի ինստիտուտի վերաբերյալ ՀՀ իրավակարգավորումներն ու միջազգային պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը,  ինչպես նաև՝ վերհանեց խնդիրների այն շրջանակը, որոնք պետք է դառնան քննարկման առարկա ՀՀ-ում նման ռեգիստր հիմնելիս։ Դրանցից ամենախնդրահարույցը այն է, թե ինչ եղանակներով պետք է ստուգել տրամադրված տեղեկատվության արժանահավատությունը։ Մարիամ Զադոյանը հավելեց, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Կրթաթոշակի շրջանակներում իրականացնում է «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում» ծրագիրը և ներկայացրեց այդ ծրագրով պատրաստված սոցիալական հոլովակը՝ նշելով, որ վերջինս ընդգրկվել է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված  «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի ներպետական մակարդակի լավագույն եռյակում։

Մարիամ Զադոյանը, անդրադառնալով հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրին, նշեց, որ Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի հետ համատեղությամբ իրականացնում են «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագիրը, որը միտված է բիզնեսներում կորպորատիվ մշակույթի սերմանմանը, մասնավորապես նշյալ ծրագրերի ներդրմանը։ Մարիամը նշեց, որ հակակոռուպցիոն համապատախանությունը ընկերության ընդունելի արժեքների, հարաբերությունների, գործելաոճի ամբողջությունն ու կորպորատիվ մշակույթն է, որով պետք է ընկերությունն ուղղորդվի իր գործողությունը կատարելիս մինչև վերջնական նպատակին հասնելը: Մարիամ Զադոյանը ներկայացրեց նշյալ ծրագրի բաղադրիչները մասնակիցներին, այնուհետև խոսեց ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության մասին։ Մարիամ Զադոյանը կարևորեց պատասխանատվության օր առաջ նախատեսումը, քանի որ, վերջինիս համոզմամբ, մաքուր և կոռուպցիայից զերծ աշխատող բիզնես ներկայացուցիչներին այդ ինստիտուտը միայն շահեկան է։ Դրա համատեքստում նա անդրադարձավ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին, որով սահմանվում է իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև հնարավորություն՝ չենթարկվել պատասխանատվության, եթե իրականացվել են բավարար միջոցներ։ Նա բացատրեց, որ խոսքը գնում է հենց համախատասխանության ծրագրերի մասին։

Խոսելով պետական գնումներում կոռուպցիոն ռիսկերի մասին, Մարիամ Զադոյանը նշեց, որ դրանք բազում են, բայց ամենից շատ տարածված է գնումների տեխնիկական բնութագրերի՝ կոնկրետ ընկերության համար հատուկ չափորոշիչների մշակման արատավոր պրակտիկան։ Մարիամն այնուհետև ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակի միջոցով ստացված մի շարք ահազանգներ նշյալ չարաշահումների վերաբերյալ, և որպես լուծում առաջարկեց մի շարք գնումների տեխնիկական բնութագրերի ստանդարտացումը։

https://youtu.be/L8Xcyol7RJM

Ներկայացումներին հաջորդեց ակտիվ քննարկումներ մասնակիցների կողմից։ Նշենք նաև, որ հակակոռուպցիոն ռազմավարությանը նվիրված ամփոփիչ պանելային քննարկման ժամանակ մատնանշվեցին մի շարք գործիքներ, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին մասնավոր ոլորտում, մասնավորապես իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանն ուղղված լուծումներ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն, տնտեսական մրցակցության պաշտպանության մարմնի նոր կոնցեպտի մշակում՝ վերջինիս գործուն լիազորությունների ընդլայնմամբ և այլն։ Հավաքական գործունեությանն ուղղված ամփոփիչ պանելային քննարկման ընթացքում արձանագրվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ընթանա ոչ միայն պետական մարմիններում կոռուպցիայի կանխարգելմամբ, այլև՝ մասնավոր սեկտորում, և այդ նպատակով մեկ անգամ ևս կարևորվեց բիզնեսների կողմից հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը՝ որպես հակակոռուպցիոն կրթության պարտադիր բաղադրիչ:

 

Վերադառնալ ցանկ