Ստուգել հայտի կարգավիճակը

Բիզնեսի համար ամենառիսկային ոլորտներից մեկի՝ գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկումը կայացավ

16.04.2019

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում այսօր՝ ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկումը:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Գագիկ Վարդանյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ հանդիպման նպատակը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող գնումների ոլորտում օրենսդրական փոփոխություններ նախատեսող նախագիծն է:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը նշեց, որ օրենսդրական բարեփոխումների նպատակով անցկացվում են հանդիպումներ հասարակական և բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում ակնկալվում է ախտորոշել և բարձրաձայնել բոլոր խնդիրները:

«Գնումների բովանդակությունը պետք է լինի այնպիսին, որ դեռևս բյուջետային քննարկումների փուլում գերատեսչությունները հանրությանը ներկայացնեն իրենց կարիքները՝ հիմնավորելով դրանց նպատակը: Գնումների գործընթացը ամենառիսկային ոլորտներից մեկն է, ուստի այստեղ ամենակարևորը հրապարակայնության և հաշվետվողականության ապահովումն է, որը պետք է իրականացվի քաղհասարակության անմիջական մասնակցությամբ», – ասել է Բրուտյանը:

https://youtu.be/7hAggwXJgmU

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց ֆինանսների նախարարության հետ ցանկացած ժամանակ համագործակցելու պատրաստակամությունը:

ԿԵՀ ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանի խոսքով, բիզնեսը և քաղհասարակության կազմակերպություններն արձագանքում են այն դեպքերում, երբ արդեն օրենքներն ու նախագծերն ընդունված են, իսկ խաղի կանոնները՝ սահմանված:

«Այժմ բացառիկ հնարավորություն է մասնակցել այդ խնդիրների վերհանմանը: Պետք է լուրջ ախտորոշում կատարվի, որպեսզի հետո բուժումը ճիշտ կազմակերպվի»,-նշեց նա:

https://youtu.be/_kxESiSLOxg

Գնումների ոլորտի օրենսդրության փոփոխությունների նախագծի հիմնական դրույթները ներկայացրեց ֆինանսների նախարարության պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

https://youtu.be/otP3O28b-Ls

ԻՀԱ ներկայացուցիչ Լուսինե Նալբանդյանը նշեց, որ պետական գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բազում են, բայց ամենից շատ տարածված է գնումների տեխնիկական բնութագրերի՝ կոնկրետ ընկերության համար հատուկ չափորոշիչների մշակման արատավոր պրակտիկան։ Լուսինեն այնուհետև ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակի միջոցով ստացված մի շարք ահազանգներ նշյալ չարաշահումների վերաբերյալ։

ԻՀԱ ներկայացուցիչ, գնումների մասնագետ Մարիամ Զադոյանն էլ հավելեց, որ գնումների ոլորտում տեղ գտած մի շարք կարգավորումներ գործնականում չեն պահպանվում, ինչը մասնավորապես պայմանավորված է պետական պատվիրատուների մոտ գնումների գործընթացում ներառված անձանց ոլորտային գիտելիքների պակասով։ Առաջարկվեց նաև ներդնել գնումների մասնակիցների վարկանիշային և մոնիթորինգի համակարգ, որը կկազմի հայտերի վերջնական գնահատման մի մաս։ Համակարգում որպես էական գործոններ առաջարկվում է դիտարկել ընկերությունների կողմից կորպորատիվ կառավարման համակարգ ունենալը, կորպորատիվ կառավարման տարեկան զեկույց հրապարակելը և հակակոռուպցիոն համապատասխանության ընթացակարգեր նախատեսելը։

Քննարկման ավարտին մասնագետները պատասխանել են ՀԿ ներկայացուցիչների ոլորտային հարցերին և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԿ ներկայացուցիչները  օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն ֆինանսների նախարարություն:


Վերադառնալ ցանկ