2019 թվականի մայիսի 2-ին «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքականության շուրջ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի (EECMD), Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) և «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետներ Մարիամ Զադոյանը և Նարեկ Ենոքյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետխորհրդային երկրներում հետհեղափոխական հակակոռուպցիոն բարեփոխումները` անդրադարձ կատարելով նաև Վրաստանի դատական համակարգի բարեփոխումներին և Ուկրաինայի հակակոռուպցիոն դատարաններին: Միջազգային փորձագետները խոսեցին նաև Ուկրաինայի բաց տվյալների և էլեկտրոնային հայտարարագրման համակարգի,Վրաստանի և Ուկրաինայի ոստիկանական համակարգի բարեփոխմանն, ինչպես նաև Ուկրաինայում քաղաքական կուսակցությունների պետական ֆինանսավորմանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ապագա տեսլականը և ընթացիկ ժողովրդավարացման գործընթացի շարունակականության ապահովման ուղղված ջանքերը: Մասնակիցները անդրադարձ կատարեցին կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու քայլերին, պետական մարմինների կողմից հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների պահպանմանը:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի տեսլականը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։ Մասնավորապես, վերջինս նշեց, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը պետք է ընդունել հանրային բացառիկ համախոհության վրա, որը խարսխված կլինի կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական հենասյուների վրա։ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանով ամրագրվելիք միասնական տեսլականն ու առաքելությունը իրականացնելու համար անհրաժեշտ է կառուցել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ սուվերեն հայկական համակարգ, որը բաղկացած կլինի անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնից, մասնագիտացված դատախազական կառույցից և կոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարանից: Անդրադառնալով անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնին՝ փորձագետը նշեց, որ մարմինը պետք է մշակի և իրականացնի երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը, զբաղվի կոռուպցիայի կանխարգելմամբ, իրականացնի օպերատիվ հետախուզական գործունեության և նախաքննություն, ինչը կբացառի միջգերատեսչական անառողջ ու պետականաշինությունը քանդող մրցակցությանը: Մարիամ Զադոյանը նաև օրվա հրամայական համարեց անանուն ազդարարման միասնական հարթակի ներդման անհրաժեշտությունը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի հաղթահարումը մասնավոր հատվածում, հատկապես՝ իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնումը և իրավաբանական անձանց համար քրեական պատասխանատվության սահմանումը և այլն։