Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ է կոռուպցիան տարբեր ընկերությունների ընկալմամբ. հարցում

08.05.2019

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, կատարվել է «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտությունը: 

Այն նպատակ է հետապնդել.

  1. բացահայտել հայաստանյան մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ,
  2. հակակոռուպցիոն համապատասխանության գործելաոճի վերաբերյալ իրազեկվածությունը,
  3. հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք հիմնական միջոցառումները:

Հարցումն անցկացվել է հայաստանյան ընկերությունների շրջանում 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Հարցմանը մասնակցել են 188 կազմակերպություններ:

Կոռուպցիայի՝ ընկերությունների ընկալումը պարզելու համար հարցվողներին առաջարկվել է տալ կոռուպցիայի սեփական սահմանումը: Հարցի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտել է հարցվողների գերակշիռ մեծամասնությունը՝ շուրջ 88%-ը: Հարցվողներն իրենց սահմանումներում կոռուպցիային մոտեցել են տարբեր տեսանկյուններից: Հետևաբար փորձ է կատարվել խմբավորել այդ սահմանումները: Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայացված խմբավորումը պայմանական է, քանի որ սահմանումներում հնարավոր է դիտարկել ներքևում նշված հատկանիշների համատեղումներ: Այս կամ այն խմբի մեջ սահմանման ներառումը հիմնականում պայմանավորվում է հարցվողների պատասխանում որոշակի հատկանիշի ընդգծվածության աստիճանով: Սահմանումների խմբերը հետևյալն են.

Խումբ 1. սահմանումներ, որոնցում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ կոռուպցիան պաշտոնական դիրքի չարաշահում է, և շեշտադրվում է շահերի բախման բաղկացուցիչը.

  • Կոռուպցիան իշխանության չարաշահումն է` անձնական և/կամ խմբային շահ/առավելություն ստանալու նպատակով և առավել մեծ մաշտաբի է հասնում, երբ դրա հնարավորությունը հատուկ (կանխամտացված) ներկառուցված է օրենսդրական և պետական համակարգերում:

  • Կոռուպցիան ծառայողական դիրքի չարաշահումն է անձնական նպատակներ իրագործելու համար:

  • Պետական կամ մասնավոր հատվածում անձի կողմից իր լիազորությունների և իրավունքների չարաշահում՝ ի շահ սեփական անձի:

Խումբ 2. աահմանումներ, որոնք որակում են երևույթը.

  • կոռուպցիան հանցագործություն է, չարիք,

  • պետության և ժողովրդի հանդեպ իրականացվող հակաօրինական գործողություն է կամ անգործություն,

  • անընդունելի արարք է և այլն:

Խումբ 3. սահմանումներ, որոնք կոռուպցիան դիտարկում են դրա հետևյալ դրսևորումներիտեսանկյունից.

  • կաշառակերություն,

  • հովանավորչություն,

  • պաշտոնական դիրքի, լիազորությունների կամ կապերի չարաշահում, պաշտոնական կեղծիք,

  • պաշտոնական դիրքի օգտագործմամբ պետական կամ կազմակերպության սեփականության յուրացում ու վատնում և այլն:

Խումբ 4. սահմանումներ, որոնք կոռուպցիայի էությունը բացահայտում են դրա հետևանքների տեսանկյունից.

  • խափանում է առաջընթացը, բիզնեսի զարգացումը,

  • խրախուսում է անբարեխիղճ ու ոչ արդար մրցակցությունը,

  • գործում է իրական բիզնեսի դեմ և քանդում երկրի անվտանգության հիմքերը,

  • կոռուպցիան պետականությունը թուլացնելու ու անարդար մրցակցության արտահայտումն է,

  • կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է,

  • որտեղ իշխում է կոռուպցիան, ընկերությունները հակված չեն ներդրումներ կատարել, քանի որ գործարարությամբ զբաղվելու ծախսերը զգալիորեն ավելի մեծ են,

  • կոռուպցիան պետականության հիմքերը քայքայող, վստահության միջավայրը խաթարող հիվանդություն է և այլն:

Խումբ 5. աահմանումներ, որոնցում արտահայտվում է հարցվող ընկերության վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ կամ իրավիճակը ընկերությունում.

  • դեմ ենք կոռուպցիային,

  • մեր ընկերության քաղաքականության մեջ տեղ չկա կոռուպցիային,

  • Ընկերությունը հետևում է հակակոռուպցիոն օրենսդրության պահպանման և էթիկական վարքագծի սկզբունքներին բոլոր տեսակի գործնական հարաբերություններում՝ անկախ երկրից, որի տարածքում Ընկերությունը ծավալում է իր տնտեսական գործունեությունը և այլն:

Խումբ 6. հուզական սահմանումներ.

  • կոռուպցիան ուրիշի աշխատանքի յուրացում է, գողություն հասարակությունից,

  • կոռուպցիան մոլախոտ է, որից ազատվելու միակ միջոցը արմատախիլ անելն է, կոռուպցիան վատթարագույն զզվելի երևույթ է, կորչի կոռուպցիան,

  • կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ: Կոռուպցիան ՀՀ նախկին կառավարությունն է և այլն:

Առանձնակի ընդգծելու անհրաժեշտություն ունեն ներքոնշյալ սահմանումները, քանի որ դրանք կոռուպցիան դիտարկում են կայուն զարգացման հայեցակարգի տեսանկյունից և կարևորում ընկերությունների ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական դերակատարումը, այդ թվում՝ դրանց կողմից հակակոռուպցիոն դիրքորոշման որդեգրումը.

  • Կոռուպցիան ընկերությունների գործունեությունն է բացառապես տնտեսական շահի հետապնդմամբ:

  • Կոռուպցիան աշխատող ժողովրդին թալանելն է, ինչը խոչընդոտում է ապագա սերնդի զարգացմանը:

  • Արդի զարգացման ժամանակաշրջանում ոչ պակաս դերակատարություն ունի կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարը առևտրային կազմակերպությունների կողմից, որը լրացուցիչ զսպողական մեխանիզմների ներդրում է պահանջում հենց առևտրային կազմակերպությունների ներքին ակտերի միջոցով:

165 սահմանումներից ընդամենը մեկն է կոռուպցիան դիտարկել դրական լույսի ներքո և տվել հետևյալ ձևակերպումը. կոռուպցիան խնդիրների լուծման ամենաարագ ճանապարհն է: Եվ ընդամենը մեկ սահմանում ունի վատատեսական հնչերանգ. կոռուպցիան արմատախիլ անել չի լինի, քանի որ այն գալիս է անհիշելի ժամանակներից, և դեռևս ոչ մի երկրի չի հաջողվել այդ չարիքից ազատվել:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։

 

 

Վերադառնալ ցանկ