Այսօր՝ հունիսի 27-ին, Հայկական բիզնես կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներն ունեցան աշխատանքային հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Հանդիպումը վերաբերվում էր պետական գնումների ոլորտին, մասնավորապես՝ Հայկական բիզնես կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից պետական գնումների ոլորտին ներկայացված առաջարկությունների քննարկմանը։ Առաջարկությունների փաթեթը կազմվել էր՝ ի ամփոփում ապրիլի 16-ին տեղի ունեցած «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկմանը։
Հանդիպումն ընթացավ կառուցողական մթնոլորտում և բավականին արդյունավետ էր։ Ներկայացված 24 խումբ առաջարկներից 2-ն արդեն գտնվում են կատարման փուլում, 9-ն ընդունելի են, 6-ը հավելյալ ներգերատեսչական քննարկման կարիք ունեն, 2-ը դուրս են գնումների ոլորտում քննարկման շրջանակից, 4-ն ընդունելի չեն։
Ընդունելի առաջարկների թվից ենթակա են հիշատակման հետևյալները․ պետական գնումների տեխնիկական բնութագրերի կազմման գործընթացում տեղի ունեցող չարաշահումների դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերի հանրային փորձաքննության կարգի և հիմնական տեխնիկական բնութագրերի ստանդարտների սահմանումը, ակնհայտ ոչ խելամիտ ցածր գնային առաջարկ ներկայացնելու դեպքում մեխանիզմների ներդրումը, ՀՀ պետական բյուջեից որոշակի գումարների հատկացումը դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու համար՝ ուղղված ՓՄՁ-ների իրազեկման մակարդակի բարձրացմանը և հետաքննող լրագրողների և հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը պետական գնումների ոլորտում, պետական գնումների ոլորտային կայքերում որոնման ֆիլտրների բարելավմանը և այլն։
Ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն որոշակի հետագա քննարկման կարիք ունեն հետևյալ առաջարկները․ ներդնել գնումների մասնակիցների վարկանիշային բալային համակարգ, որը հիմնված կլինի ընկերությունների կողմից նախկինում պայմանագրերի կատարման որակի, ընկերության ներսում կորպորատիվ կառավարման համակարգի և հակակոռուպցիոն համապատասխանության ընթացակարգերի առկայության վրա և հավասար պայմաններում նախապատվություն տալ ավելի բարձր բալեր ունեցող բիզնեսին՝ ըստ այդ համակարգի, ինչպես նաև նախատեսել որոշակի քվոտավորում ՓՄՁ-ների համար և հավասար պայմաններում նախապատվություն տալ ՓՄՁ-ներին։
Հիշեցնենք, որ առաջարկները բխում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակի միջոցով ստացված ազանգներից։