Հուլիսի 25-ին Գավառում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ԿԵՀ ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ նմանատիպ փաստաթղթերը միշտ ընդունվել են, սակայն քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները երբեք նման մասնակցություն չեն ունեցել դրա նախագծման փուլում: «Սա այն ռազմավարությունն է, որով ակնկալում ենք, որ քաղաքացիների կյանքում պետք է փոփոխություններ կատարվեն»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ողջունեց քննարկումը՝ նշելով, որ նմանատիպ հարթակներ շատ կարևոր են կարծիքներ փոխանակելու և եզրահանգումների գալու համար: Փոխնախարարի խոսքով, նոր նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նախորդիվ ունեցած փորձը: «Պետք է նշել, որ մինչ այս արդեն 3 ռազմավարություն ենք ունեցել, որոնք, կարելի է ասել, չեն հաջողել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով: Նախ նրա համար, որ դրանք մշակվել և իրականացվել են ՀԿ ներկայացուցիչների բացակայությամբ և չեն պարունակել հաշվետվողականության մեխանիզմներ: Այսինքն, ռազմավարությունների հիմնական թերությունը գնահատման ու հաշվետվողականության բացակայությունն է եղել, արդյունքը գնահատելու մեթոդիկա չի եղել: Ռազմավարությունների շրջանակներում հիմնականում թիրախավորվել են կոնկրետ բնագավառներ, առաջարկվել դրվագային լուծումներ, որն էլ պատճառներից է նորից, որ այդ ռազմավարությունները չեն հաջողել»,-նշեց նա:
Իրավաբանների հայկական ասոցիացիայիիրավաբան-փորձագետ, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանը դիմեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանին․ «Հայտնի է, որ այժմ շրջանառվում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծ, որով նախատեսվում է իրավաբանական անձի պատասխանատվության ինստիտուտը։ Սա մեր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների շարքին է դասվում, ինչպես նաև բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ներառական բաղադրիչ է։ Սակայն, հստակ կարիք կա բիզնես ներկայացուցիչներին իրազեկել, որ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի (ՀՀԾ) ներդրումը կարող է հիմք լինել իրավաբանական անձի պատասխանատվությունը բացառելու համար։ Պետք է հստակ իրազեկման արշավներ իրականացվեն բիզնես ոլորտի ընկերությունների համար ՀՀԾ-ի բուն էությանը և օրենսդրական կարգավորումներին ծանոթացնելու
Սրբուհի Գալյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նախագծի հիմնական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթությանն առնչվող կարգավորումները, Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերը, ինչպես նաև անդրադարձել է այս գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներառականության կարևորությանը:
Կարեն Զադոյանը նշել է, թե մասնագիտական ինչ անհամաձայնություններ կան ներկայացված նախագծերի վերաբերյալ՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ մարմնի վերաբերյալ առաջարկվող մոդելին` ներկայացնելով անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ուժեղ կողմերն ու առավելությունները:
Հավելենք, որ նմանատիպ քննարկում արդեն կազմակերպվել է Գյումրիում: Առաջիկայում հանդիպում է սպասվում նաև Վանաձորում: