Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հուլիսի 26-ին Վանաձորում անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:
Քննարկումը կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում:
«Կազմակերպել ենք քննարկումների շարք տարբեր մարզերում 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Մեզ մոտ հակակոռուպցիոն ռազմավարությունների ձևավորման գործընթացը սկսվել է 2003 թվականից և 2019-22 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը թվով 4-րդն է լինելու և դրա առնացքային տարբերություններից մեկն այն է, որ հասարակական քննարկման խողովակներով է անցնում»,- ողջույնի իր խոսքում նշեց ԿԵՀ ծրագրի մենթորների խմբի ղեկավար, արդարադատության և հարակից ոլորտների մենթոր Մարատ Ատովմյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը շնորհակալություն հայտնեց քննարկումների կազմակերպման համար՝ ընդգծելով դրանց կարևորությունը: «Այս հակակոռուցպոին ռազմավարության յուրահատկությունը կայանում է նրանում, որ պարունակում է վերլուծություն՝ անցյալում տեղի ունեցած տեղեկությունների վերաբերյալ: Գնահատական է տրված անցյալի հակակոռուպցիոն ռազմավարություններին և այս նախագծի շրջանակներում բացահայտվում են դրանց դրական և բացասական ազդոցության կողմերը»,-նշեց փոխնախարարը՝ ներկայացնելով ռազմավարության ընդհանուր ուղղությունները:
ԿԵՀ ծրագրի արդարադատության և հարակից ոլորտների համակարգող Արտյոմ Մեսրոպյանը նշեց փաստաթղթի մշակման գործընթացից, թե ինչ է սպասվում այս ռազմավարության ընդունման դեպքում ու թե ինչ լուծումներ է առաջարկում պետությունը՝ համակարգային կոռուպցիան երկրից վերացնելու համար: «Եթե խոսում ենք անցյալի մասին, պետք է շեշտել, որ ոչ թե նախքան հեղափոխությունը որևէ գործողություն չի իրականացվել, այլ իրականացվել են որոշակի գործողություններ, սակայն բացակայել է քաղաքական կամքը: Այսօր իշխանությունն ունի այդ քաղաքական կամքն ու կոռուպցիայի եմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ են հեղափոխական մոտեցումներ ու նոր լուծումներ, որպեսզի նախկինների կողմից արված սխալները չկրկնվեն»,-ասաց Արտյոմ Մեսրոպյանը:
Իր խոսքում նա անդրադարձավ նաև մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի վերհանման, թափանցիկության բարձրացման ուղղությամբ Ռազմավարությամբ առաջարկվող լուծումներին, մասնավորապես՝ կարևորելով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումն ու նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդնումը, ազատ տնտեսական մրցակցության, տնտեսական գործունեության ազատության երաշխավորումը, ինչպես նաև մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման տեսանկյունից առանձնակի կարևորեց իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսումն ու դրան իրացման կառուցակարգերի սահմանումը: