02.08.2019
Օգոստոսի 1-ին, Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում։
Այս հանդիպմամբ ամփոփվելու է քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություների, խմբերի, տեղական ինքնակառավարման մարմնինների և բիզնեսների հետ կայացած քննարկումների շարքը: Քննարկմանը՝ բացման իր խոսքում, նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համախմբող կոալիցիա, առաջարկել ենք կոռուպցիայի դեմ պայքարի հայկական մոդել, որովհետև, գտնում ենք, որ միջազգային փորձը շատ լավ է դասեր քաղելու համար, որպեսզի ձախողված օրինակները չկրկնենք իսկ հաջողված փորձերը տեղայնացնենք: Առաջին օղակում այն բաղկացած է մի մարմնից, որը մենք անվանում ենք ունիվերսալ մարմին, որում են հակակոռուպցիոն 3 բաղադրիչները՝ հակակառուպցիոն կրթությունը, կոռուպցիայի կանխարգելումը և պատժի անխուսափելիության ապահովումը: Երկրորդ օղակում դատախազության մասնագիտացված մարմինն է: Երրորդ օղակը դատական համակարգն է. մենք գտնում ենք, որ պետք է լինեն մասնագիտացված դատարաններ, քանի որ հիմա դատական համակարգի նկատմամբ անվստահություն կա»,- ներկայացնելով ռազմավարության կարևոր բաղադրիչները՝ ասաց Կարեն Զադոյանը:
Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղհասարակության այն կառույցներին, որոնք նախարարության հետ համատեղ քննարկումներ կազմակերպեցին: «Սա չի լինելու քարացած փաստաթուղթ և ենթակա է անընդհատ փոփոխման, այսինքն, եթե տեսնենք, որ մի քանի ամիս անց ինչ-որ մի բան չենք նախատեսել, կամ չհասցնենք ֆինանսական գնահատականը ամբողջ խորությամբ տալ՝ կարող ենք դա վերանայել և փոփոխել, իհարկե չհաշված կոնցեպտուալ հարցերը»,-նշեց նախարարը՝ շեշտելով, թե ինչով է այս ռամավարությունը տարբերվելու նախորդներից:
«Հանրային խորհուրդը իր ստեղծման առաջին օրվանից հակակոռուպցիոն պայքարի քաղհասարակության կառույցների և փորձագետների կողքին է և այսուհետ պատրաստ է իր հարթակը տրամադրել նման քննարկումների, նախագծերի մշակման, վերամշակման, առաջարկությունների ձևավորման նպատակով»,-ողջույնի իր խոսքում ասաց Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծերը: Վերջինս ներկայացրեց, որ ի թիվս այլ բարեփոխումների, նշյալ ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելում նաև մասնավոր ոլորտում, որի շրջանակներում սահմանվելու է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրում գործարար ոլորտում և հանրային նշանակության կազմակերպություններում։
Այնուհետև, հաջորդեց թեժ քննարկումը։ ՓՄՁ ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանն իր հարցադրումն ուղղեց Արդարադատության փոխնախարար տիկին Գալյանին․ "Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն ենք նախատեսում։ Հարցս է․ սա նո՞ր բան է, ինչպե՞ս ենք ենթարկելու ընկերությանը պատասխանատվության։ Մեր մոտեցումն է, որ անհրաժեշտ է ազատականացնել հանցագործությունները և շեշտը դնել կազմակերպությունների կողմից վնասի վերականգնման վրա"։
Ի պատասխան Հակոբ Ավագյանի հարցին տիկին Գալյանը նշեց․ "Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը գործում է մի շարք արտասահմանյան երկրներում։ Սկզբնաղբյուրը անգլոսաքսոնական իրավունքի երկրներն են։ Էնտեղ հաջողությամբ մի երկու դար առաջվանից գործել է, որից հետո մայրցամաքային իրավունքի երկրները որդեգրել են։ Մեր պետությունը ներկա պահին որդեգրել է այն գաղափարը, որ իրավաբանական անձինք հանդիսանալու են ոչ թե հանցագործության սուբյեկտ, այլ քրեական պատասխանատվության սուբյեկտ։ Մի շարք իրավաբան-գիտնականներ ընդիմանում են, որ սա դեմ է ըստ մեղքի և անձնական պատասխանատվության հիմնարար սկզբունքներին։ Մեզ մոտ իրավաբանական անձը ենթարկվելու է պատասխանատվության ֆիզիկական անձի կատարած որոշակի արարքի համար։ Իրավաբանական անձի պատասխանատվությունը, ըստ էության, հետևանք է հանդիսանալու։ Սա քրեաիրավական ներգործության միջոց է լինելու խիստ սահմանափակ պատժատեսակներով՝ հիմնականում տուգանքի կիրառման հնարավորությամբ։ Իհարկե, որոշակի ժամկետով որոշակի գործունեության սահամնափակումը, որոշակի տեսակի գործունեությամբ զբաղվելու արգելքը, միջազգային կազմակերպությունների ՀՀ տարածքում որոշակի գործունեությամբ զբաղվելու արգելքը, պետական գնումներին մասնակցելու արգելքը, ես թվարկում եմ պատժատեսակները, որպեսզի ընկալվի, թե քրեական պատասխանատվության ինչ շրջանակի մասին է խոսքը։ Ամենախիստ պատժատեսակը, իհարկե, կազմակերպության լուծարումն է։ Այս պահին ըստ էության իրավաբանական անձի "մեղքը" կապվում է ֆիզիկական անձի մեղքի հետ, այսինքն ֆիզիկական անձի մեղքից պիտի բխվի իրավաբանական անձի պատասխանատվությունը։ Նշեմ նաև, որ որոշ կոնկրետ հանցագործությունների դեպքում կարող է խոսք գնալ իրավաբական անձի պատասխանատվության մասին, մասնավորապես շրջակա միջավայրի անվտանգության դեմ և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների մասին է խոսքը։ Հարկերից խուսափելուն վերաբերող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի դեպքում խնդրահարույց է։ Բայց դա չի նշանակում, որ Քրեական օրենսգրքով գործող խրախուսական նորմը, երբ անձը հատուցում է վնասները, վճարում է հարկը և ազատվում է քրեական պատասխանատվությունից, չի գործելու։ Էսպես է լինելու․ առանձին հանցակազմեր չեն նախատեսվելու իրավաբանական անձանց համար։ Ընդհանուր մասում նախատեսվելու է առանձին գլուխ, որի նկատմամբ կիրառելի են լինելու հատուկ մասում նշված նորմերը։ Իհարկե սանկցիաները խիստ սահմանափակ են լինելու, որոնք նշված են լինելու Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում"։
"Իրավաբանների հայկական ասոցիացիա" ՀԿ-ի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշեց․ "Քրեական օրենսգրքի նախագծում դրույթ կա, որով իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունը հնարավոր է բացառվի, եթե ապացուցվի, որ վերջինս ձեռնարկել է միջոցներ, որպեսզի կանխվեր այդ հանցավոր, կոռուպցիոն դրսևորումը։ Ես առաջարկում եմ, որ նման միջոցներ դիտարկվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը, որոնք ուղղված են բիզնես կազմակերպության ներսում միջավայրի առողջացմանը և վարակիչ ազդեցություն ունեն։ Եթե իրավական հիմքերի վրա դնենք, կարող է շատ արդյունավետ գործել, ինչպես վկայում է միջազգային փորձը։"
«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար, հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց․ "Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հետ կապված միջազգային պրակտիկայում շատ հաճախ պատժամիջոցները ունեն այն ուղղվածությունը, որ ոչ թե ոչնչացնեն ընկերությանը, այլ կանխարգելիչ մեծ դեր ունենան։ Թե Ֆրանսիայում, թե Գերմանիայում տարբեր պատասխանատվության միջոցները ներառում են առևտրային ընկերությանը վարչական հսկողության, դատական հսկողության տակ պահելը։ Որպես այդպիսի պատժատեսակ նախատեսվում է նաև հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդնումը։ Որպես առաջարկություն՝ դիտարկեք նաև պատասխանատվության միջոցների շրջանակի ընդլայնումը՝ ներառելով կանխարգելիչ միջոցներ"։
Հավելենք, որ մինչ այս նմանատիպ քննարկումներ են եղել Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում: