Ստուգել հայտի կարգավիճակը

Հաճախ սնանկանում են սեփական սխալի հետևանքով

21.01.2017

Եթե կան գործող և լավ օրենքներ, ապա կոռուպցիան կործանիչ է բիզնեսի համար. մեզ հետ զրույցում նշում է «Չոր մարքետինգ» գրքի հեղինակ, գործարար, մարկետոլոգ Վահրամ Միրաքյանը: Իսկ ընդհանուր առմամբ, նրա խոսքով, բիզնեսի զարգացմանը նպաստում են խաղի ընդհանուր, հաստատուն և կանխատեսելի կանոնները:

-Դուք կարծես առաջնամարտիկն էիք բանանի ներկրման մենաշնորհը կոտրելու: Ինչու՞  որոշեցիք բանան ներկրել, ի՞նչ դժվարություններ եղան ներկրման ընթացքում:

-Վերջին շրջանում մի քանի անգամ աղմուկ եղավ, որ որոշ մարդիկ փորձել են  ներկրել, բայց խոչընդոտել են իրենց:  Ես բնավորության մի գիծ ունեմ, երբ  անդընդհատ սկսում են խոսել  չլինող մի բանի մասին, ես ուզում եմ դա անել: Այդպես իդեան ծնվեց:  Բնականաբար, դա նաև շահութաբեր գործունեություն է:  Խոսեցի գործընկերների հետ, և որոշեցինք անել: Իրականում այնքան էլ մտածված քայլ չէր, քանի որ գնելուց հետո պրոբլեմները սկսվեցին, թեև լուծվեցին, իհարկե:  Խոսքը բանանի հասունացման հետ կապված խնդրի մասին է: Կա կանաչ և կա հասունացած, դեղին բանան: Հասունացնում են էթիլեն գազի օգնությամբ, որը նույն բնական գազն է, որ ինքն է արտադրում հասունացման ժամանակ: Սակայն այս դեպքում արհեստականորեն ես տալիս, քանի որ Էկվադորից հասունացած բանանը չի կարող հասնել Հայաստան. հասունացած բանանի պահպանման ժամկետը 5-6 օր է, իսկ  կանաչ բանանինն անհամեմատ ավելի երկար է:

Մենք բանանը գնեցինք Ռուսաստանից, հենց նավահանգստից վերցրել ենք, որպեսզի  նաև մաքսազերծման խնդիր չլիներ: Էկվադորից գնելու դեպքում հնարավոր ռիսկերը մեծանում են: Գնեցինք կանաչ բանանը, հետո գնեցինք նաև այն տեխնոլոգիաները, որով պիտի հասունացնեինք, Ռուսաստանից մասնագետ հրավիրեցինք, սովորացրեց մեզ այդ ամբողջ գործընթացը: Այդ ամենը բարդ էր, բայց հաջողությամբ ստացվեց: Մենք սուպերմարկետներին հանձնեցինք շուկայականից 30 տոկոս մատչելի գնով և հենց Ամանորից առաջ էլ սուպերմարկետներում սկսվեց վաճառքը: Որոշ տեղերում վաճառվում էր 1 կգ-ը 700 դրամով, որոշ տեղերում՝ մինչև 1200 դրամով: Բայց ո՞վ էր տեսել, որ Ամանորից առաջ բանանը 700 դրամով վաճառվեր:

Ի դեպ, մոտ երկու շաբաթ ապրանքը մնաց Լարսում (անցակետի փակ լինելու հետևանքով ավտոմեքենաների խցանումներ կային,- հեղ.): Անտրամաբանական ու անհասականելի էր փակ լինելը, ու ճանապարհը բացվեց այն ժամանակ, երբ ամենավատ եղանակներն էին:

-Իսկ արդեն մաքսայինում խնդիրներ եղա՞ն:

-Բացարձակ, բացարձակ որևէ խնդիր չի եղել: Մաքսավորը միայն վարորդից հարցրել էր. «Սա էն մարկետոլոգի բանան է»: Վարորդն ասել էր՝ այո:

-Իսկ եթե ասեր՝ ոչ:

-Չեմ կարող ասել: Բայց ասեմ, որ  ուրիշ ներկրողներ եղան, որ այդ շրջանում 3-4 «ֆուռ» բերեցին:

-Ըստ Ձեզ, ի՞նչն էր այդ հաջողության գաղտնիքը, որ ձեր դեպքում որևէ խնդիր չեղավ:

-Հանրային աղմուկը, այն իր ազդեցությունն ու դերը ունեցավ: Տեսեք, ոչ միայն մեր, այլ առհասարակ բանանի ներկրման մասով թեման պոպուլիզացվեց: Մինչև հիմա  վարչապետին ուղղված ամեն երրրոդ հարցը բանանի ներկրմանն է վերաբերում, դարձել է երկրի «թոփ» խնդիրներից մեկը: Եվ այսքանից հետո, չեմ կարծում, թե խոչընդոտ կլիներ:

-Իսկ ենթադրվու՞մ է, որ շարունակություն կլինի, ներկրման բիզնեսը կայունացնելու միտում կա՞:

-Այո, իհարկե: Հո՞ պոպուլիստ չենք, որ մի անգամ բերեցինք ու վերջ՝ ինչ-որ բան ցույց տալու համար: Հիմա սառնարաններ ենք հավաքում, որ  կարողանանք նորից ներկրել: Անցյալ անգամ համապատասխան պայմաններ չկային, ահագին բարդ էր, շատ չարչարվեցինք:

-Որպես մարկետոլոգ, հաճախ եք աշխատում տարբեր ձեռներեցների հետ, հիմնականում իրենց գործունեությանը խոչընդոտող ի՞նչ խնդիրների մասին են խոսում նրանք:

-Ձեռներեցն այն մարդն է, ով աշխատավարձով չի աշխատում, ձեռնարկում է, ստեղծում է իրենը և նույնիսկ ինքն է աշխատավարձեր տալիս: Ձեռներցը ելքեր գտնող, հաղթող տեսակն է: Կարող ենք շատ միլիարդատերերի թվարկել, որոնց կարողությունը կուտակվել կամ մեծացել է հենց  ճգնաժամային իրավիճակներում:  Մեզ մոտ էլ ճգնաժամային իրավիճակ է, երբ  խաղի նախկին կանոններն այլևս չեն աշխատում:

Մի քանի օր առաջ  լսեցի, որ մի հայտնի ոսկերիչ, ով երեք չորս տարի առաջ  ամսական 30 հազար դոլարի մաքուր շահույթ էր ունենում, ամեն ինչ վաճառել, Սիրբիր է գնացել:  Ինչու՞: Որովհետև իր խաղի կանոններն այլևս չեն աշխատում: Իր խաղի կաոններն այն էին, որ պիտի կանգներ ոսկու շուկայում, գային խնդրեին ոսկու համար (խնդրում էին, որովհետև պահանջարկ կար, առնում էին այլ երկրներում վերավաճառելու համար), ինքն էլ ոսկու հետ տարբեր բաներ խառներ ու գերշահույթ ստանար: Իսկ հիմա ոսկու շուկա քիչ մարդ է գնում, գնալիս ավելի մատչելի բաներ են ուզում գնել, գնում եմ այն մարդուց, ով, օրինակ, սոցցանցերում ավելի ակտիվ է, մարկետինգի վրա ներդրում է անում,  որակյալ սպասարկում ունի, ցելոֆանի մեջ «մուննաթով» 2000 դոլարանոց մատանին չի դնում ու տալիս գնորդին: Խաղի կանոնները փոխվել են, ու նոր ալիքը նավակը շուռ է տալիս:

-Ես կցանկանայի, որ խոսեիք պետության կողմից ստեղծվող խոչընդոտների մասին, եթե, ըստ Ձեզ, կան այդպիսիք: Մասնավորապես, շատ են բողոքում հարկային քաղաքականությունից:

-Մոտ երեք ամիս առաջ իմ ընկերներից մեկի ընկերության աշխատանքը հարկայինը բավականին երկար ժամանակ պառալիզացրել էր, ստուգումներ էին անում, չկային խախտումներ, բայց գումար էին ուզում և դա չէին ուզում պետական բյուջե վճարելու համար:

Բայց Ամանորից առաջ լսեցի, որ հարկային տեսուչները ստուգումների են գնացել ուղղակի իրավիճակը հասկանալու համար: Նույնիսկ նրանց առաջարկել են ինչ-որ բան, բայց հրաժարվել են: Նման բան ո՞վ էր լսել հարկայինի մասին:

Գիտեք, նեգատիվը շատ է տարածվում: Ես վստահ եմ, որ խախտումների դեպքերը շատ են եղել ու հիմա էլ են լինում, բայց քանի՞ տոկոսն են կազմում,  դա այլ հարցն է: Քանի դեռ դրական, սահուն դեպքերին չենք անդրադառնում, քանի որ դա ռեկլամ է ( որոշ լրառտվամիջոցների բառապաշարով եմ ասում),  նշվում է միայն բացասականը ու տպավորություն է լինում, որ ամեն ինչ միայն բացասական է:

Գիտեք, շատ են դեպքերը, երբ բիզնեսը չի ստացվում, սկսում են երկրից բողոքել, հետո պարզվում է, որ խնդիրը սխալ կառավարումն է: Օրինակ, թռչնաբուծական մի ֆաբրիկա կար, որը սնանկացավ, պարզվեց պատճառն այն էր, որ 6 ամիս շարունակ գազի վարձը չէր վճարել, անջատել էին: Լինում են դեպքեր, երբ հենց շրջանառվող միջոցներից են գումարներ հանվում:   Իհարկե, կան դեպքեր, երբ կողքից «օգնում են» բիզնեսի կործանմանը, բայց շատ դեպքերում նաև հենց իրենց սխալն է պատճառ լինում:

-Իսկ կոռուպցիան ի՞նչ ազդեցություն է ունենում բիզնեսի վրա:

-Տրամաբանական է, որ բացասական: Բիզնեսի աճին օգնում են միայն խաղի հաստատուն կանոնները, որոնց շնորհիվ կանխատեսելի է դառնում ապագան:  Կոռուպցիան լավ է, նույնիսկ երբեմն փրկող, եթե օրենքներն են վատը (և դրանք կիրառող չինովնիկները), և  հակառակը՝ եթե օրենքները լավն են, կոռուպցիան կործանիչ է:

Աստղիկ Կարապետյան

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

 

 

Վերադառնալ ցանկ