«ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծով նախատեսվում է հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցում և դրանցում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմի ներդրում՝ այդ թվում` առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հաղթահարման մեխանիզմների ներդրում և Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում:
«Որպես գործողության կատարման ակնկալվող արդյունք նախատեսել «Բիզնեսում մասնավոր դետեկտիվների ինստիտուտի» ներդնումը՝ հաշվի առնելով, որ վերջինս փոխկապակացված է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի հետ այնքանով, որ դրանց մի բաղադրիչը “Due Diligence”-ն է` երրորդ կողմերի, ներառյալ՝ բիզնես գործընկերների ռիսկի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության կատարումը, որն իրականացվում է ֆոնային ստուգումների (background check) միջոցով՝ հաճախ այդ նպատակով ներգրավելով մասնավոր դետեկտիվներին»,-մեզ հետ զրույցում նշում է Իրավաբանների հայկական ասոցիացիայում «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի փորձագետ Լուսինե Նալբանդյանը:
Նրա խոսքով, բիզնես ոլորտում մասնավոր դետեկտիվներն էական աջակցություն են ցուցաբերում տնտեսվարող սուբյեկտներին նրանց պարտապանների և այլ գործընկերների հեղինակության և ֆինանսական վիճակը ուսումնասիրելու և իրենց վրա վերցված ֆինանսական պարտավորությունները իրականում կատարելու իրենց կարողությունը որոշելու հարցում:
«Վերոնշյալի շնորհիվ էական չափով կանխվում է ռիսկային գործարքների կնքումը և պարտապանների կողմից պարտքի վճարումից խուսափումը: Մասնավոր դետեկտիվը կարող է պարզել, արդյո՞ք ակտիվները ֆիկտիվ են, կատարվել են արդյո՞ք ոչ պատշաճ վճարումներ կամ արդյո՞ք առկա են այլ խեղաթյուրումներ կամ կեղծիքներ: Բացի այդ, մասնավոր դետեկտիվ գործունեության սուբյեկտները իրականացնում են ծավալուն աշխատանք մտավոր սեփականության իրավունքների խախտումների փաստերի բացահայտման, հատկապես` ապրանքային նշանների ապօրինի օգտագործման հարցում և այլն: Այս հարցի շուրջ միջազգային փորձի վերլուծությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Կանադան, Հնդկաստանը, Իսրայելը, Ճապոնիան, Նորվեգիան, Իսպանիան, Իտալիան, Պորտուգալիան, Մեքսիկան, Ռուսաստանը և աշխարհի շատ այլ երկրներում մասնավոր դետեկտիվների ինստիտուտը ճանաչված է պետական մակարդակով»,-ներկայացնում է Լուսինե Նալբանդյանը։
Փորձագետը նաև նշում է, որ որպես գործողության կատարման ակնկալվող արդյունք պետք է նախատեսել «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնման օրենսդրական պարտադիր պահանջի սահմանումը հանրային նշանակության կազմակերպությունների, ոչ հանրային նշանակության խոշոր ընկերությունների և պետության կամ համայնքի կողմից հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների համար»։
«Որպես գործողության կատարման ակնկալվող արդյունք պետք է նախատեսել «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը՝ որպես իրավաբանական անձանց պատասխանատվության բացառման/մեղմացման հիմքի նախատեսում»։ Իսկ որպես գործողության կատարման ակնկալվող արդյունք պետք է նախատեսել «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը՝ որպես պետական գնումներում հավասար պայմանների դեպքում մասնակիցներին նախապատվություն տալու հիմք»»,-եզրափակում է Լուսինե Նալբանդյանը։