Ստուգել հայտի կարգավիճակը

Հակակոռուպցիոն պայքարին միանալու բիզնեսների հայտարարությունը պատրաստ է

23.08.2019

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ստանձնել է հանձնառություն Հայաստանյան բիզնեսներում ներդնել Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր՝ ՀՀԾ (Anti-Corruption Compliance Programs), որոնք կնպաստեն Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։ Նախ նշենք, որ ՀՀԾ-ի ներդրումը բիզնեսներին կտա անհատական և գլոբալ օգուտներ, որոնք են՝

1. ՀՀԾ-ն կարող է հիմք լինել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության բացառման համար։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի նոր նախագծով նախատեսվում է․ «․․․իրավաբանական անձի քրեական պատասխանատվությունը բացառվում է, եթե նրա կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ և բավարար բոլոր միջոցները սույն օրենսգրքի հոդված 128-ի առաջին մասով նախատեսված անձանց կողմից հանցանքի կատարումը կանխելու նպատակով, սակայն հանցագործությունը կանխելու իրական հնարավորությունը բացակայել է»։ Ուստի, որպես նման միջոց կարող է նախատեսվել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը:

2. ՀՀԾ-ի ներդրումը խթանում է ընկերության նպատակների իրագործմանն ուղղված գործունեությունն իրականացնելիս էթիկական վարքագծի և կորպորատիվ կանոնների պահպանմանը և կորպորատիվ մշակույթի զարգացմանը,

3. ՀՀԾ-ի ներդրումը երկարաժամկետ նպատակ է հետապնդում, ուստի այն կկրճատի գործարարության ծախսերը,

4. Քանի որ միջազգային բիզնես կազմակերպությունները կարևորում են իրենց գործընկերների կողմից ՀՀԾ ամբողջական ներդրումը, այն հնարավորություն կտա համագործակցել միջազգային շուկայի մասնակիցների հետ, բերել ներդրումներ, մասնակցել ՀՀ-ում գործող խոշոր տնտեսական ընկերությունների կամ միջազգային ընկերությունների հայտարարած մրցույթներին, 

5.ՀՀԾ-ի ներդրումը կօգնի նվազեցնել մի շարք բիզնես ռիսկեր, ինչպիսիք են մրցութային գործընթացներից հեռացման ռիսկի նվազում, գործարար համբավին, ապրանքանշանին և բաժնետոմսերի արժեքին վնասի հասցման ռիսկի նվազում,

6. ՀՀԾ-ի ներդրումը կօգնի բարձր սկզբունքներ հարգող աշխատակիցներ ներգրավել Ձեր բիզնեսում:

7. մի շարք այլ օգուտներ։

          Այսպիսով, հիմք ընդունելով, որ ՀՀԾ-ի ներդրումը բիզնեսում կոռուպցիայի դեմ պայքարի անբաժանելի մասն է կազմում և անհրաժեշտ է ՀՀ-ում բիզնես գործունեություն իրականացնող գրեթե բոլոր ընկերություներին՝ մասնավոր սեկտորում իրենց տեղն ունենալու և ազատ ու բաց մրցակցային շուկայի մասը կազմելու, առաջարկում ենք և կոչ ենք անում բիզնես ընկերություններին  միանալ ստորև ներկայացված  հայտարարությանը․

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

            Մենք՝ որպես մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ Հայաստանում, գիտակցում ենք, որ կոռուպցիան մեծ արգելք է երկրի շուկայի կայացման, ինչպես նաև ընկերությունների շարունակական հաջողության համար։ Մենք նաև գիտակցում ենք, որ թափանցիկությունը, էթիկան, ազնվությունը և հաշվետվողականությունն են այն միջոցները, որոնցով հնարավոր է պայքարել կոռուպցիայի դեմ և ապահովել բոլորի համար արդարացի հնարավորություններ շուկային մասնակից դառնալու համար։ Աջակցելով հետագայում իրականացվող գործողություններին՝ մենք հայտարարում ենք մեր մտադրությունը՝

1)    զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ պատշաճ կերպով, միջազգայնորեն ճանաչում ստացած հակակոռուպցիոն չափանիշներին և Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,

2)    արգելել բոլոր աշխատակիցներին ծավալել կոռումպացված, զեղծարար և անբարեխիղճ գործունեունեություն մասնավոր և պետական պաշտոնյաների ու կազմակերպությունների հետ,

3)    ներդնել բացահայտման թափանցիկ քաղաքականություններ ընկերության գործունեության համար՝ ներառյալ ապահովելով ընկերության իրական սեփականատերերի մասին թափանցիկությունը,

4)    մեր աշխատակիցներին, հաճախորդներին, գործընկերներին և մատակարարներին վերաբերվել ազնվությամբ և հարգանքով,

5)    ձեռք բերել հեղինակություն էթիկայի, իրավասության և բարձր որակի միջոցով,

6)    աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի համազգային նախաձեռնություններին, որոնք նպատակաուղղվածեն ստեղծել արդար շուկայական պայմաններ, խթանե լբիզնես գործարքների թափանցիկությանը և ապահովել լավ կորպորատիվ կառավարում Հայաստանում,

7)    մշակել համապատասխան փորձ վերը նշված սկզբունքները, հասկացություններն ու քաղաքականությունները մեր ընկերության բոլոր մասնակիցների, ինչպես նաև մեր հաճախորդների, գործընկերների և մատակարարների շրջանում տարածելու համար։

Ընկերությունը ստորագրում է            

………………………………………………
Պաշտոնը:…………………………………
Կազմակերպությունը: ……………………………………………………
Ամսաթիվ: ……………………………………….     

Նախաձեռնող գործընկերներ           
Իրավաբանների հայկական ասոցիացիա

Երևանի առևտրի և արդյունաբերության պալատ

Կորպորատիվ կառավարման կենտրոն        

 

 

Վերադառնալ ցանկ