Ստուգել հայտի կարգավիճակը

Միացի´ր աշխարհի ամենամեծ հակակոռուպցիոն նախաձեռնությանը։ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի սկզբունքները և հակակոռուպցիոն կոչը։

30.08.2019

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ստանձնել է հանձնառություն Հայաստանյան բիզնեսներում ներդնել Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր՝ ՀՀԾ (Anti-Corruption Compliance Programs), որոնք կնպաստեն Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։ 


Շարունակելով իրազեկումների շարքը՝ բիզնես ընկերություններին ենք ներկայացնում կորպորատիվ կայունության ապահովմանն ուղղված աշխարհում ամենամեծ նախաձեռնության մասին, որն է «ՄԱԿ-ի գլոբալ պայմանագիրը»։ Այն առաջարկում է ընկերություններին իրենց ռազմավարություններն ու գործունեությունը համապատասխանեցնել մարդու իրավունքների, աշխատանքի, շրջակա միջավայրի և կոռուպցիայի դեմ պայքարի համընդհանուր սկզբունքներին։ Վերջինս պարտադիր ուժ չունի։

Պայմանագրին մինչ օրս միացել են 12.000-ից ավելի կազմակերպություն, որից 8.000-ը բիզնեսներ են և 4.000-ը՝ ոչ առևտրային կազմակերպություններ։

«ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի» տասը սկզբունքները բխում են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի հիմնարար սկզբունքների և իրավունքների մասին հռչակագրից, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման Ռիոյի հռչակագրից և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայից:


Այդ սկզբունքներն են՝

1. Մարդու իրավունքների ոլորտում բիզնեսները պարտավոր են․

- հարգել միջազգայնորեն հռչակված մարդու իրավունքների պաշտպանությունը և աջակցել դրան,

- համոզվել, որ մասնակից չեն մարդու իրավունքների ոտնահարումներին։

2. Աշխատանքային իրավահարաբերություններում բիզնեսները պարտավոր են․

- պաշտպանել միավորումների ազատությունը և կոլեկտիվ վեճերի իրավունքի ճանաչումը,

- վերացնել հարկադիր և պարտադիր աշխատանքի բոլոր դրսևորումները,

- վերացնել երեխաների շահագործումը,

- վերացնել խտրականությունը աշխատանքի և զբաղվածության ոլորտում:

3. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բիզնեսները պարտավոր են․

- աջակցել շրջակա միջավայրի մարտահրավերների կանխարգելիչ մոտեցմանը,

- ձեռնարկել նախաձեռնություններ՝ խթանելու շրջակա միջավայրի նկատմամբ ավելի մեծ պատասխանատվության սերմանմանը,

- խրախուսել էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացումը և տարածումը:

4. Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսները պարտավոր են․

- խուսափել կաշառքից, շորթումից և կոռուպցիոն այլ դրսևորումներից,

- մշակել պրոակտիվ կերպով քաղաքականություններ և կոնկրետ ծրագրեր, մասնավորապես բիզնես կազմակերպության ներսում և մատակարարման ոլորտում հնարավոր կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարելու նպատակով։

 

Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսները պարտավոր են ձեռնարկել հետևյալը.

- Ներքին․ Որպես առաջին և հիմնական քայլ` ներդնել հակակոռուպցիոն քաղաքականություններ և ծրագրեր իրենց կազմակերպություններում և գործարար գործունեության շրջանակներում:

- Արտաքին․ Զեկուցել կոռուպցիայի դեմ ուղղված աշխատանքների մասին «Առաջընթացի մասին ամենամյա հաղորդակցություն»-ում և իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ կիսվելով կոնկրետ օրինակներով և պատմություններով։

- Հավաքական գործողություններ․ միավորել արդյունաբերության ճյուղի գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի ուժերը` կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը ուղղորդելով (տվյալ) դաշտը հավասարեցնելու և բոլորի համար արդար մրցակցություն ապահովելու նպատակով։  Ընկերությունները կարող են օգտագործել Հավաքական հակակոռուպցիոն գործողությունների հաբը՝ ընկերության անձնական էջ ստեղծելու, ծրագրեր առաջարկելու, գործընկերներ և ընթացիկ ծրագրեր, ինչպես նաև հավաքական հակակոռուպիոն գործողություններ իրականացնելուն ուղղված ռեսուրսներ գտնելու նպատակով։

- «Կոռուպցիայի դեմ պայքարի կոչի» ստորագրում։ 

 

ՄԱԿ-Ի ԳԼՈԲԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉ

 

Կոռուպցիայի դեմ պայքարի կոչը մասնավոր հատվածի ուղերձն է կառավարություններին՝ իրականացնել լավ կառավարման համակարգերի ձևավորմանն ուղղված հակակոռուպցիոն քաղաքականություններ կամ նպաստել դրանց իրականացմանը: Կոչը գործարկվել է 2014թ.-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարը և լավ կառավարումը ՄԱԿ-ի 2015թ.-ի Կայուն զարգացման նպատակներում՝ որպես կայուն և ներառական համաշխարհային տնտեսության հենասյուներ ներառելու նպատակով։ Աշխարհի ավելի քան 250 ընկերություն և ներդրող միացել են նշյալ ուղերձին: Ինչու՞մն է կայանում կոչի էությունը․

- «լիարժեք կերպով իրականացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի հիմնադրույթները՝ ուժեղացնելով հակակոռուպցիոն քաղաքականությունները, օրենքներն ու կիրառման մեխանիզմները՝ հավասար «խաղի կանոններ» ստեղծելու և լավ վարքագիծը խթանելու նպատակով,

- ստանձնել հանձնառություն՝ նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը կայուն զարգացմանն աջակցող մեծամասշտաբ այն ծրագրերի շրջանակում, երբ առկա են գնումներին և պայմանագրերին առնչվող գործընթացներ,

- ներգրավվել գնումների կազմակերպման մրցակցային և թափանցիկ գործընթացներում՝ պետական բոլոր գնումների վերաբերյալ հանրային գովազդի միջոցով,

- հասնել ավելի թափանցիկության ապահովմանը` կապված կառավարությունների՝ մասնավոր հատվածի ընկերությունների կողմից ստացված եկամուտների հետ,

- աջակցել կոռուպցիայի դեմ պայքարի, կորպորատիվ կառավարման, նորարարական հավաքական գործողությունների և պետական-մասնավոր գործընկերության նախաձեռնությունների խթանմանն ուղղված կորպորատիվ ջանքերին»։

 

Եթե դուք բիզնես ընկերություն եք և ցանկանում եք միանալ «ՄԱԿ-ի գլոբալ պայմանագիր» նախաձեռնությանը՝ միանալով «Կոռուպցիայի դեմ պայքարի կոչին», ապա պետք է գրեք նամակ՝ հայտնելով աջակցություն և հանձնառություն՝ կանխարգելելու կոռուպցիոն ցանկացած դրսևորում, ներառյալ՝ կաշառքը և շորթումը։ Նամակը ստորագրում է խորհրդի՝ կորպորատիվ կառավարման համար պատասխանատու անդամը կամ (ղեկավար) գործադիր մարմնի ներկայացուցիչը։ Ստորագրված նամակը ուղարկում են anticorruption@unglobalcompact.org հասցեին և խթանում են կոչը իրենց սեփական կայքերում և սոցիալական էջերում`օգտագործելով #BizAgainstCorruption հեշթեգը։

 

 

«ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրի» սկզբունքները ներառող կայքը՝ https://www.unglobalcompact.org/what-is-gc/mission/principles,

Հավաքական հակակոռուպցիոն գործողությունների հաբի (Anti-Corruption Collective Action Hub) հղումը՝  https://businesspartnershiphub.org/anti-corruption/,

«ՄԱԿ-ի գլոբալ պայմանագիր» նախաձեռնության կոռուպցիայի դեմ պայքարի կոչի հղումը՝  https://www.unglobalcompact.org/take-action/action/anti-corruption-call-to-action։

 

 

Վերադառնալ ցանկ