2019 թվականի օգոստոսի 26-ին e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության» նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատասխանատվություն իրավաբանական անձանց համար:
Գործող քրեական օրենսգրքի պայմաններում, երբ իրավաբանական անձը չի համարվում քրեաիրավական ներգործության սուբյեկտ, հնարավոր չի լինում ապահովել պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի գործողությունը մի շարք դեպքերում։ Մասնավորապես, երբ քրեական օրենսգրքով պաշտպանվող հասարակական հարաբերություններին վնաս է պատճառվում հենց ի շահ իրավաբանական անձի, այդ թվում՝ երբ հնարավոր չի լինում նույնականացնել վնասը պատճառած ֆիզիկական անձին։
Մեկ այլ դեպք է, երբ վնասի պատճառումը տեղի է ունենում տվյալ կազմակերպությունում ներքին վերահսկողության, իր աշխատակիցների կողմից հանցանքների կատարումը կանխարգելելու մեխանիզմների բացակայության պատճառով: Որպես կանոն, իրավաբանական անձանց պատճառած վնասը մի քանի անգամ գերազանցում է ֆիզիկական անձանց պատճառած վնասը, ինչը պետք է համարժեք քրեաիրավական արձագանքի արժանանա: Ուստի քրեական օրենսդրությամբ անհրաժեշտ է ներդնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը: