«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի» (CIPE) կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի շրջանակներում պարտավորություն է ստանձնել հայաստանյան բիզնես ձեռնարկություններում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր (ACCP-ՀՀԾ) ներդնել, ինչը կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը:
Իրազեկումենրի շարքը շարունակելով, ներկայացնում ենք տարբեր երկրների որոշ կանոնակարգեր, որով իշխանությունները խրախուսում են այն իրավական կարգավորումների և մեխանիզմների առկայությունը, որոնց շնորհիվ ՀՀԾ-ն իր բոլոր բաղադրիչներով ներդրած ընկերությունները, պետք է որոշակի առավելություններ ստանան պետական գնումների գործընթացում:
Նախևառաջ, հարկ է նշել, որ դա ամրագրում է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական փաստաթուղթը՝ Միավորված ազգերի կազմակերպության կոռուպցիայի դեմ կոնվենցիան, որի 12-րդ հոդվածը սահմանում է, «Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման, մասնավոր հատվածում հաշվապահական հաշվառման ստանդարտների և աուդիտի ուժեղացման և, համապատասխան դեպքերում, այդպիսի միջոցների չպահպանման համար արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատժամիջոցների սահմանման ուղղությամբ»։
Ի հավելումն նշվածի, մասնավոր հատվածում պետությունների ստանձնած պարտավորությունների իրականացման նպատակով Կոնվենցիայի 9-րդ հոդվածը սահմանում է հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը։
Ակնհայտ է, որ պետությունը տնտեսական հանցագործությունների քանակը նվազեցնելուն միտված դրական պատասխանատվություն ունի, իսկ պետական գնումները՝ կոռուպցիոն ռիսկերի բարձր մակարդակ ունեցող ոլորտ է հանդիսանում: Հետևաբար, պետությունների համար պարտադիր է սահմանել կարգավորող նորմեր, որոնք վերահսկելու են պետական գնումների գործընթացը բիզնես ընկերությունների շրջանակներում, ներառյալ այդ գործընթացում կազմակերպություններին տրված հնարավոր առավելություններն ու թերությունները: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն կազմակերպությունները, որոնք հակակոռուպցիոն քաղաքականություն կամ էթիկայի նորմեր են ներդրել, մի շարք առավելություններ են ստանում գնումներ կատարելու ընթացքում՝ ինչպես մասնավոր ընկերությունների կողմից տրամադրված պարտադիր հավաստագրերի, այնպես էլ պետական գերատեսչությունների կողմից սահմանված ընթացակարգերի հաջող ավարտի հիման վրա:
Օրինակ, Մարոկկոյի ձեռնարկությունների ընդհանուր կոնֆեդերացիան հավաստագրեր է տրամադրում այն ընկերություններին, որոնք համապատասխանում են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և կայունության ինը հիմնական սկզբունքներին, ներառյալ կորպորատիվ կառավարման ոլորտում հակակոռուպցիոն արժեքների պահպանումն ու թափանցիկությունը: Այնուհետև ընկերությունները կարող են հետագայում օգտվել հարկային գործարքից:
Մեկ այլ օրինակ է հանդիսանում այն, որ Ֆիլիպիններում ՀՀԾ ներդրած ընկերությունները առավելություններ են ստանում, այդ թվում հարկային ստուգումների կրճատումը, կարևոր վկայագրերի կամ մաքսային գործարքների ավելի արագ տրամադրումը:
Ավելին, Արգենտինայում բարեվարքության ծրագիրը իրավաբանական անձանց համար պարտադիր բաղադրիչ է հանդիսանում պետական մարմինների հետ պայմանագրային հարաբերությունների համար:
Իրավաբանական անձինք պետք է ներդնեն բարեվարքության, վերահսկմա և հսկման խթանման համար ահնրաժեշտ բոլոր գործողությունները, մեխանիզմները և ներքին ընթացակարգերը ներառող բարեվարքության ծրագրեր, որոնք միտված են օրենքում սահմանված բոլոր խախտումների և ապօրինի գործողությունների կանխմանը, հայտնաբերմանը և ուղղմանը:
Բարեվարքության պահանջվող ծրագիրը պետք է վերաբերի իրավաբանական անձի գործունեության ռիսկերին և դրա չափերին։
Այլ կերպ ասած, եթե իրավաբանական անձանց համար առկա է քրեական պատասխանատվություն, և ՀՀԾ ներդրումը կարող է հիմք հանդիսանալ ընկերությանը քրեական պատասխանատվությունից ազատելու համար, հետևաբար, պետք է լինի կանոնակարգ, որի համաձայն ՀՀԾ ներդրած ընկերությունների համար չեն սահմանվի գնումների գործընթացին մասնակցելու նույն բարդ ընթացակարգերը, ինչպես այն ընկերությունների դեպքում, որոնք հակակոռուպցիոն համապատասխանության քաղաքականություններ չեն ներդրել: