Վերջին ժամանակներում խոսվում է իրական սեփականատերերի մասին: Իսկ այժմ փորձենք պարզենք, թե ովքեր են նրանք: Կան տարբեր սահմանումներ, թե ով է ընկնում իրական սեփականատիրոջ եզրույթի ներքո: Այստեղ հարկ է նշել, որ իրական սեփականատերերը ֆիզիկական անձինք են, որոնց կանգնած են ընկերության հետևում: Վերջիններս կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել կամ վերահսկել տվյալ ընկերությանը:
Հետևյալ նկարում վեր են հանված հիմնական եղանակները:
Հարկ է նշել, որ 2017 թվականի ապրիլի 25-ին ուժի մեջ մտած «Գնումների մասին» ՀՀ օրենքով ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է իրական սեփականատերերի ինստիտուտը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի ջանքերով: Այն նախատեսում է, որ մասնակիցը հայտով կներկայացնի իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալները, և եթե մասնակիցը ճանաչվի հաղթող, ապա տեղեկատվությունը կհրապարակվի ինտերնետ միջավայրում գործող գնումների պաշտոնական կայքում:
Ընդ որում, վերոնշյալ օրենքի իմաստով իրական սեփականատերը այն ֆիզիկական անձն (անձինք) է, ով
- ուղղակի կամ անուղղակի ունի գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 10 տոկոսը, ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, կամ
- այն անձն (անձինք) է, ով իրավունք ունի նշանակել կամ ազատել մասնակցող իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ
- ստանում է այդ իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի 15 տոկոսից ավելին, իսկ
- վերջիններիս բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները:
Բացի այդ, Հայաստանի «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) շրջանակներում ձեռնամուխ է եղել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ստեղծել իրական սեփականատերերի գրանցամատյան: Ավելին, այն ստանձնել է պարտավորություն՝ առաջիկա տարիներին քննարկել իրական սեփականատերերի բացահայտման շրջանակի մետաղական հանքարդյունաբերության ոլորտից դուրս ընդլայնման նպատակահարմարությունը[1], ինչից պարզ է դառնում, որ առկա չէ որևէ երաշխիք առ այն, որ շրջանակը կլայնանա։ Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ առկա է իրական սեփականատերերի համապարփակ գրանցամատյանի ստեղծման առավել որոշակի պարտավորությունների անհրաժեշտություն։
Բացի այդ, ԱՃԹՆ անդամությունից բխող պահանջն է «այն իրավաբանական անձանց իրական սեփականատերերի վերաբերյալ հանրամատչելի ռեգիստր պահպանել, որոնք մասնակցում են տենդերների, գործում են կամ ներդրումներ են իրականացնում արդյունահանման ոլորտի ակտիվներում»:[2] Այսինքն, ռեգիստրը չի սահմանափակվում միայն մետաղական հանքերի մի քանի սեփականատերերով, այլև՝ տարածվում է հետևյալի վրա․
- Ընկերություններ, որոնք մասնակցում են տենդերներին՝ մետաղական հանքավայրերն ուսումնասիրելու և շահագործելու իրավունքի համար,
- Կապալառուներ, որոնք հանքավայրերում որոշակի գործունեություն են իրականացնում հանքավայրի սեփականատիրոջ հետ պայմանագրերի հիման վրա,
- Բանկերը, որոնք ֆինանսավորում են մետաղական հանքարդյունաբերությունը։
Հետևաբար, պոտենցիալ ընկերությունների շրջանակը բավականին լայն է, և միշտ չէ, որ հեշտ է պարզել, արդյոք տվյալ ընկերությունը պետք է ներառվի գրանցամատյանում, թե՝ ոչ։ Ուստի, ավելի հեշտ և արդյունավետ կլինի ընդլայնել շրջանակը՝ ներառելով Հայաստանում գործող բոլոր ընկերություններին:
Բացի այդ, Իրական սեփականատերերի համընդհանուր ռեգիստրի ստեղծումը նախատեսված է նաև ԲԿԳ Հայաստան 4-րդ Գործողությունների ծրագրում:
2019 թվականի ապրիլի 23-ին «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ, որոնց համաձայն՝
«իրական սեփականատեր՝ ֆիզիկական անձ, որը՝
ա. առանձին կամ փոխկապակցված անձի հետ համատեղ վերահսկում կամ տիրապետում է իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոս մասնակցության, այդ թվում՝ փայերին, բաժնեմասերին, բաժնետոմսերին կամ քվեարկության իրավունքին կամ տվյալ իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցության առնվազն 10 տոկոս հանրագումարին,
բ. վերահսկում է իրավաբանական անձին կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակցություն ունենալու փաստի ուժով՝ արտոնյալ բաժնետոմսերի կամ մեկ ձայնից ավելի ձայնի իրավունք տվող քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայի, այսուհետ՝ բաժնետոմս) կամ այլ արժեթղթերի միջոցով,
գ. ստանում է իրավաբանական անձի տարեկան հասույթի առնվազն 15 տոկոսը,
դ. իրավասու է նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց,
ե. իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված չլինելով՝ հնարավորություն ունի ազդելու իրավաբանական անձի կառավարման վրա, վերահսկելու կառավարումը կամ իրավաբանական անձի գործունեությունը կամ իրավասու է կանխորոշելու իրավաբանական անձի որոշումներն այլ միջոցներով, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման պայմանագրի, համատեղ գործունեության պայմանագրի, օպցիոնի պայմանագրի, բաժնետոմսերի (բաժնեմասերի) փոխարկվող պարտքի տրամադրման պայմանագրի և այլ միջոցներով:
Սույն կետով սահմանված հիմքերով իրավաբանական անձին տիրապետելու, վերահսկելու կամ եկամուտ ստանալու դեպքերում քաղաքական ազդեցություն ունեցող անձը համարվում է իրական սեփականատեր՝ անկախ հսկողության, մասնակցության և եկամտի չափից:
Քաղաքական ազդեցություն ունեցող անձ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք (բացառությամբ քննիչների), Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, փոխվարչապետների, նախարարների խորհրդականների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի, վարչապետի գլխավոր խորհրդականի, հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նշված անձանց ընտանիքի անդամները, այն է՝ ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), նրա խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձը.
[1]Իրական սեփականատերերի ճանապարհային քարտեզի գործողություն 1.11 կետ ։
[2]ԱՃԹՆ Ստանդարտի2.5(ա) կետ։
Սույն հոդվածը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ GDSI Limited-ի գլխավորությամբ կոնսորցիումի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի ներքո իրականացվող «ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով»ծրագրի շրջանակներում:
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միմիայն վերջինիս հեղինակը, և ոչ Եվրոպական Միությունը, ոչ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրն իրականացնող կոնսորցումը պատասխանատվություն չեն կրում վերջինիս համար:
Զաքար Իսկանդարյան,
Մարիամ Զադոյան