Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել են ազդարարումներ Covid-19 նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության՝ ՀՀ պարետի որոշումներով կողմից ներկայացված սահմանափակումների վերաբերյալ։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից նախ 2020 թ. մարտի 24-ին ընդունվեց N 14 որոշումը, որոնցով ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվեցին ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով։ Այդ սահմանափակումները հետագայում լրացվեցին Պարետի այլ որոշումներով։
Այդ սահմանափակումների արդյունքներում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ կրել են վնասներ և ներկայացրել են հետևյալ ազդարարումները՝
«Այս ծանր պայմաններում (կորոնավիրուսի հետ կապված) «Սփյուռ»-ը հեռավար անխափան շարունակում է տրամադրել տեղեկություններ բնակչությանը իր 6 տեղեկատուների միջոցով և մատուցել ծառայություններր իր պատվիրատու կազմակերպություններին: Սակայն Սփյուռի եկամուտը կտրուկ նվազում է՝ հասնելով այսօր մոտ 10 անգամի, քանի որ Սփյուռի պատվիրատու կազմակերպությունները գումար չունեն, որպեսզի վճարեն: Երկրում հիվանդների քանակը կազմում է այս պահին մոտ 0.01%, իսկ տնտեսության անկումը, «Սփյուռի» օրինակով, մոտ 10 անգամ: Ստացվում է տնտեսական աղետը շատ ավելի մեծ է լինելու, քան՝ առողջական: Կարծում եմ, կազմակերպությունները պետք է վերսկսեն իրենց աշխատանքը՝ խիստ պահպանելով հիգիենայի կանոնները»:
Ահազանգը ներկայացվել է «Սփյուռ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն՝ Աշոտ Գրիգորյանի կողմից։ Բիզպաշտպանի փորձագիտական թիմն առաջին ազդարարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։
«Տեղի է ունեցել դժբախտություն։ Իմ ամբողջ հույսը ծաղիկներն էին, որ պետք է վաճառեի, բայց կորոնավիրուսի պատճառով ամեն ինչ զրոյացավ․ պետք է վճարեի իմ 2.000.000 ՀՀ դրամի չափով վարկերը։ Դա իմ ամբողջ ներդրումն էր»։
Ահազանգը ներկայացվել է Խաչիկ Սարդարյանի կողմից։ Բիզպաշտպանի փորձագիտական թիմն այս ազդարարման վերաբերյալ ազդարարին տրամադրել է խորհրդատվություն, մասնավորապես՝ ներկայացվել է ՀՀ պարետի N 27 որոշմամբ նախատեսված աղյուսակը՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես վերջինիս հետևյալ կետը՝ «Ծաղիկների, բույսերի, սերմերի, պարարտանյութերի, տնային կենդանիների, տնային կենդանիների համար կերի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում»։ Սակայն, պարզվել է, որ ազդարարը չի կարողացնել զբաղվել ծաղկի վաճառքի գործունեությամբ, քանի որ վերջինս ծաղիկներն իրացնում էր «Ծաղկի Շուկա» մանրամեծածախ վաճառքի կենտրոնում, որի արդյունքում կրել է շուրջ երկու միլիոն ՀՀ դրամի վնաս։ Այս ազդարարման վերաբերյալ ևս գրություն է ներկայացվել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։
«Աշխատանքը կանգնելու պատճառով չենք կարողանում վարկեր մուծել, մանրածախ առևտրով եմ զբաղվում, ինչ լուծում կտաք, անհատ ձեռներեց եմ»։
Ահազանգն անանուն է։ Բիզպաշտպանի փորձագիտական թիմն ազդարարի հետ հարթակով հետադարձ կապ է հաստատել և ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված կորոնոավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերրորդ ծրագրի վերաբերյալ N-412-Լ որոշումը։ Մասնավորապես, ներկայացվել է, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ՝ Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ Շահառու):
Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝
1. հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
2. հանրային սննդի ծառայություններ,
3. զբոսաշրջային ծառայություններ,
4. վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
5. մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք: Ներկայացվել է, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ հետևյալ չափերով՝ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ Շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա՝ սույն թվականի ապրիլի 10-ից հետո։
Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: