Ստուգել հայտի կարգավիճակը

Մոլորեցնող գովազդ և խարդախությամբ ուղեկցվող վիճակախաղ․ ահազանգ «Էրմիել» ՍՊԸ-ի դեմ

19.01.2020

Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել է ահազանգ «Էրմիել» ՍՊԸ-ի դեմ՝ այն հիմքով, որ վերջինիս կողմից իրականացվող վիճակախաղն ուղեկցվել է կեղծ գովազդով և հանցավոր համաձայնությամբ իրականացված խարդախությամբ։

«
Տեղեկացնում եմ ձեզ հերթական խաբեության մասին։ Թավշյա հեղափոխությունից հետո անգամ խաբեբա գործարարները չեն դադարում խարդախությամբ ՀՀ հպարտ քաղաքացիներից շորթելու հսկայական գումարներ՝ դրանով մեծացնելոով իրենց ապրանքաշրջանառությունը։ Հարց է, թե դրանից հետո ինչպես են նրանք կատարում իրենց հարկային պարտավորությունները։ Սակայն, նրանք հաջողությամբ խմբակային հանցագործության՝ կեղծ գովազդի միջոցով լվանում են իրենց կեղտոտ փողերը։ Ահավասիկ։ Ամանորյա տոներին ընդառաջ բազմաթիվ առևտրական կազմակերպություններ իրականացնում են վիճակախաղ, դրա վերջում խոստանալով թանկարժեք նվեր՝ հատկապես ավտոմեքենա։ Ես երբևիցե չեմ հավատացել այդ խաղարկություններին՝ մշտապես կասկածելով դրանում։

Սակայն այս անգամ ակամա դարձա «Էրմիել» խանութների ցանցի կողմից 2019թ դեկտեմբերի 27-ի խաղարկության մասնակիցը։ Ամեն ինչ կարծեք, թե գնում էր նորմալ։ Խարդախության նշույլ չէր երևում էժանագին կենցաղային տեխնիկայի խաղարկության ժամանակ։ Սակայն, 4 ժամ ցրտին փողոցում սպասելուց հետո, երբ հերթը հասավ թանկարժեք խաղարկություններին բացահայտվեց նուրբ խարդախության մեխանիկան։ Պարզվեց, որ հեռուստացույցի և գլխավոր շահումի՝ Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի խաղարկության ժամանակ շահեցին միևնույն համարի 2-ական տոմսեր։

Մեր բոլոր ջանքերը ապացուցելու, որ մեր տոմսն է հաղթել, ապարդյուն էին, քանզի խաղի կազմակերպիչները մտածել և իրացրել էին յուրահատուկ խարդախություն տոմսերի հետևի մասում պահանջել էին գրել տոմսի տիրոջ անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն։ Կարծես թե արդարություն պահպանող պահանջ է։ Սակայն մեր պարզաբանումները ցույց տվեցին, որ այդ քայլը մոլորեցնող է և վիճակախաղ իրականացնողները հաջողությամբ 2-րդ տոմսի վրա գրում են իրենց ծանոթների տվյալները և դա են ներկայացնում որպես հաղթող։

Խաղարկությունն անարդար էր։ Խաղարկությունից անմիջապես առաջ թմբուկի մեջ գցվեցին նոր կտրոններ, որոնք ձեռք էին բերվել հենց խաղարկության օրը, մինչդեռ խաղարկության պայմաններով կտրոնները պետք է ձեռք բերվեին մինչև դեկտեմբերի 27-ը։ Տիրաժավորված էին նույն համարի մի քանի կտրոններ։ Ավտոմեքենան շահեց 21988 համարի տոմսը, որի սեփականատերն էր Անահիտ Սիմոնյանը։ Սակայն բեմահարթակին մոտեցավ Հասմիկ անունով քաղաքացի՝ իր բարեկամների ու «Էրմիել» խանութի մենեջեր Արտաշի ուղեկցությամբ և հայտարարեցին, որ իրենք են շահել։

Մեր պահանջին ցույց տալ շահած տոմսի երկրորդ մասը և մեր տոմսի 2-րդ մասը՝ մերժեցին։ Մենք մոտեցանք «Էրմիել» ՍՊԸ հիմանդիր Ռուբեն Մելիքյանին և պահանջեցինք արդարություն։ Սակայն նա անդրդվելի էր և մերժեց մեր բոլոր պահանջները։ Մենք դա գնահատում ենք որպես մոլորեցնող գովազդ, հանցավոր համաձայնությամբ իրականացված խարդախության փաստ, ինչն ընդդատյա է քրեական պատասխանատվության։

Պատմելով այս դեպքի մասին՝ խնդրում եմ դուք նույնպես ուշադիր եղեք և մի դարձեք խարդախության զոհ։

Այս մասին արդեն ներկայացվել է ՀՀ դատախազությանը հաղորդում հանցագործության մասին։ Եթե ընկերությունը չվերադարձնի մեր շահումը և չփոխհատուցի մեր բարոյական վնասը՝ 2 մլն ՀՀ դրամի չափով, ապա մենք կդիմենք նաև այլ իրավապահ մարմինների։  

ՀՀ Ֆինանսների նախարարությանը հորդորում եմ ստուգել «Էրմիել» խանութի կողմից վիճակախաղ անցկացնելու մասին լիցենզիայի գործողության օրինականությունը։

ՀՀ ՊԵԿ-ին հորդորում եմ ստուգել «Էրմիել» խանութի կողմից հարկային պարտավորությունների կատարումը և ՀԴՄ-ների կիրառման պարտավորությունները»։   

Ազդարարումը ներկայացվել է Մովսես Արիստակեսյանի և Անահիտ Սիմոնյանի կողմից։ Բիզպաշտպանի փորձագիտական թիմը, ուսումնասիրելով ահազանգը,  համապատասխան գրություններ է ներկայացրել ՀՀ ՊԵԿ և ՀՀ ֆինանսների նախարարություն։

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Վերադառնալ ցանկ