Ստուգել հայտի կարգավիճակը

Հեղափոխական ինովացիոն հարթակի ներդրումը հետագա առաջընթացի հիմքը կլինի ազդարարների ինստիտուտի զարգացման համար

24.01.2017

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ ընդունել էր «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Նշենք, որ ծրագիրն  իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսական աջակցությամբ:

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի կարևոր բաղադրիչները՝  բիզնես ծրագրի բարելավում՝ ՓՄՁ-ների իրավունքների պաշտպանության, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բիզնես ոլորտի խնդիրները հատկորոշելու և դրանց լուծումներ տալու, կառավարության հետ երկխոսության միջոցով:

Սակայն ծրագրի կարևորագույն նպատակը բիզնես ոլորտում կատարվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկություններ հայտնող ազդարարների ինստիտուտի ստեղծումն է, որը հետագայում արդյունավետ հարթակ կլինի ոչ միայն բիզնեսի, այլ առհասարակ բոլոր տիպի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման դեպքում:

Կարեն Զադոյանը նշեց, որ արդեն իսկ հարթակի ստեղծման համար բանակցություններ են սկսվել իտալական մի կազմակերպության հետ, որի հաջողված փորձը պետք է կիրառվի տեղեկություններ հայտնող անձի գաղտնիությունն ապահովող տեխնոլոգիան ներդնելիս:

Դավիթ Հարությունյանը, կարևորելով ազդարարների ինստիտուտի ներդրումը, նշեց, որ գաղափարն ինքնին ընդունելի է: Արդեն իսկ կան պետության կողմից կատարված քայլեր այս ուղղությամբ. մասնավորապես, նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն խորհրդի նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու արդարադատության նախարարին՝ ազդարարների պաշտպանության մեխանիզմների ներդրման, էլեկտրոնային անանուն ազդարարման հարթակի տեխնիկական ապահովման ուղղությամբ ձեռնարկել քայլեր, այդ թվում՝ «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչ Մարիամ Բաբայանը նշեց, որ ակնկալում են, որ այս ծրագրի շրջանակներում ստեղծված հարթակը լինի կայուն և հետագայում էլ կիրառելի: Ի պատասխան, Դավիթ Հարությունյանը նշեց, որ  այս դեպքում չկա ավելի կայուն և հեռանկարային ապահովում, քան օրենքի ընդունումն է, որին ուղղված քայլեր կատարվում են, ինչ վերաբերում է բուն տեխնոլոգիական լուծումներին, ասաց. «Պետք է ստեղծել գործիք, այդ անձանց անվտանգությունն ապահովելու համար»:

Նրա խոսքով, հիմնականում պետությունները չեն  ներդրում նման տեխնոլոգիաներ երկու պատճառով. առաջին՝ ոչ բոլոր պետություններում են սոցիալական կապերն այնքան մեծ, որպեսզի դժվար լինի ապահովել գաղտնիությունը՝ «Հայաստանում նույնիսկ պետական գաղտնիք պահելն է դժվար», և երկրորդ՝ այս տեխնոլոգիաները հիմնականում օգտագործվում են հետախուզական աշխատանքների համար կամ ահաբեկիչների/այլ հանցագործների կողմից. «Մենք, որպես պետություն, ուզում ենք օգտագործել այդ «վատ» գործիքը՝ լավ նպատակների համար»:

Կարեն Զադոյանը հավելեց, որ սա առաջին դեպքն է, երբ  պետությունը այսպիսի ինովացիոն հարթակ է ձևավորվում՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար.  «Սա շատ մեծ, հեղափոխական քայլ է  ոչ միայն պետության, այլև մեր հասարակության համար: Եվ մեր այս ծրագիրը կարող է ֆունդամենտալ լինել ապագայի համար: Ակնկալում եմ, որ շատ լուրջ առաջընթաց կլինի ազդարարների ինստիտուտի զարգացման համար»,- ասաց Կարեն Զադոյանը:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

 

Վերադառնալ ցանկ