Ստուգել հայտի կարգավիճակը

Ազդարարում Ջրային Կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի դեմ

11.05.2020

Բիզպաշտպան կայքի միջոցով շարունակում են ազդարարումներ ստացվել պետական տարբեր կառույցների հետ կապված խնդիրների վերաբերյալ։

Ապրիլի 22-ին Բիզպաշտպան է դիմել Վայոց Ձորի մարզում գործունեություն իրականացնող ընկերության գործադիր տնօրենը, ով ազդարարում է ներկայացրել Ջրային Կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի դեմ։ Նա նշել է տնտեսական գործունեության բացահայտ խոչընդոտում և պետական պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրածավալների մատակարարման անհիմն դադարեցման մասին։ 
 
«Գրության մեջ ասվում է․

«Դեռևս 2018 թվականից ընկերության իրավունքը ոտնահարվում է և վերջինիս հանդեպ նկատելի է որոշակի միտումնավոր գործողություններ պետական պաշտոնատար անձանց կողմից։ Ընկերությունը շահագործում է ՓՀԷԿ, վճարում բոլոր հարկերը, պետական տուրքերը, տրամադրում է աշխատատեղեր շրջաններում և վերջիվերջո արտադրում է մաքուր էլ․ էներգիա։ Առավել մանրամասն ստորև․

Հիմք ընդունելով` Վայոց Ձորի մարզի ՓՀԷԿ-երի ցանցի նախագծման և ներդրման ծրագրերի դրույթները, որոնց համաձայն նախատեսված է ՓՀԷԿ-երի կառուցում՝ օգտագործելով տվյալ տարածքի գետերի և գետակների էներգետիկական պոտենցիալը, ինչը բխում է մարզի սոցիալ տնտեսական զագացման ծրագրից, որի մեջ հաշվի է առնված մարզի արտադրական պոտենցիալի նախատեսվող արագ աճը՝ առաջիկա տարիների ընթացքում` սույն Գործով «Գրին Էներջի Կոնցեռն» ՍՊԸ-ն նաագծել և իրականացրել է «Գոռնար» ՓՀԷԿ-ի շինարարությունը, որը տեղակայված է Վայոց Ձորի մարզի ինքնահոս համակարգի առաջին՝ Հերմոն-Չիվա (N1) և երկրորդ՝ Հերմոն-Ռինդ (N2) ճյուղերի վրա, որոնցից յուրաքանչյուրից նոր խողովակ է տարվում մինչև գոյություն ունեցող, բայց չգործող Վերնաշենի պոմպակայանի շենք։ «Գոռնար»  ՓՀԷԿ-ը իրենից ներկայացնում է 3908 կվտ/ժ դրվածքային հզորությամբ դերիվացիոն տիպի հիդրոկայան, որը տարեկան տրամադրելու է 18 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Նշված ՓՀԷԿ-ի ջրագծի /խողովակաշարի/ երկարությունը կազմում է 1560 /հազար հինգ հարյուր վաթսուն/ գծամետր երկարությամբ պողպատյա խողովակներով պատրաստված խողովակաշար:

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը դիմել է «Հիդրոէներգետիկա» ՍՊԸ-ին նախագծվող «Գոռնար» ՓՀԷԿ-ի գործարար ծրագիրը /տեխնիկատնտեսական հիմնավորումը/ կազմելու համար, որից հետո հիմք ընդունելով հիշյալ փաստաթուղթը՝ Ընկերությունը նշված ՓՀԷԿ-ը կառուցելու նպատակով իրականացրել է օրենքով սահմանված բոլոր պահանջները, մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված թիվ 000075 ջրօգտագործման թույլտվությամբ «Գոռնար» ՓՀԷԿ-ի ջրային ռեսուրսները տրամադրվում են` Վայոց Ձորի ինքնահոս ոռոգման համակարգի`Հերմոն-Չիվա և Հերմոն-Ռինդ ճյուղերից: Առկա տվյալների համապատասխան՝ նշված ՓՀԷԿ-ը որևէ կերպ չի խոչընդոտում գյուղատնտեսական ոլորտին, քանի որ ըստ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրային թույլտվության, ոռոգման ժամանակահատվածում ՓՀԷԿ-ը ջրառ չի իրականացնելու Օրենքով սահմանված կարգով դիմել է ՀՀ բնապահպանության նախարարությանը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար, ինչի կապակցությամբ՝ ՀՀ կառավարության 2003թ.-ի մարտի 7-ի թիվ 218-Ն որոշման համաձայն՝ ստացել է ջրօգտագործման թույլտվություն /թիվ 000075/:

Այնուհետև՝ 2016թ.-ի հունիսի 3-ին անցկացվել է հանրային լսումներ՝ ստուգելու վերջինիս բնապահպանական պայմանների համապատասխանությունը: Հիշյալ նախագիծը քննարկվել է պետական համապատասխան գերատեսչությունների կողմից և տրամադրվել դրական կարծիք: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Ընկերությունը դիմել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի միջոցով կազմվել է փորձաքննության եզրակացություն, որից հետո ՀՀ Բնապահպանության նախարար Ա.Գրիգորյանի կողմից 01.07.2016թ.-ին հաստատվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության թիվ ԲՓ56 փորձագիտական եզրակացությունը: Հիմք ընդունելով հիշյալ փաստաթղթերը, Ընկերությունն օրենքով սահմանված կարգով դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, և 19.05.2016թ.-ին ստացել՝ Էլեկտրական Էներգիայի /հզորության/ արտադրության թիվ ԼԷ 0592 լիցենզիան, որից հետո կառուցապատում իրականացնելու համար կնքել է կապալի պայմանագիր` ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից «քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման» լիցենզիա ունեցող ընկերության հետ` «Գոռնար» ՓՀԷԿ-ի կառուցապատման համար: Ունենալով համապատասխան բոլոր փաստաթղթերը՝ Ընկերությունը «Գոռնար» ՓՀԷԿ-ի կարուցման աշխատանքները սկսել է 2016թ.-ի դեկտեմբեր ամսից, իրականացնելով` Ճնշումային խողովակաշարի, ՓՀԷԿ-ի շենքի կառուցման, գոյություն ունեցող գլխամասային հանգույցների վերակառուցման, և տրանսֆորմատորային ենթակայանի կառուցման աշխատանքները, այնուհետև իրականացրել է 1650 մետր հողային աշխատանքներ և 1կմ երկարությամբ խողովակաշարի մոնտաժման աշխատանքներ:

Հիշյալ աշխատանքների ավարտն Ընկերությունն իրականացնում է համապատասխանաբար կատարված ներդրումների միջոցով, որոնցից 680 000 000 /վեց հարյուր ութսուն միլիոն/ ՀՀ դրամ ներդրումն իրականացվել է Ընկերության միջոցների հաշվին, իսկ 1 605 000 000 /մեկ միլիարդ վեց հարյուր հինգ միլիոն/ ՀՀ դրամ ներդրումն իրականացվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից կառուցված ՓՀԷԿ-ը գտնվում է ոռոգման խողովակաշարերի վրա, սակայն վերջինիս ջրային ռեսուրսների մատակարարումն իրականացվում է /համաձայն ջրթույլտվության/ Արփա և Եղեգիս գետերից, Ընկերությունը դիմել է սույն գործով Պատասխանող ՀՀ ջրային կոմիտեին /հիմք` 02.05.2016թ.ի 12.04.2016թ.ի թիվ 05/16 գրություններ, որոնց ի պատասխան ստացել համապատասխան համաձայնություն /21.06.2018թ.ի ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի թիվ 03/07/1420-16 գրություն, ինչի հիման վրա կնքվել է նաև պայմանագիր՝ «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի հետ: Ի լրում վերոգրյալի էական ենք համարում նշել, որ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն իր մի շարք նույնաբովանդակ գրություններով չի առարկել` հիշյալ ոռոգման խողովակաշարերից Ընկերություն Ընկերությանը պատկանող «Գոռնար» ՓՀԷԿի ջրամատակարարումն ապահովելու համար: 01.10.2018թ.ին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից անհիմն և առանց որևէ իրավական և փաստական հիմնավորման դադարեցվել են` Հերմոն-Չիվա և Հերմոն-Ռինդ ճյուղերից Ընկերությանը` ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրածավալների մատակարարումը, որով խախտվել է թե’ համապատասխան վարչական ակտով սահմանված ջրօգտագործման իրավունքը, թե՝ որպես պետական պատկան մարմին, իր կողմից տրամադրված համաձայնությունների հիմքով կնքված պայմանագրի պայմանները:

Դադարեցման վերաբերյալ փաստն հաստատվում է` Ընկերության կողմից ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին հասցեագրված 10.09.2018թ.-ի և 05.010.2018թ.ի գրություններով, որոնցով ներկայացվել է պահանջ` տրամադրել Ընկերությանը տրված թիվ 000075 Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակներն ըստ ամիսների, ինչպես նաև ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան Ընկերությանը վերականգնելու այս ընթացքում արդեն իսկ ունեցած վնասները և բաց թողնված օգուտները Հաջորդիվ՝ 29/03/2019-03/01/2019- ջրաքանակի նվազում, 23/09/2019-11/10/2019, 17/01/2020-01/04/2020, 09/04/2020 – մինչ այժմ»։

Հավելենք, որ ազդարարմանը զուգահեռ նշվել էր, որ լրատվամիջոցները հետաքննությամբ պազրել են, որ այս ընկերության հիմնադիր-բաժնետերը Գրիգոր Առաքելյանն է: Վերջինս «Մինա-մայա» ՍՊԸ-ում ՀՀ նախագահի եղբայր Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ հավասարապես կիսում է ընկերության կողմից շահագործող երկու հէկերի բաժնեմասը։

Նշենք, որ ազադարարման հետ կապված գրություններ են ուղարկվել Շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

 

 

Վերադառնալ ցանկ