«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում այսօր` մայիսի 5-ին քննարկում տեղի ունեցավ մաքսային ոլորտում առկա խնդիրների շուրջ։
«Մենք գիտենք, որ բիզնեսի հետ կապված դժվարությունների մի զգալի մասը կապված են մաքսային ոլորտի հետ, որոնք առնչություն ունեն 2004թ․-ին՝ սահմանի վրա ավելացված արժեքի հարկի ներմուծման հետ, ինչից էլ առաջացավ կողմնորոշիչ գների խնդիրը, հետագայում մենք շատ խնդիրներ ունեցանք»,- հանդիպման բացման խոսքով հանդես գալով՝ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովանը նշեց, որ բիզնեսի ներկայացուցիչների համար կարևոր է պարզ և հասկանալի դարձնել մի շարք օրենսդրական դրույթներ, օրինակ՝ մասնավորեցնել, թե երկակի նշանակության ունեցող ապրանքների ոլորտում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել․ «Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, նախ քննարկման առարկա է դարձել ցուցակների հետ կապված խնդիրը, որ թափանցիկ ու պարզ չեն, նաև մենք առաջարկել ենք՝ եթե որոշում է կայացվում ու ապրանքը կարող է երկակի նշանակություն ունենալ, ապա փորձագիտությունն իրականացվի ավելի արագ, մեզ մոտ 25 օր է տևում, առաջարկել ենք 3-5 օրում դա իրականացնել, ինչպես նաև արժեքը նվազեցնել, ինչը կիրառում է Վրաստանը»,- դիմելով հանդիպմանը մասնակցող ՊԵԿ-ի ներկայացուցիչներին ասաց Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան։
Խոսելով ծրագրի մասին Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ այն մի քանի նպատակներ է հետապնդում, առաջնայինը՝ կոռուպցիոն ռիսկերի վեր հանումն է պետական գնումների համակարգում, հարկային և մաքսային ոլորտներում, բացի այդ, պետք է բացահայտվեն գործարարներին և ընդհանրապես՝ բիզնեսի դաշտին խոչնդոտող խնդիրները, որից հետո նախատեսում են դրանք լուծել ինստիտուցիոնալ մակարդակներում․ «Մենք ծրագրով Երևանում և մարզերում՝ Կապանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում խորհրդատվություն ենք մատուցում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ փորձելով այդ ճանապարհով խնդիրները վեր հանել»,- նշեց ԻՀԱ ղեկավարը։
Խնդիրների բացահայտման տեսանկյունից նա առաջնային համարեց «ԲիզՊաշտպան» էլեկտրոնային հարթակը․ «Այդ հարթակն եզակի հնարավորությոն է տալիս, ապահովելով բիզնեսի անանունությունը, ներկայացնել կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները։ Պետք է բիզնեսի ներկայացուցիչներն այն տարածեն, որպեսզի իրոք օգտակար լինի, ոչ թե դասվի այն հերթական հարթակների շարքին, որոնք ծրագրի ավարտից հետո փակվում են, մենք լուրջ նպատակ ունենք՝ դրա գործարկումը շարունակել, ուժեղացնել և կարողանալ այդ հարթակի միջոցով ոլորտում փոփոխություններ իրականացնել, այսինքն՝ այն շարժիչ ուժ դարձնել»,- շեշտեց պարոն Զադոյանը։
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: