Ստուգել հայտի կարգավիճակը

Առաջարկություններ՝ գյուղատնտեսական կոոպերատիվների խնդիրների լուծման վերաբերյալ

25.05.2017

Գյուղատնտեսական ոլորտում բիզնես գործունեություն ծավալող ընկերությունները նույնպես բավականին լուրջ խնդիրների են բախվում՝ կապված օրենսդրական լուծումների հետ: Այս ոլորտի խնդիրների վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագիրը՝ նշելով, որ առաջնային նպատակը փոքր և միջին բիզնեսի խնդիրների վերհանումն ու դրանց լուծումներ տալն է: Ծրագրի շրջանակներում ստեղծվել է ինովատիվ bizprotect.am կայքը, որի միջոցով ոլորտին վերաբերող կոռուպցիոն և այլ խնդիրների վերաբերյալ կարող են ահազանգել նույնիսկ անանուն: Սրա հիմքում ընկած է ազդարարների ինստիտուտը, որի վերաբերյալ օրենսդրական փաթեթի մշակումը նախաձեռնել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Այնուհետև ԻՀԱ իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց, որ քննարկումների արդյունքում առանձնացվել են գյուղատնտեսական ոլորտում գործող կոոպերատիվներին: Մասնավորապես, «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  կոոպերատիվ ավելցուկը սահմանված է որպես կոոպերատիվ ներքին գործարքների հասույթի և ծախսերի դրական տարբերություն: Ամենախնդրահարույց հարցն այն է, որ որևէ տարբերակում չի դրվում կոոպերատիվի կողմից իր անդամների հետ հարաբերություններից ստեղծվող ավելցուկի և երրորդ կողմերի հետ առևտրային հարաբերությունների արդյունքում ստեղծվող շահույթի միջև:

Այսպիսով, օրենսդրությունը գյուղատնտեսական կոոպերատիվների նկատմամբ կիրառում է նույն հարկային շրջանակը, ինչ ցանկացած այլ շահույթ հետապնդող կազմակերպության դեպքում: Հետևաբար, հստակ կարգավորված չէ կոոպերատիվ ավելցուկի հարկման/չհարկման կարգը: Անհրաժեշտություն է առաջանում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ հարկային օրենսգրքում հստակեցնել այն:

Պարզ է դառնում, որ հարկային արտոնություններ սահմանված են միայն առաջնային արտադրության համար, հետևաբար, չկա հստակ պարզաբանում, թե արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից արտադրանքի վաճառքը կդիտարկվի որպեսվերավաճառք և այլևս չի դիտարկվի որպես առաջնային արտադրություն:

Մյուս խնդիրը վերաբերում է սպառողական կոոպերատիվներին: Ներկայիս օրենդրական կարգավորման համաձայն, վերջիններս դիտարկվում են որպես ոչ առևտրային կառույցներ, նրանց արգելվում է ծավալել առևտրային
գործունեություն, մասնավորապես, վաճառել կոոպերատիվների անդամների արտադրանքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում հասարակական կազմակերպություններին տրվել է ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավասություն, տրամաբանական է, որ համանման իրավասություն պետք է տրվի նաև սպառողական կոոպերատիներին` առանձնացված հաշվառում վարելու, հարկեր վճարելու` ձևավորված շահույթը կանոնադրական նպատակների համաձայն օգտագործելու պայմանով: Սպառողական կոոպերատիվներն իրենց գործունեության բնույթով նույնիսկ առավել մոտ են կանգնած ձեռնարկատիրական գործունեությանը, քան` հասարակական կազմակերպությունները: Սա էապես կնպաստի սպառողական կոոպերատիվների գործունեության բարելավմանը, հնարավորություն կստեղծի ծառայություններ մատուցել ոչ անդամներին, կատարել համատեղ վաճառք, ձևավորել լրացուցիչ եկամուտներ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Վերադառնալ ցանկ