Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ աշխատանքային գրքույկների բուն թվայնացման գործընթացն սկսվելու է 2017թ.-ի ապրիլ ամսից և տևելու է մինչև 2019թ. հունվար ամիսը:
2017թ.-ին նախատեսվում է թվայնացնել 100 և ավելի աշխատող ունեցող գործատուների մոտ պահվող աշխատանքային գրքույկները: Թվայնացման աշխատանքներն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N Ղ/60 հրամանի համաձայն՝ աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքներն սկսելու են հետևյալ ժամանակացույցով.
Վարձու աշխատողների թվաքանակը | Աշխատանքային գրքույկները ներկայացնելու ժամանակետները |
100 և ավելի անձ | 2017 թվականի ապրիլ-դեկտեմբեր (փոխհամաձայնեցված ժամկետներում) |
40-99 անձ | 2018 թվականի հունվար |
20-39 անձ | 2018 թվականի փետրվար |
14-19 անձ | 2018 թվականի մարտ |
10-13 անձ | 2018 թվականի ապրիլ |
8-9 անձ | 2018 թվականի մայիս |
6-7 անձ | 2018 թվականի հունիս |
5 անձ | 2018 թվականի հուլիս |
4 անձ | 2018 թվականի օգոստոս |
1-3 անձ | 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր |
Տեղեկացնենք, որ ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի և գործատուի միջև փոխհամաձայնեցման դեպքում:
Մինչև համապատասխան աշխատանքային գրքույկների ներկայացումը Ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումների միջոցով կապ կհաստատի յուրաքանչյուր գործատուի հետ՝ ընթացքը սահուն ապահովելու նպատակով:
Գործատուները, մինչև իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրեն (կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն)՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը: Ցանկացած կեղծ տեղեկատվություն առաջացնելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: