Օրերս մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել էին սննդի առաքման գործունեության հարկման համակարգին, ինչի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է.
Օրենսդրական պահանջի վերաբերյալ.
1. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N7 հավելվածի՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակ է համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը,
2) 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը:
2. «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի N8 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալներն են հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը, որն իր մեջ ներառում է պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում հանրային սննդի սպասարկման սրահ է համարվում հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը` արտահայտված քառակուսի մետրով:
Միաժամանակ, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով կարգավորված են հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով արտոնագրային վճարների հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ հայտնում ենք, որ առաքման ցանցերի միջոցով առաքվող խոհարարական արտադրանքի սպառումն իրականացվում է ոչ թե հանրային սննդի սպասարկման սրահում, այլ դրա սահմաններից դուրս: Այսինքն, առաքվող խոհարարական արտադրանքի մասով տնտեսվարող սուբյեկտը պարզապես իրականացնում է խոհարարական արտադրանքի վաճառք և ոչ թե նաև՝ սպառման կազմակերպում: Հետևաբար, առաքվող խոհարարական արտադրանքի իրացումն ինքնին արտոնագրային վճարի օբյեկտ չի համարվում, և այս գործունեության մասով հարկումն իրականացվում է շրջանառության հարկի կամ ավելացված արժեքի հարկի համակարգում՝ կախված տնտեսվարող սուբյեկտի՝ շրջանառության հարկ վճարող կամ ավելացված արժեքի հարկ վճարող լինելու հանգամանքից:
Ընդ որում, վերոնշյալը օրենքի ուղղակի պահանջ է և ոչ թե խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշում կամ մեկնաբանություն:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ի պատասխան տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված հարցումների, օրենքի վերոնշյալ պահանջի մասին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն բազմիցս տեղեկացրել է տնտեսվարող սուբյեկտներին: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտները կարող էին նախապես տեղյակ լինել օրենքի պահանջի մասին և իրենց գործունեության մասով վարել համապատասխան հարկային հաշվառում:
Միջազգային փորձի վերաբերյալ.
Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկայում և, մասնավորապես, հարևան Վրաստանում հանրային սննդի գործունեության հարկման համակարգին, ապա հայտնում ենք, որ գործունեության այս տեսակի մասով Վրաստանում առհասարակ չի գործում հարկման այլընտրանքային համակարգ, ինչը նշանակում է, որ գործունեության այս տեսակի մասով ընդհանուր սահմանված կարգով վճարվում է ԱԱՀ, իսկ իրացման շրջանառությամբ ԱԱՀ-ի շեմը չգերազանցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:
Հարկումից խուսափելու հնարավոր ռիսկերի վերաբերյալ.
Առաքման ցանցերի միջոցով առաքվող խոհարարական արտադրանքի իրացումն արտոնագրային վճարով հարկելու մոտեցումը ոչ միայն չի բխում օրենքի պահանջներից, այլ նաև պարունակում է հարկումից խուսափելու մեծ ռիսկեր: Մասնավորապես, այդ մոտեցման պարագայում հանրային սննդի գործունեության շրջանակներում, որպես հարկման համար հիմք հանդիսացող ելակետային տվյալ, կարող է հայտարարագրվել ընդամենը 2 քմ սպասարկման սրահի մակերես և առաքման ցանցերի միջոցով առաքվող ամբողջ խոհարարական արտադրանքի իրացումը վերագրվել այդ փոքր սպասարկման մակերեսին՝ դրանով իսկ ակնհայտորեն խուսափելով հարկումից: