Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ անշարժ գույքի հարկային արտոնություններ մասին

17.07.2017

ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ անշարժ գույքի հարկից ազատվում են`

1) պետական արգելանոցները և արգելավայրերը, ազգային և ծառաբանական զբոսայգիները, բուսաբանական այգիները և պատմամշակութային նշանակության հողերը, բացառությամբ վարձակալության և ծառայողական օգտագործման տրված հողերի.

2) բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման հողերը (մասնավորապես` հրապարակներ, փողոցներ, անցումներ, ճանապարհներ, զբոսայգիներ, պուրակներ, ջրամբարներ).

3) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին կից ուսումնաարտադրական և փորձարարական հողամասերը.

4) գյուղատնտեսական նշանակության հողերի` բազմամյա տնկարկների (խաղող, կորիզավոր պտուղ կամ հնդավոր պտուղ) հողատեսքերի վրա նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև տնկարկների յուրաքանչյուր տեսակի համար` ըստ ագրոտեխնիկական ցուցումների լրիվ պտղաբերության հասնելու տարին ներառյալ` դրանց տարածքը 0.1 հեկտար և ավելի լինելու դեպքում.

5) պետական անտառային ֆոնդի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության վարձակալության տրված հողերի.

6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկման օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շինությունները.

8) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)`

ա. սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը,

բ. սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն ենթակետում նշված շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, որոնցից օգտվելու համար վճար չի գանձվում: Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հանրապետական և միջպետական շինարարական նորմերի` գծային ինժեներատրանսպորտային շինություններ են համարվում ավտոմոբիլային ճանապարհները, երկաթուղիները, կամուրջները և խողովակները, ավտոմոբիլային և երկաթուղային թունելները, հիդրոտեխնիկական թունելները, արդյունաբերական տրանսպորտը (մոնոռելս, կոնվեյերային տրանսպորտ, խողովակաշարային-կոնտեյներային), ճոպանուղիները, վերելակները, քաղաքային էլեկտրատրանսպորտային ուղիները, գազամատակարարման, նավթամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման ցանցերը, կոյուղու կոլեկտորները, մելիորատիվ ցանցերը, մայրուղային խողովակաշարերը.

11) ջրամբարները.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ նրանց ընտանիքի անդամներին) սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ` մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը.

13) փոստային կապի ազգային օպերատորը.

14) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շինությունները.

15) ծառայության ընթացքում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`

ա. սեփականության իրավունքով իրենց պատկանող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություններ չհանդիսացող շինությունների մասով,

բ. ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված` անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի դեպքում հարկման օբյեկտի` իրենց բաժնի մասով,

գ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն կետի «ա» ենթակետում նշված անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Սույն կետով սահմանված արտոնությունը չի կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ընթացքում հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման:

16) պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, սույն մասի 15-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերին համապատասխան, անշարժ գույքի հարկից ազատվում են նաև նույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` մեկ անշարժ գույքի 40 միլիոն դրամը չգերազանցող մասով:

Սույն կետում նշված հարկ վճարողին սեփականության իրավունքով մեկից ավելի անշարժ գույք պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի դիմումի մեջ նշված անշարժ գույքի մասով, իսկ արտոնության կիրառության համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրված տեղեկանքը` հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի թվաքանակի և գտնվելու վայրերի վերաբերյալ, ինչպես նաև անշարժ գույքի գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի (մարմինների) կողմից տրված տեղեկանքը (տեղեկանքները)` այլ անշարժ գույքի մասով արտոնություն կիրառված չլինելու վերաբերյալ:

Սույն կետով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև այն դեպքում, երբ հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվում են գյուղատնտեսական և անտառատնտեսական գիտական կազմակերպությունները, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների փորձնական, փորձարարական, սերմնաբուծական, տնկարանային, տոհմային և սորտափորձարկման կազմակերպությունները, կայանները և հենակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով, այն հողերի համար, որոնք օգտագործվում են բացառապես գիտական և ուսումնական, ինչպես նաև գյուղատնտեսական, անտառաբուծական մշակաբույսերի սորտափորձարկման նպատակներով:

Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ և համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել անշարժ գույքի հարկի գծով արտոնություններ և դրանց մասով կայացնել անշարժ գույքի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ: Սույն մասին համապատասխան` համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների տասը տոկոսը: Համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի արտոնություն ունեցող անշարժ գույքի հարկ վճարողը անշարժ գույքի հարկից ազատվում է այն ամսվա 1-ից, երբ առաջացել է արտոնության իրավունքը:

Հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հարկի արտոնությունը դադարելու դեպքում անշարժ գույքի հարկը հաշվարկվում է արտոնության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Անշարժ գույքի հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը և դրանց ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Վերադառնալ ցանկ