Հուլիսի 14-ին bizprotect.am կայքի միջոցով ստացվել է ահազանգ պաշտպանության նախարարության կողմից գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկի վերաբերյալ։ Մասնավորապես քաղաքացին գրել էր․
«Պաշտպանության նախարարության կողմից ՊՆ ՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-7/67 ծածկագրով հայտարարված մրցույթում անձեռոցիկի գնման համար որպես մասնագիտական փորձառություն է նշվել անձեռոցիկի, թղթյա սրբիչի, բաշխիչ /դիսպենսեր/ թղթյա սրբիչի մատակարարումը, մինչդեռ այն տնտեսական ապրանք է և նմանատիպ ապրանքի մատակարարման պայմանագիր պարտավոր էին սահմանել տնտեսական ապրանքների մատակարարման պայմանագիրը: Կարելի է ենթադրել, որ տվյալ մրցույթը հայտարարել են նման կերպ, որպեսզի կոնկրետ մասնակից մասնակցի և մրցակցություն չլինի: Սահմանափակվել է մրցույթի մասնակցության հնարավորությունը մյուս մասնակիցների համար»:
Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն, «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:
Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություններ են ուղարկել ֆինանսների և պաշտպանության նախարարներին։
Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ անձեռոցիկի գնման համար նշվել է տվյալ մասնագիտական փորձառությունը՝ հիմք ընդունելով պատասխանող ստորաբաժանման առաջարկը։ Գործընթացը կազմակերպվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և որևէ խախտում չի կատարվել։
Նշվել է նաև, որ տվյալ գնման ընթացակարգի հրավերի 3,1 կետով սահմանված է, որ «յուրաքանչյուր մասնակից՝ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո առնվազն հինգ օրացույցային օր առաջ իրավունք ունի հանձնաժողովից պահանջելու հրավերի պարզաբանում», սակայն տվյալ ժամանակահատվածում նման պահանջներ չեն ներկայացվել։
Ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամրազյանը գրել է, որ այս և նման մտահոգությունները բացառելու համար ներկայումս հանրային քննարկման է ներկայացված կառավորության որոշման նախագիծ՝ «Ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների գնահատման կարգը հաստատելու մասին»։
Կառավարության կողմից այս նախագծի հաստատվելուց հետո ֆինանսների նախարարությունը կկարողանա ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերն ու մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները փորձաքննության ենթարկել։ սրա նպատակը մրցակցության ապահովումն ու խտրականության բացառումն է։
Միևնույն ժամանակ Կարեն Թամրազյանը նշել է, որ եթե անձն ունի անհամաձայնություն հրավերի պահանջների վերաբերյալ, ապա կարող է բողոք ներկայացնել ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ՝ մինչև հայտերի բացման վերջնաժամկետի լրանալը, իսկ վերջնաժամկետը լրանալուց հետո կարող է բողոքարկել դատական կարգով։
Նշենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ գործարկվող «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագիրն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Եվրոպական բիզնես ասոցիացիայի հետ համատեղ կոնսորցիումի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակներից մեկը բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերի հատկորոշումն է՝ իրավիճակը գնահատելու և համապատասխան բարեփոխումների առաջարկներ մշակելու համար: