ԲիզՊաշտպան կայքի միջոցով ստացվել էր ահազանգ «Վառնալ» ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից, ով հայտնել էր, որ իրեն անհանգստացնող խնդիրը կապված է հավաքական բեռների հետ, որի համար ամբողջ Հայաստանում սպասարկում է միայն Արարատյան մաքսատունը և Ուրբան տերմինալը։ Հայաստանի գործարարները գրեթե 1.5 օր կորցնում են, որպեսզի կարողանան մաքսազերծել և ստանալ բեռը: Գործարարին հետաքրքրում էր՝ արդյոք չեն կարող գործարարները ձևակերպել իրենց մոտակա կամ հարմար մաքսատանը և բեռը ստանալ ըստ իրենց ցանկությամբ իրենց հարմար մաքսատանը:
Նրան անհանգստացնում էր այն փաստը, որ չնայած թանկացմանը նախկին 2.5-3$-ի փոխարեն հիմա վճարում են 1կգ-ի համար 4$, կորցնում գրեթե 1-1.5 օր, վճարում բեռնատար մեքենային և պարտավոր են դիմակայել մաքսավորի քմաճայույքին, թե որ անգամ ինչ լրացուցիչ փաստաթուղթ կպահանջի։ Երբեմն գործարարը պարտավոր է լինում շաբաթ օրվա համար կրկնակի մաքսավճար վճարել ձևակերպումները կատարելու համար:
Բիզնես ներկայացուցիչն առաջարկում էր որպես խնդրի լուծում մաքսատան հերթագրումը հնարավոր դարձնել հավելվածի միջոցով։
ԲիզՊաշտպանի փորձագիտական թիմը ուսումնասիրել էր ազդարարմամբ բարձրացված խնդիրները և գրություն էր ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ խնդրելով պատասխանել բիզնեսի կողմից ներկայացված հարցադրումներին և ներկայացնել պարզաբանումներ մաքսատան հերթագրման գործընթացի հետ կապված հետագա գործողություների մասին:
Պետական եկամուտների կոմիտեից ի պատասխան հարցմանը պատասխանել են որ համաձայն գործող օրենսդրության պահանջների՝ ՀՀ ներմուծված ապրանքները ենթակա են հայտարարագրման այն մաքսատուն-վարչության տարածքում, որի սպասարկման տարածքում գտնվում են նշված ապրանքները: Կոմիտեից նշեցին, որ նշվածը որևէ կերպ չի սահմանափակում անձի հնարավորությունը՝ ապրանքները «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառմամբ մի մաքսային մարմնից մեկ այլ մաքսային մարմնի տեղափոխելու և ապրանքները նշված մաքսային մարմնում հայտարարագրելու համար:
Գրության մեջ անդրադարձ էր կատարվել նաև ահազանգողի կողմից նշված ապրանքների գինը 1 կգ-ի համար 4 ԱՄՆ դոլար վճարելուն, ինչպես նաև մաքսային մարմնի աշխատակցի կողմից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելուն․ կոմիտեն տեղեկացրեց, որ ապրանքների հայտարագիրը ներկայացվում է հայտարարատուի կողմից և դրա ստուգման ընթացքում երբեմն անհրաժեշտություն է առաջանում դրանում ներկայացված տեղեկությունները հաստատելու համար լրացուցիչ փաստաթղթեր ուսումնասիրել, ինչն առիթ է հանդիսանում մաքսային մարմնի աշխատակցի կողմից նման պահանջ ներկայացնելու համար, ինչի դեպքում հայտարարագրման գործընթացը կարող է տևել 1-1.5 օրից էլ ավելի, իսկ ապրանքների համար վճարման ենթակա գումարը հաշվարկվում է՝ ըստ ներկայացված հայտարարագրի և մաքսային արժեքի ձևավորման համար կիրառված մեթոդի:
Ինչ վերաբերվում է ազդարարի կողմից ներկայացված խնդրի լուծմանը, պետական եկամուտների կոմիտեից հավելեցին, որ առաջարկն ընդունելի է և աշխատանքներ են տարվում ինչպես հավաքական բեռների ձևակերպումները առանձնացնելու, այնպես էլ մաքսային մարմիներում սպասարկման համար առցանց տիրույթում հերթագրվելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: