ԲիզՊաշտպան կայքի միջոցով ստացվել էր ահազանգ, որը վերաբերում էր Covid-19 նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության՝ ՀՀ պարետի որոշումներով կողմից ներկայացված սահմանափակումներին։
Ինչպես գիտենք, ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից նախ 2020 թ. մարտի 24-ին ընդունվեց N 14 որոշումը, որոնցով ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվեցին ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով։ Այդ սահմանափակումները հետագայում լրացվեցին Պարետի այլ որոշումներով։
Այդ սահմանափակումների արդյունքներում մի շարք տնտեսվարող սուբյեկտներ կրել են վնասներ։ Այս անգամ ահազանգը ներկայացվել էր մի շարք վարորդների անունից 13.04.2020թ․-ին։ Ազդարարումն ուներ հետևյալ բովանդակությունը․
«Արտակարգ իրավիճակում նաև արգելված է ուղևորափոխադրումով զբաղվող վարորդների աշխատանքը, բայց կորոնավիրուսի դեմ պայքարի սոցիալական ծրագրերում նրանք ընդգրկված չեն։ Դա նույնպես սոցիալապես անապահով մարդկանց մի զանգված է, որոնք դուրս են մնացել պետության ուշադրությունից: Այդ մասին ինձ օրական զանգում են բազմաթիվ վարորդներ,որոնց հետ ես աշխատում եմ: Խնդրում ենք քննարկել այս հարցը»:
Բիզպաշտպանի փորձագիտական թիմը, ուսումնասիրելով ազդարարմամբ ներկայացված փաստերը, ազդարարման վերաբերյալ գրություն է ներկայացվել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ սույն խնդրին տրվել է համակարգային լուծում։ Մասնավորապես, ՀՀ կառավարության ապրիլի 16-ի որոշմամբ ընդլայնվել է 8-րդ միջոցառման շրջանակը, որով շահառու կդառնան նաև ցամաքային տրանսպորտի գործունեության (երթուղային տրանսպորտ) ոլորտում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը։
Ազդարարին կատարված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Բիզպաշտպան ազդարարման հարթակի միջոցով տրամադրվել է նաև խորհրդատվություն։
Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր։