Check report status

Մենք ուզում ենք, որ պետական ֆինանսերի կառավարման ոլորտում բարձր լինի կարգապահությունը. Վարդան Արամյան

25.04.2017

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ հանդիպումը շաբաթ օրն էր. «Շաբաթ-կիրակի օրերը մենք աշխատում ենք»,- մեզ հետ զրույցում նշում է նախարարն ու բացատրում, որ երկարատև աշխատանքի գլխավոր նպատակը տնտեսական իրավիճակը բեկումնային կերպով փոխելն է: Վարդան Արամյանի հետ զրուցել ենք «արտակարգ ռեժիմով» աշխատանքի, տնտեսության վիճակի, ֆինանսների կառավարման թափանցիկության և այլ հարցերի շուրջ:

-Պարոն Արամյան, վերջերս վարչապետը հայտարարեց «արտակարգ ռեժիմով» աշխատելու մասին: Ի՞նչ է ենթադրում դա:

-Ամիսներ առաջ, երբ նոր կառավարությունը ձևավորվեց, վարչապետը ԱԺ-ում հնչեցրեց այն մարտահրավերները, որոնք մեր առջև ծառացած են: Դրացից ամենակարևորը տնտեսական իրավիճակի փոփոոխությունն է: Եթե մենք ուզում ենք վաղը տեսնել ավելի բարեկեցիկ աշխատող,  ավելի բարեկեցիկ ապրող թոշակառու, լավ ենթակառուցվածքներ, ապա դա ունի մեկ լուծում՝ տնտեսական աճ:

Եվ դրան հասնելու համար դու կարող ես պլանավորել աշխատանքները երկու տարվա համար՝ աշխատելով օրական մեկ կամ երկու ժամ: Կարող ես սահմանված ժամանակը կրճատել երեք կամ ավելի անգամ: Բնականաբար, այդ դեպքում նպատակին հասնելու համար պետք է օրական ծախսես ոչ թե երկու, այլ վեց ժամ: Գաղափարը դա է: Մենք ցանկանում ենք շատ արագ մեր տնտեսական իրավիճակում բեկում մտցնել: Մենք ասել ենք, որ տնտեսական աճի տեմպերը բավարար չեն: 3.2 տոկոս աճն էլ բավարար չէ, ուղղակի մենք ասում ենք, որ իրատեսական ենք եղել 2017-ի համար: 2017 թվականին պետք է ախտորոշում անել, հասկանալ մեր խնդիրները որոնք են, հետո նպատակային լուծումներով գնալ առաջ: Արտակարգ ռեժիմը ոչ այլ ինչ է, քան այն, որ փորձում ենք նպատակին հասնել ոչ թե մեկուկես տարում, այլ ինը ամսում:

Իմ սիրելի մտածողը Հեգելն է, նա ասել է, որ աշխարհում ամեն ինչ կոնստանտ, հավասարակշռված է: Եթե  մի բանի ուզում ես հասնես, մեկ այլ բան պիտի զոհաբերես:

Մենք ոչ մի պարանորմալ բան չենք անում: Եթե ուզում ենք շատ արագ բեկում մտցնել, ակնհայտ է, չէ՞, որ պետք է ջանք թափենք: Մանկամտություն կլինի կարծելը, որ որևէ միջազգային փորձագետ շահագրգռված է դրանով: Շահագրգռվածը մենք պիտի լինենք, նվիրվածությունը մեզնից պիտի ծնվի: Ֆինանսների նախարարությունում փորձում եմ հավաքել այն մարդկանց, ովքեր  նվիրվում են գաղափարին, ոչ թե անձամբ ինձ: Մեզ միանում են մարդիկ, ովքեր կրթություն են ստացել արտերկրում և իրենք գիտելիքները ցանկանում են ներդնել Հայաստանում: Իրենք մերժում են այլ տեղերում բարձր աշխատավարձը, բայց ցանկանում են ներդրում կատարել իրենց պետության համար: Ես էլ եմ ժամանակին նման որոշում կայացրել, իմ կյանքում էլ եղել է իրավիճակ, երբ զոհաբերել եմ շատ ավելի բարեկեցիկ  կյանքը, աշխատանքային ազատ ռեժիմը միջազգային կազմակերպությունում: Նույնն էլ իմ  թիմակիցները: Կստացվի մեզ մոտ, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա: Վեց ամիս անցել է, դեռևս ստացվում է, փառք Աստծո: Ու ես շնորհակալ եմ իմ թիմին:

-Ձեր հարցազրույցներում նշում եքոր ուժեղ բանակիսոցիալապես ապահով հասարակություն ունենալու հիմքում հենց ուժեղ տնտեսությունտնտեսական աճ ապահովելն էՆերկայումս ի՞նչ քայլերով ենք գնում դեպի այդ նպատակը և ե՞րբ կհասնենք դրան

-Տնտեսական աճն ունի գործոններ, որոնցից կարևորը ներդրումներն են: Վերջին տարիներին ներդրումները այդքան էլ լավ վարքագիծ չեն ունեցել, չեն ներհոսել:  Դրսի ներդրողի համար Հայաստանը գրավիչ չի եղել:

Եթե չունես ներդրումներ՝ օտարերկյա կամ ներքին խնայումների հաշվին, ապա միջնաժամկետում բավականին բարդ է լինելու հավակնել տնտեսական աճի բարձր տեմպի: Իհարկե, մեկ տարի կարող ես  հավակնել: Ես իմ ելույթիների ժամանակ ասել եմ՝ եթե դուք ցանկանում եք տնտեսական աճ ցանկացած գնով, ապա  դա կարելի է ստեղծել պահանջարկ կամ սպառում խթանելով, գումար տպելով. տարբեր խողովակներով մարդկանց ձեռքը գումար դիր, կլինի առևտուր, մեկ տարում կունենաս աճ, բայց արդյո՞ք դա կայուն աճ է: Կայուն չէ, նույնիսկ վտանգավոր է:

Միակ տարբերակը  կապիտալ ներդրումների աճն է: Եվ այս դեպքում մակրոտնտեսական կայունությունը կարևոր է, որպեսզի  տնտեսվարողները իրենց ներդրումների համար տեսանելի հեռանկար ունենան: Եթե չկա մակրոտնտեսական կայունութուն, ապա հակված չեն ներդրումներ կատարել: Դու պետք է կարողանաս ապացուցել, որ ունես մակրոտնտեսական կայունության համար անհրաժեշտ գորիքակազմը և ճիշտ քաղաքականություն ես վարում: Հենց դրա համար մենք ընտրությունների նախաշեմին ներկայացրեցինք ռացիոնալ բյուջե՝ 2017թ-ի համար:  Եթե ընտրությունների նախաշեմին մենք ներկայացնում ենք պահպանողական բյուջե, ապա մենք մի նպատակ ենք հետապնդում՝ հանրությանը ազնվորեն ներկայացնել իրավիճակը և, ամենակարևորը, ներդրողներին ազդակներ տալ, որ մակրոտնտեսական կայունության համար մենք ճիշտ քայլեր ենք կատարում:

2017 թվականի բյուջեի դեպքում գլխավորը պարտքի կայունությունն է, որ միջնաժամկետում  կարողանանք կայունություն ապահովել, որ պարտքը գերաճ չունենա:

-Արտաքի՞ն պարտքի մասին է խոսքը:

-Ընդհանրապես պետական պարտքը: Պետական պարտքի մեջ ամենավտանգավոր մասը, իհարկե, արտաքին պարտքն է: Երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ աշխարհում  ճգնաժամ չի եղել ներքին պարտքի հաշվին: Երբ քո  ռեզիդենտներն են պարտատերը, գործիքներ ունես պարտքի մարումը հետաձգելու՝ փող տպելով կամ  տնտեսական ժարգոնով ասած դա «սենյորաժն» է: Իհարկե, դա իր գինն ունի:

Արտաքին պարտքի դեպքում էլ կան կարևոր պայմաններ: Օրինակ, երբեք միջազգային կառույցների պարտքի մասով ճգնաժամ չի եղել: Նրանք հակված են քեզ օգնելու: Մեր արտաքին պարտքի գերակշիռ մասն արտոնյալ է, ընդ որում միջազգային ֆինանսական կառույցների կողմից է տրված:

-Մարդկանց մտահոգում է արտաքին պարտքի մեծությունն ու վերջին տարիներին արագ աճը:

-Գիտեք, պարտքի մեծությունը վտանգավոր չէ, եթե դա կառավարելի է: Նույնը ընկերությունների դեպքում է. Կարող է լինել ընկերություն, որի պարտքը կազմի ընդամենը 100 հազար դրամ, բայց իր ակտիվներն ընդհանրապես գին չունենան: Դրա կողքին լինի մեկ այլ ընկերություն, որն իր ակտիվների 70 տոկոսի չափով պարտք ունենա, բայց շատ ակտիվ ընկերություն լինի և շատերը ցանկանան գնել այդ ընկերության ակտիվները: Ասեմ ավելին, այդպիսի ընկերությունները բազմաթիվ են:

Երբ միջազգային կառույցները խոսում են պարտքի կայունության մասին,նայում են ցուցանիշների համախմբին, յուրաքանչյուր ցուցանիշ մի ազդակ է տալիս: Մենք այդ ցուցանիշներով նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում ենք գտնվում: Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հանգստանանք, պետք է ամեն ինչ անենք, որ ցածր բեռ ունեցողների մեջ մնանք: Որպեսզի մենք միշտ ունենանք  բուֆեռներ, որ, Աստված մի արասցե, արատքինից շոկ լինի, կարողանանք դիմակայել:

-Երբ Կարեն Կարապետյանը ստանձեց վարչապետի պաշտոնը, ԱԺ-ում հայտնի ելույթն ունեցավ՝ ասելով, որ տնտեսության վիճակը ծանր է: Իսկ հիմա տնտեսության վիճակը էլի ծա՞նր է:

-Չէի ասի, որովհետև մենք արդեն տեսնում ենք վերականգնման նախանշաններ, դա ցույց  է տալիս մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը 6.2 է: Իրականում տնտեսությունը վերականգնվում է, տնտեսությունը դրական նախանշաններ է ցույց տալիս: Մի փոքր առաջ ընկնելով ասեմ, որ մեկուկես ամսվա ընթացքում կավարտենք  միջնաժամկետ կանխատեսումները՝ մակրոտնտեսական ծախսերի համար, և հավականելու ենք ծրագրեր իրականացնել՝ ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշների համար:  Դրա հիմքերը մենք արդեն տեսնում ենք:

-Պարոն Արամյաններկայումս հասարակությանը հուզող առաջնային հարցերից մեկը պետական ֆինանսների թափանցիկ կառավարումն ու տեսանելիությունն էԻ՞նչ է արվում այս ուղղությամբ:

-Գիտեք, ընդհանրապես թափանցիկությունը լավագույն գործիքն է մի կողմից կոռուպցիայի կանխարգելման,  մյուս կողմից պետական չինովնիկի վարքագծի հսկողական մեխանիզմների ուժեղացման մասով:

Պետական ֆինանսների կառավարումը երեք հիմնական սկզբունք ունի, անգլերեն կոչվում է երեք e-ի սկզբունք` efficiency, effectivity, economy` արդյունավետություն, նպատակայնություն և տնտեսում:

Նախ, գումարը  պետք է ծախսել խնայողաբար, հարկատուների գումարներն են դրանք: Երկրորդ կարևոր սկզբունքը նպատակայանությունն է. օրինակ, եթե ասում ենք, որ նշված գումարը սոցիալապես անապահով խավին է ուղղված, իրականում  հենց այդ նպատակով էլ պիտի ծախսել: Արդյունավետությունը նվազագույն ծախսով առավելագույն արդյունքի հասնելն է: Մենք քննարկում էինք (և հիմա նույնպես այդ գործընթացը շարունակվում է), ՊՈԱԿ-ների կրճատման հարցը՝ խոսելով դրանց  արդյունավետության մասին. քննարկում էինք պետության կողմից մատուցվող այն ծառայությունների նպատակահարմարությունը, որոնք նաև մասնավորի կողմից են մատուցվում: Ասում էինք, որ պետք է դաշտը թողնել մասնավորին և այդ միջոցներն էլ ուղղել այլ նպատակների: Կամ ասում էինք՝ մենք ծառայություն ենք մատուցում հանրությանը, որի կարիքը մարդը չունի: Օրինակ, «էկոնոմիկա» ամսագիրը, որը տեղեկատվական բնույթի ծառայություններ է մատուցում և այդ նպատակն ունի, օրինակ, նաև ձեր կայքը: Մենք ունենք վեբ կայքը և նաև այլ լրատվամիջոցներով կարող ենք տարածել տեղեկությունը: Ինչու՞  հարկատուների գումարը ծախսենք ամսագիր պահելու համար:

Այս ամենից հետո գալիս է չափողականությունը. Եթե արդյունավետությունը տեսանելի չէ, չափողականության ինչպիսի գործիքներ էլ ես դնեմ, դուք չեք հասկանա՝ դա ճիշտ է, թե՝ ոչ: Եթե չկան թափանցիկության գործիքները, շատ դժվար է հասնել քո նպատակին:

... Մենք ուզում ենք, որ պետական ֆինանսերի կառավարման ոլորտում բարձր լինի կարգապահությունը: Այն երեք e-ի սկզբունքը, որի վերահսկող գործիքը մեր տեսչությունն է:  Տեսչությունը պետք է չափողականության ռիսկերի ինդիկատորներ ունենա, որը դրոշակներ բարձրացնի, թե որտեղ է հնարավոր կարգապահության թուլացում:  Օրինակ, մենք մտածել ենք, որ ծախսող միավորի մոտ հաստատված տարեկան բյուջեի 70 տոկոսը փոխվում է, միանգամից պետք է դրոշակի բարձրացնի. դա  նշանակում է, որ կա խնդիր: Կամ, ենթադրենք, կատարվող 10 միավոր գնումից 8-ը «մեկ անձ»-ի սկզբունքով է կատարվում, ապա պետք է պարզել, թե ինչ հրատապ խնդիր է առաջացել, որ գնումը «մեկ անձից» է կտարվել:

-  Ինչպե՞ս եք գնահատում քաղհասարակության կազմակերպությունների վերահսկողության իրականացումը և նրանց հետ համագործակցությունըՄասնավորապես Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից առաջարկներ են եղելո՞ր մասն են ընդունվել ձեր կողմից:

-Շատ լավ: Մենք աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ: Եթե մի ՀԿ ունի հմտություններ, որոնք կարող են օգտակար լինել, ապա մենք չպետք է զլանանք օգտվել այդ հմտություններից: Մենք երկու անգամ կլոր սեղան քննարկում ենք ունեցել, ՀԿ-ները առաջարկներ են ներկայացրել, որոնց մեծամասնությունը մենք իրականացրել ենք (Խոսքը հիմնականում վերաբերում է «Գնումների մասին» նոր օրենքում կատարված փոփոխություններին,- հեղ.): Օրինակ, շահերի բախման ինստիտուտը օրենքում նախատեսված է: Շահերի բացահայտման գործիքը նախատեսված է թե գնումների մրցույթին մասնակցող ընկերությունների համար (պետք է ներկայացնեն, թե ովքեր են սեփականատերերը կամ այն անձիք, որոնք կարող են ազդել ընկերության որոշումների վրա), թե չինովնիկական ապարատի համար. գնումների հանձնաժողովի անդամը, երբ արդեն բացահայտվում են մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների սեփականատերերը, պետք է ստորագրի, որ որևէ ընկերության հետ փոխակապակցվածություն չունի, հակառակ դեպքում ՝ ինքնաբացարկ հայտնի: Հետագայում այդ հայտարարությունները հրապարակվում են:

Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ հրահանգը ևս պահանջում է 2017թհունիսից Եվրոպական միության մասնակից պետություններից հիմնել կազմակերպությունների իրական սեփականատերերի ռեգիստրներԱյս ուղղությամբ քայլեր արվելո՞ւ են:

- Իրականում դա ֆինանսների նախարարության դաշտը չէ: Մենք մասնակի առումով դրան լուծում տվել ենք: «Գնումների մասին» օրենքում սևով սպիտակի վրա նշված է, որ  պետք է ներկայացնել ոչ միայն պետական գնման մրցույթին մասնակցող սեփականտերերին, այլև, Ձեր կողմից նշված,  իրական սեփականտերերին: Օրենքում գրված է մեկ եզրույթ՝ ընկերության որոշումների վրա ազդեցություն ունեցող անձանց անունները: Եթե մենք ունենում ենք իրական սեփականատերերին, ադեկվատ կերպով ձևավորելու ենք նաև ռեեստրներ:

Այդ առաջարկություններից մեկն էլ ենթադրվում էր պայմանագրերի կնքում նաև օֆշորային գոտիներում գործող բանկերի հետ տեղեկատվության փոխանակման վերաբերյալԻնչու՞ դա չարվեց՝ հաշվի առնելով վերջին օֆշորային սկանդալները:

-Դա բանկային համակարգի կարգավորման հարց է: Դա Կենտրոնական բանկի մանդատի ներքո է գտնվում: Թեև պետք է նշեմ, որ այս ոլորտում էլ մեր հաշվետվությունները դրական լույսի ներքո են գնահատվում, փողերի լվացման ՖԱԹՖ ստանդարներով մենք ունենք դրական զարգացումներ:

-Վերջերս Երևանի քաղաքապետարանը 19 միլիոն դրամ է հատկացրել տոնական միջոցառումների անցկացմանը: Եթե քաղաքացին/քաղաքացիները համարում են, որ դա  փողերի փոշիացում է, ի՞նչ անի/անեն, որպեսզի քաղաքապետարանը ավելի արդյունավետ ծախսի այդ գումարները:

-Նրանց ներկայացուցիչները ավագանիներն են: Քաղաքապետարանի կատարման հանդեպ վերահսկողությունը նաև ավագանիին է: Չէ՞ որ բյուջե են հաստատում, հետո լսում են: Հասկանու՞մ եք, պետք է գա ժամանակ, երբ բոլոր այդ հանգույցները իրենց ֆունկցիաները պիտի կատարեն: Եթե ինչ-որ հանգույց իր ֆունկցիան չի կատարում, համակարգը կիսակաղում է, խնդիր է ունենում:

Հարց տվողը պետք է լինի ավագանին: Ես ինձ դնում եմ Տարոն Մարգարյանի տեղը, եթե չունենամ դրա պատասխանը, մյուս անգամ ավելի ձգված կլինեմ:

-Ի՞նչ արժեհամակարգ պետք է ունենա բարձրաստիճան պետական պաշտոնյան:

-Ամենակարևոր մարդկային որակը ազնվությունն ու նախաձեռնողականությունն է: Ազնվությունն ինքն իր անձի նկատմամբ: Եթե  դու ինչ-որ գործ կատարում ես, նախ ինքդ քեզ պիտի հաշվետու անես: Եթե պետական ծառայող ես, նշանակում է պետության մարդն ես ու պիտի ոչ թե անհատական, այլ հանրային շահեր հետապնդես: Դա այդպես է, ինքդ քեզ հետ պիտի ազնիվ ու ներդաշնակ լինես:  Եթե ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, այս ամբողջ արժեշղթան փլուզվում է:

Եվ ասեմ նախաձեռնողականությունն ինչի՞ համար է պետք: Ես միշտ իմ ուսանողներին ասում եմ՝ ամեն Նոր տարվան հարց տվեք՝ ինչը փոխվեց ձեր  կյանքում: Եթե ընդհանրապես ոչինչ չի փոխվել ձեր կյանքում, կներեք արտահայտությանս համար, ապա դուք հոգեպես մեռած եք:  Նշանակում է, որ դուք անտարբերության կորի վրայով շարժվում եք: Իսկ պետական  պաշտոնյան  պատասխանտու է ոչ միայն իր անձի,  այլև մի ամբողջ ժողովրդի համար ու իր ձախողումը մի ամբողջ ժողովրդի ձախողումն է: Երբ նավն ընկնում է փոթորկոտ ծովի մեջ, նավապետը միայն իր մասին չի մտածում, այլ թե ինչպես նավը փրկի,  նա պարտավոր է այդպես մտածել:

-Արդյո՞ք պետական պաշտոնյան կարող է հարստանալ՝ բացառապես աշխատելով պետական համակարգում:

- Եթե դու պետական պաշտոնի մարդ ես,  մեծ հարստությունների մասին պիտի չմտածես, դա կանոն է:  Եթե ուզում ես դառնալ միլիոնատեր, պիտի գնաս մասնավոր հատված: Սա է ճիշտ բանալին:  Թե հիմա նրանք կարող են, թե չեն կարող, ես չեմ կարող ասել:

Եթե բացառապես պետական գործունեությամբ ես զբաղվում, միայն աշխատավարձ ստանում, դա բարդ է: Ամբողջ աշխարհում է այդպես: Սակայն ամբողջ աշխարհի կառավարումը չի էլ սահմանափակում, որ պետական պաշտոնյան ունենա բաժնետոմսեր ու բաժնեթղթեր և կարողանա արդյունավետ կառավարել: Օրինակ, Թրամփը միլիոնատեր է,  բայց նա իր ամբողջ բիզնեսը տվեց հավատարմագրային կառավարման: Կարևորն այն է, քանի դեռ պաշտոնավարում ես, չպետք է հետապնդես բիզնես շահեր:  Եվ մեր ներդրած համակարգն էլ  հենց դրա թափանցիկությանն է ուղղված:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Back to the list