Check report status

Բիզնեսի ամենամեծ խոչընդոտը գողությունն է. Հարություն Մնացականյան

04.02.2017

Հարություն Մնացականյանը գյուղատնտեսության ոլորտում հաջողակ գործարարներից է. 2010 թվականից զբաղվում է ցորենի կարծր տեսակի՝ հաճարի առուվաճառքով: Ինչպես ինքն է նշում, առաջին քայլերը սկսել է վերավաճառքից, իսկ 2013 թվականից ցորենի այս տեսակի արտահանումներ է իրականացնում հիմնականում եվրոպական երկրներ: Հարություն Մնացականյանի հետ խոսել ենք բիզնեսի զարգացման խոչընդոտների մասին:

-Ըստ Ձեզ, այսօր Հայաստանում բիզնեսի զարգացմանը ի՞նչ գործոններ են խոչընդոտում:

-Ամենամեծ խոչընդոտնը գողությունն է՝  ամենացածր օղակից՝ արտադրությունից մինչև իրացում, ամբողջ շղթան ուղեկցվում է գողություններով: Տրակտորիստը դիզելային վառելիք է գողանում, կոմբայնավարը քաղելուց  ոչ միայն բերքը փչացնում է, մի բան էլ գողանում է, վերամշակողը մաղերով նորից գողանում է, խանութում արդեն թերակշռում են: Դա արդեն հայկական «ավանդույթ» է դարձել: Անընդհատ պիտի վերահսկես:

Ես մի գրառում էի արել Ֆիլիպի մասին, չգիտեմ՝ կարդացել ե՞ք: Նայեք  ձեր շուրջը, տաքսիստները կիլոմետրի մեջ խաբում են, խանութում ապրանքը թերակշռում են,  առաքիչը խանութին վատ որակի ապրանք է տալիս: Խաբեություն, գողություն: Ու բոլոր տեղերում է այդպես, դա ամենամեծ ախտն է:

«4 տարի առաջ մի սփյուռքահայ էր եկել Հայաստան, որոշել էր ներդրում անել, գյուղատնտեսությունը զարգացնել: Հողերի որակը ստուգելով համոզվեց, որ կարելի է x կուլտուրա աճեցնել: Գյուղացիները, որոնք ընդհանրապես վերջին տարիներին չէին մշակել իրենց հողը և ահագին հարկային պարտքեր կուտակել, իմանալով Ֆիլիպի վարձակալելու մտադրությունների մասին, արագ վարձը հասցրեցին շատ բարձր թվի՝ մոտ 50 000 դր հեկտարին: Ֆիլիպը համաձայնվեց և որոշեց օգնելու նպատակով ամբողջ գործը տալ գյուղացիներին: Օգնեց տրակտորիստներին վերանորոգել տասնյակ տարիներով չօգտագործած տրակտորները, կոմբայնավարի կոմբայնը և անցան գործի:
Տրակտորիստը հասկանալով, որ Ֆիլիպը վստահում է և չի հետևում, դիզվառելիք խնայելու ու գողանալու նպատակով վարեց 20 սանտիմետր խորության փոխարեն 10 սանտիմետր, իսկ 50 հա-ի փոխարեն 45 Հա:Մյուս տրակտորիստը սերմը գողանալու նպատակով, 1 հա-ի 200 կգ-ի փոխարեն ցանեց 160 կգ,մնացածը թափեց առանձին տեղ, գիշերն եկավ գողացավ: Ջրելու ժամանակ գումարը վերցնելով, ջրողները ջրերին միայն արտի կողային մասերը, իսկ կենտրոնական մասերը թողեցին այդպես՝ հաշվի առնելով, որ Ֆիլիպը ցեխի միջով չի մտնի կենտրոնը ստուգելու ջուր հասել է թե չէ: Բերքը հասնելուց հետո (ինչը բնականաբար ահավոր քիչ էր) Ֆիլիպի օգնությամբ ոտքի կանգնած կոմբայնավարը քաղելուց բերքի որոշ մասը թափեց գետին վրան խոտով ծածկեց ՝ գիշերը տուն տանելու նպատակով: Ստացված բերքը տարավ գյուղի փոքրիկ մոռացության մատնված արտադրամասը վերամշակելու,դե արտադրամասի տերը արդեն գիտեր, որ Ֆիլիպը, պարզ մարդ է վստահող, վերմշակելուց 10% ը մաղերի միջոցով գողացավ: Ֆիլիպը հուսահատված մնացած ապրանքը իջեցրեց հանձնելու խանութներին, որտեղ խանութների աշխատողները քաշի մեջ ահագին խաբեցին: Մի խոսքով Ֆիլիպը զզված հիասթափված, ահագին մեծ վնասներ կրելով վերադարձավ իր երկիր: Գնալուց մի քանի օր հետո խոսակցություն գյուղում.
-
Արա ջոկի՞ք էն խեղճ հարիֆի գլխին ոնց սարքին վերևներից, արա ձև չկա, սրանք մարդ են ուտում, չեն թողում մարդ լպտա, մի գործ անի, ասում են եկել էին փայ էին ուզել 50/50, նեղել էին: Արա դե ձև չկա էլի էս երկրում մի բան կարանաս անես, վարիանտ չեն թողում: Արա ախր ինչ վնաս էր տվել էդ անշառ տղեն, գորձ էր դրել էր, մենք էլ կողից կպցնըմ էինք աբրըմ էինք, օգտվըմ էինք:
Համընկնումները պատահական չեն»:

-Հիմնականում այսօր գործարարները բողոքում են հարկային, մաքսային մարմինների աշխատանքից:

-Ես ներկրում չեմ արել, միշտ արտահանում եմ արել և երբեք որևէ խոչընդոտի չեմ հանդիպել:   2013 թվականից սկսած մինչև հիմա արտահանում եմ և  չորս տարվա ընթացքում որևէ խնդիր չի եղել, արտահանումը կազմակերպվել է մաքսիմում չորս ժամվա ընթացքում: Ու նույն օրն էլ բեռը դուրս է եկել: Միգուցե ներկրման ժամանակ ինչ-որ խոչընդոտներ կան, բայց ես դրանց չեմ հանդիպել:

Իսկ հարկայինի հետ  կապված էլ  ասեմ, որ իմ բոլոր հարկերը պարտաճանչորեն վճարում եմ, հաշվետվությունները, փաստաթղթերը նորմալ ներկայացնում եմ, երբեք չեն նեղացրել: Իմ ֆիրման երբեք չեն ստուգել:  Գուցե իմ դեպքում մեծածախ է ու մի տեսակի ապրանքի առուվաճառք է, եթե ռիսկային խմբում լինեի, գային ստուգելու:

-Հիմնականում ո՞ր երկրներ եք արտահանում, կարծում եմ Ռուսաստանը պիտի որ դրա կարիքը չունենա:

-Ռուսաստան էլ եմ արտահանել, Իտալիա, Իսրայել:  Հոլադնիա մեկ անգամ փորձեցինք, հետո արդեն չուզեցին:

-Ըստ Ձեզ, ինչու՞  այլ գործարարներ չեն հաջողում, բողոքները շատ են:

-Առաջին, որովհետև մեր երկրում բացի մոնոպոլիաներից, բիզնեսմենները մտածում են լոկալ  մակարդակով: Լավ, եթե Հայաստանում լավ չէ, փորձեք արտահանել ձեր արտադրանքը: Եթե չեք կարողանում արտահանել, ուրեմն  ձեր պրոդուկտը լավը չէ:

-Ասացիք, որ առաջին խնդիրը գողությունն է: Ինչպե՞ս եք պատկերացնում դրա դեմ պայքարը:

-Լոկալ պայքարով ոչինչ չես կարող փոխել, իսկ լայնամասշտաբ պայքարի համար նորմալ լրատվամիջոցներ են պետք, նորմալ պրոպագանդա: Այսօր հեռուստացույցով տեսնում ես քրեական հեղինակությունների, որոնք դրական հերոսներ են ներկայացվում, իրարից գողանում են, որը դրական է դիտարկվում: Խորհրդային տարիներից մնացած հիմար մտածելակերպը՝ պետությունից գողանալու:

Բոլոր ոլորտներն են կոռումպացված: Հասարակ մանրավաճառից սկսած մինչև վերջին օղակներ...

Կոռուպցիան ոչ միայն բիզնեսի, այլ ցանկացած միջավայրի վրա ունենում է շատ մեծ բացասական հետևանքներ:

Երկրորդ ամենամեծ խնդիրը համատարած անգրագիտությունն ու դիլետանտնությունն է: Գյուղացին առանց հասկանալու զբաղվում է գյուղատնտեսությամբ, բնականաբար, պիտի տուժի,  որովհետև ճիշտ չի կարողանում կողմնորոշվել, կարդացած չէ, չի տիրապետում իրավիճակին: Եվ ունենք այն, ինչն ունենք:
Դա պրոբլեմ է: Դրա համար ես, ունենալով տնտեսագիտական կրթություն, այս տարի ընդունվել եմ ագրարային համալսարանի բույսերի պաշտպանության բաժինը, որովհետև չեմ կարողանում գտնել նորմալ մասնագետներ:

-Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը:

-Ես ամեն օր, անընդհատ աշխատում եմ, ես պարապ չեմ նստում: Արտահանումն էլ է աշխատանքի արդյունք, փորձում ես կապեր ստեղծել,  գնորդ գտնել, համոզել...

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

     

Back to the list