Bizprotect.am կայքի միջոցով «Կարա և Կարին» ՍՊԸ-ից ահազանգել են այն մասին, թե պետական գնումներին մասնակցելու համար որոշ ապրանքներին վերաբերյալ սահմանված չափանիշներն ավելի մեղմ են, քան խանութում վաճառելու համար անհրաժեշտ պահանջները:
«Դա պայմանավորված է ապրանքի որակի հետ: Փաստացի, պետական գնումներին կարող է մասնակցել ընկերություն, որը ավելի անորակ ապրանք է առաջարկում, քան մյուսները, սակայն, այդ նույն պատճառով, ավելի էժան գներով: Հետևաբար, հաճախ հաղթում են այնիսի ապրանքներ, որոնք շուկայում հիմնականում չեն վաճառվում: Օրինակ, որոշ ընկերություններ, որոնք մատակարարում են «Նարինե» պարունակող ապրանքատեսակ, որը խանութի չափանիշներին չի բավարարում և չի վաճառվում խանութում, հաղթում է միայն ավելի էժան գին առաջարկած ընկերությունը: Բացի այդ, օրինակ բերված օրինակում, սննդի անվտանգության հետ կարող է խնդիրներ առաջանալ, որովհետև ամենաէժան և անորակ ապրանքն է հաղթում: Ուստի, առաջարկում ենք, պետական գնումներին մասնակցելու համար ապրանքների չափանիշները այնպես կազմել, որպեսզի առնվազն համապատասխանեն խանութներում վաճառքի համար նախատեսված պահանջներին: Այսպես, նրանց որակը կբարձրանա, կբարձրանա նաև գինը, և հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր ընկերությունների համար»,-նշված է հաղորդագության մեջ:
Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն, «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:
Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել ֆինանսների նախարարություն։ Ի պատասխան ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ գրությամբ նախատեսված առաջարկը դուրս է գնումների ոլորտը կարգավորող դաշտից, նկատի ունենալով, որ այն վերաբերում է ստանդարտացման խնդրին, ինչպես նաև պատվիրատումների կողմից գնման առարկաների բնութագրերի հաստատմանը:
Պատասխանում նշվում է նաև, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի Օրենքի համաձայն նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները և որոշումները գնումների բողոքարկման խորհրդին: Ընդ որում, Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետով սահմանված է, որ եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները, ապա բողոքը ներկայացվում է մինչև հայտերի ներկայացմա վերջնաժամկետը:
«Այսինքն, եթե որևէ անձ, այդ թվում տվյալ ընթացակարգի մասնակիցն ունի անհամաձայնություններ հրավերի պահանջների հետ, ապա դրանց վերաբերյալ կարող է բողոք ներկայացնել ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ՝ մինչև հայտերի բացման վերջնաժամկետը լրանալը, իսկ վերջնաժամկետը լրանալուց հետո հարցը կարող է բողոքարկվել դատական կարգով»,- նշված է ֆինանսների նախարարության պաշտոնական պատասխանում։