Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68․000 դրամ է։ Սա սահմանված է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով։
Այս օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը․
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ:
Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով ՀՀ օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
4-րդ հոդվածի համաձայն՝ նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: