2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ և օրենքներում կատարված լրացումներ և փոփոխություններ։
Iravaban.net-ը ներկայացնում է ուժի մեջ մտած փոփոխությունները։
1․Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսվա փոխարեն սահմանվել է 18 ամիս: Օրենքի գործողությունը տարածվելու է 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա: Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
2․Աշխատանքի ընդունման կամ աշխատանքից ազատման բոլոր դեպքերում գործատուների և աշխատողների համար պարտադիր կկիրառվեն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը։ Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի հետ կապված բոլոր գործառույթները գործատուներն իրականացնում են «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Թվային համակարգը գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները։
3․ 2026 թվականի հունվարի 1-ից քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ից նախագործարկվել է քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգը։
4․ 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։
Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
5․ Ուժի մեջ կմտնի «Կատարողական վարույթի մասին» նոր օրենք, որը խիստ անհրաժեշտություն է և բխում է Դատական իշխանության բարեփոխումների 2023-2026թթ․ ռազմավարությունից։
Նոր օրենքը սահմանում է, որ Կատարողական վարույթը Վարչական վարույթի տարատեսակ է, այսպիսով հստակեցնելով դրա իրավական բնույթը, սահմանվել է պարտապանի կողմից գույքի տնօրինման թույլատրելի եղանակները։
Օրենքը սահմանում է նաև Հարկադիր աճուրդը ոչ իրավաչափ ճանաչելու մեխանիզմները։ Ներդրվել են մեխանիզմներ ոչ դրամական պահանջներով կատարողական վարույթներում պարտավորության կատարումը երաշխավորելու համար, ինչպես նաև ամբողջությամբ փոփոխվել է կատարողական ծախսի բռնագանձման ինստիտուտը։
6․Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։
7․Կառավարության նոր որոշմամբ, եթե Թուրքիայի քաղաքացին ունի դիվանագիտական, հատուկ կամ ծառայողական անձնագիր, ապա փոխադարձության պայմանով նա կարող է E-VISA-ով մինչև 21 օրով այցելել Հայաստան՝ առանց որևէ պետական տուրք վճարելու։
8․ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կգործի հետվճար՝ 2%-ի չափով։
Անձը համարվում է շահառու, եթե՝
9․ Ներքին գործերի նախարարության կողմից կգործարկվի մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի գործառույթները։
Նախատեսվող բարեփոխման նպատակը առավել օպերատիվ և արագ արձագանքման գործընթաց, համապատասխան գերատեսչությունների միջև տեղեկատվության արդյունավետ և անխափան փոխանակում ապահովելն է, ինչպես նաև կամրապնդվի փոխգործակցությունը՝ ստեղծելով առավել համակարգված և միասնական կառավարման միջավայր։