Check report status

Այս տարվա ընթացքում ներմուծման մաքսատուրքից կազատվի 15 հազար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

12.01.2026

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։ Այս մասին https://bizprotect.am/-ը տեղեկանում է Պետական եկամուտների կոմիտեից։

Կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ընդհանուր 15 000-ից 3000-ը հատկացվում է բացառապես անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտներին, իսկ 12 000-ը՝ այլ սուբյեկտներին (այդ թվում՝ ֆիզիկական անձանց)։

Միաժամանակ, նախատեսվում է նաև վերոնշյալ 3000 էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների չսպառման դեպքում՝ մնացորդը վերաբաշխել այլ սուբյեկտների միջև։

Նշենք,  որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 22-ից և կտարածվի նույն օրվանից ձևակերպված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Back to the list