Նորարարական հարթակ՝ փոքր և միջին բիզնեսի խոչընդոտները վերհանելու և զարգացման հնարավորություններ ստեղծելու համար. bizprotect.am կայքը հնարավորություն է տալիս նաև անուն ահազանգեր ներկայացնել կոռուպցիոն ռիսկերի և այլ խնդիրների վերաբերյալ: Այսօր ինովացիոն այս կայքը ներկայացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան (ԻՏՁՄ) Արկադի Սահակյանը՝ «Պետական գնումների ոլորտի օրենսդրական վերջին փոփոխությունների և խնդիրների ու ռիսկերի ներկայացում» միջոցառմանը:
ԻՏՁՄ փոխտնօրեն Սեդրակ Վարդանյանը ներկայացրեց, որ միջոցառումը կազմակերպվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ԵԲԱ) կողմից: Ծրագրի շրջանակներում գործարկվում է նաև bizprotect.am կայքը:
ֆինանսների նախարարության Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման բաժնի պետ Վահե Մահտեսյանը ներկայացրեց գնումների ոլորտում օրենսդրական փոփոխությունները, որոնք ուղղված են եղել ինչպես սկսնակ, փոքր և միջին բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Օրինակ, նորաստեղծ կամ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ներկայացուցիչներին ավելի մեծ հնարավորություն կունենան մասնակցելու պետական գնումների մրցույթներին և պետությանը ապրանքներ ու ծառայություններ մատուցել. այսուհետև մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ գնումների դեպքում որակավորման չափանիշներ չեն լինի:
Գնման մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը գրեթե կիսով չափ կրճատվել է: Նաև բոլոր փաստաթղթերի օրինակելի ձևերը հրապարկվում են, որպեսզի մասնակիցները ավելորդ դժվարություններ չունենան:
Վ. Մահտեսյանի խոսքով, ներկայումս մեծ թափով զարգանում է էլեկտրոնային գնումների ոլորտը. այժմ խոշոր պատվիրատու պետական կառույցներն ու հիմնադրամները (օրինակ, համալսարանները) գնումներ կատարում են էլեկտրոնային կերպով: Ներկայումս աշխատանքներ են տարվում հնարավորինս մեծ թվով պատվիրատուներ այս համակարգում ներառելու ուղղությամբ:
Էականորեն փոփոխվել է բողոքարկման ոլորտը: Այսուհետև, ի տարբերություն նախկինի, երբ բողոքը քննում էր հանձնաժողովը, որում ընդգրկված էին թե պետական, թե հասարակական կազմակերպություններից անդամներ, այժմ բողոքները կքննվեն միանձնյա: Բողոքարկման հանձնաժողովը կազմված կլինի երեք հոգուց: Այս դրույթի վերաբերյալ, երբ բողոքը պետք է քննի մեկ հոգին, ներկաները որոշակի ռիսկեր մատնանշեցին:
Նախատեսվում է մինչև հունիսի վերջ ներկայացնել gnumner.am նոր կայքը, որն ավելի պարզ և մատչելի կառուցվածք կունենա, քան ներկայիս գործող կայքն է:
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: