Check report status

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ՀՀ-ում արժույթով գործարքների իրականացման մասին

05.08.2017

Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում արժութային գործարքների կնքման կարգն ու պայմանները, արժութային արժեքների տնօրինման, տիրապետման և օգտագործման դեպքերը, կարգն ու պայմանները, ինչպես նաև կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում արժութային կարգավորման ու վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:

Վերը նշված օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների վճարումների, գույքի գնահատման և աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դրամական (փողային) գնանշումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածքում ռեզիդենտների միջև ապրանքների (գույքի) իրացման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, գույքի օգտագործման դիմաց փողային վճարումները, ներառյալ` ֆինանսական գործառնությունների դիմաց վճարվող տոկոսավճարները, և իրավունքի կամ արտոնության իրականացման կամ տրամադրման դիմաց տրվող հատուցումները, ապահովագրավճարներն ու ապահովագրական հատուցումները ընդունվում են և իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց կանոնադրական և բաժնեհավաք կապիտալում դրամական (փողային) ներդրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել և տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետևյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի և լուսավորման, կանգառների կառավարման, շարժական և մեխանիկական սանդուղքների ներդրման և գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն).

բ) ուղևորի, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկում և հաշվառում.

գ) ավիացիոն անվտանգության և օդանավերի պահպանման ծառայություններ.

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.

ե) վառելիքի և հեղուկների մատակարարում.

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.

է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.

ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավիղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն մասում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղևորների, բեռի և փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:

Անկանխիկ վճարումներ նախատեսող և գրավոր ձևով կնքված պայմանագրերում գնանշումները կարող են կատարվել արտարժույթով, եթե այդ պայմանագրերը կնքվել են իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռեզիդենտի և իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ոչ ռեզիդենտի միջև:

Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների գնանշումները կամ վճարումները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու շահագործողների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) միջև կատարվող գործարքների գնանշումները կամ անկանխիկ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից, կարող են իրականացվել նաև ազատ փոխարկելի արտարժույթով:

Սույն նյութը հրապարակվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպականմիության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում էԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրըհանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00

  • ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199,
  • ք. Կապան, Ա. Մանուկյան 1/72, հեռախոսահամար 285 52511,
  • ք. Վանաձոր, Վարդանանց 82/1, հեռախոսահամար 322 22317,
  • ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1/2, հեռախոսահամար 312 58236,
  • ք. Գավառ, Բոշնաղյան 56/7, հեռախոսահամար 264 25503 ։
Back to the list