Կորպորատիվ կառավարման համակարգում կորպորատիվ քարտուղարն առանցքային անձ է, ում առաքելությունը ընկերության կառավարման արդյունավետության բարձրացումն է:
Կորպորատիվ կառավարման համակարգում կորպորատիվ քարտուղարի դերերի պատշաճ իրագործումը ենթադրում է բազմաբնույթ գործառույթների իրականացում և խնդիրների լուծում: Միաժամանակ հարկ է նշել, որ կորպորատիվ քարտուղարի գործառույթների և խնդիրների ծրջանակը որոշվում է կոնկրետ ընկերության առանձնահատկություններով (նրա չափերով, զարգացման փուլով և տեմպերով, ճյուղային պատկանելությամբ, սեփականության կառուցվածքով), ինչպես նաև ընկերության կողմից կորպորատի կառավարման սկզբունքների կարևորման աստիճանով:
Պայմանականորեն կորպորատիվ քարտուղարի գործառույթները կարելի է բաժանել երկու խմբի.
Հեղիանակային գործառույթ. կորպորատիվ քարտուղարի ներկայությունը ընկերությունում հանդիսանում է կորպորատիվ բրենդի տարր և վկայում է այն մասին, որ ընկերությունը բաց և պատրաստ է հաղորդակցվել իր շահառուների հետ: Այսինքն՝ ընկերությունում նման պաշտոնի ձևավորումը ընկերության շահառուների համար ազդակ է առ այն, որ ընկերությունը ստանձնել է կորպորատիվ կառավարման համակարգը բարելավելու հանձնառություն, որպես զարգացման ուղենիշ ընդունում է իր շահառուների սպասումները, աշխատում է նվաճել նրանց վստահությունը, կառավարել իր ռիսկերը և ամրապնդել իր գործարար հեղինակությունը:
Կառավարչական գործառույթ. կորպորատիվ քարտուղարը հետևում է ընկերության իրավական համապատասխանությանը, այսինքն՝ նրա գործունեությունն ուղղված է օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին իրավական ակտերի դրույթների պահպանմանը: Սա ձևավորում է կառավարման ոճ, կոնկրետ ընկերությանը հատուկ կորպորատիվ մշակույթ, որն էլ իր հերթին ապահովում է ընկերության կորպորատիվ նույնականությունն ու ինքնությունը: Ռազմավարական կողմնորոշում ունեցող քարտուղարներըմեծ ներդրում ունեն ընկերության կառավարման համակարգը բարելավելու հարցերում:
Աղբյուրը՝ «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» աշխատություն
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։